Ամենից օգտակար հատկությունները՝ նարնջի հյութի մասին
ՀասարակությունՆարնջի 100%-անոց հյութը նվազեցնում է կալորիաների ընդունումը՝ այդ կերպ օգնելով նիհարել: Այս մասին է վկայում կանադացի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Nutrients ամսագրում։
Մրգային հյութերը սննդանյութերով, բնական շաքարներով, մանրաթելերով, միկրոտարրերով ու կենսաակտիվ միացություններով հարուստ հիանալի այլընտրանք են, որոնցով կարելի է փոխարենել ամբողջական մրգերը, սակայն շատերը, վախենալով ճարպակալումից, խուսափում են դրանց գործածությունից։
Գիտնականների նոր հետազոտությանը մասնակցել է 18-45 տարեկան 34 ոչ գեր մարդ, որոնց մասնագետները խնդրել են խմել մեկ բաժակ նարնջի բնական հյութ, ջուր կամ սախարոզա պարունակող նարնջի պատրաստի հյութ: Նարնջի 100%-անոց հյութի գործածությունը հանգեցրել է օրական օգտագործվող կալորիաների նվազեցման մոտ 420 կկալով: Բացի այդ, այն նաև շատ ավելի քիչ էր բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, քան սախարոզա պարունակող ըմպելիքը:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ 100%-անոց նարնջի հյութ խմելը կարող է օգտակար լինել և պաշտպանել ճարպակալումից: Այնուամենայնիվ, այս եզրահանգումները պետք է հաստատվեն նաև տարեցների ու երեխաների մասնակցությամբ գիտափորձերի միջոցով, քանի որ նրանց օրգանիզմների արձագանքը կարող է տարբերվել երիտասարդների օրգանիզմի արձագանքից: