Ինչ է կատարվում «Դելոյի տանը», շուտով կիմանան բոլորը
Մշակութային«Իրավունք»-ի զրուցակիցն է դերասան ՎԱՀԱԳՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ՝ ԴԵԼՈՆ, ով թերեւս մեզ պատահած դերասաններից ամենաքչախոսն էր, սակայն, այնուհանդերձ, սիրով պատասխանեց մեր հարցերին:
«ԵՍ ՉԵՄ ԸՆՏՐԵԼ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԺԱՆՐԸ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՆՔՆ Է ԻՆՁ ԸՆՏՐԵԼ»
— Դուք պահանջված եւ սիրված դերասան էիք հայրենիքում, ի՞նչը ստիպեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
— Եղանակը, այստեղ լավ եղանակ է:
— Փաստորեն, հումորը Ձեր չեք կորցրել… Ինչո՞ւ հենց հումորային ժանր: Արդյո՞ք ավելի դժվար չէ ծիծաղեցնել այսչափ պահանջկոտ հայ հեռուստադիտողին:
— Ես չեմ ընտրել հումորային ժանրը, ավելի շատ ինքն է ինձ ընտրել: Ստացվում է, թե՝ ոչ, կարծում եմ՝ այդ պահանջկոտ հանդիսատեսը ավելի լավ կպատասխանի:
— Ձեր որդին՝ Քրիստոն, արդեն ոչ պակաս հայտնի է հայրիկից: Արդյո՞ք կընտրի Ձեր ճանապարհը:
— Իմ որդին իր որոշումների մեջ ազատ է, եւ ինքը կորոշի, թե որ ճանապարհը կընտրի: Թերեւս ավելի կմեծանա, ավելի պարզ կլինի:
«ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼ»
— «Papa and Christo» ձեւաչափով նոր նախագծեր կլինե՞ն:
— Սա ձեւաչափ չէ, ավելի շատ միայն անուն է, ու կարծում եմ՝ նմանատիպ մի նոր բան կլինի:
— Կբացե՞ք փակագծերը:
— Շուտով նոր ծրագիր կլինի, որը կհեռարձակվի ամերիկահայկական հեռուստատեսություններից մեկում, իսկ Հայաստանի հեռուստադիտողը այն կարող է համացանցով դիտել՝ ժամանակները մեզ դա թույլ են տալիս: Նոր նախագծի անունն է «Դելոյի տունը», որը շուտով կարող են դիտել բոլորը:
— Ի դեպ, ԱՄՆ-ում տպավորություն է, թե բոլորն անառողջ ապրելակերպ են վարում, սակայն Դուք ակտիվ մարզվում եք եւ միաժամանակ պրոպագանդում առողջ սննդամթերք: Ի՞նչը բերեց Ձեզ այս կետին:
— Քանի որ մայրս ասոցացվում է առողջ սնվելու եւ առողջ ապրելու հետ, ինքը մեզ բերեց այդ մտքին, ու այժմ մենք՝ ե՛ւ սննդամթերքի, ե՛ւ առողջության պահպանման տեսքով ներկայացնում ենք մարդկանց, որ կարելի է եւ պետք է առողջ ապրել:
«ԱՓՍՈՍ ՈՒ ԻԶՈՒՐ, ՈՐ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԵՂԱՎ, ՇԱ՜Տ ԱՓՍՈՍ…»
— Հայրենիքից Ձեր մեկնելուց հետո շատ բան փոխվեց Հայաստանում՝ պատերազմ, կորուստներ, զիջումներ… Ի՞նչ մտահոգություններ ունենք այս ամենի վերաբերյալ:
— Հայաստանի հետ կապված բոլոր իրադարձություններն ինձ համար մի բնորոշում ունեն՝ շատ տխուր է ամեն բան: Ափսոս ու իզուր, որ այդ ամենը եղավ: Շա՜տ ափսոս:
— ԱՄՆ-ում բնակվող հայ արվեստագետների շրջանում ի՞նչ տրամադրություններ կան հայաստանյան իրողությունների վերաբերյալ:
— Անկեղծ ասած, ես շատ քիչ մարդկանց հետ եմ այստեղ շփվում ու շփվելուց էլ չեմ հարցնում՝ ով ինչ վերաբերմունք ունի Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ես այս թեմայով չեմ ցանկանում խոսել, որովհետեւ ասելու բան էլ չկա…
— Զրույցն ամփոփենք դրականով եւ կրկին վերադառնանք հումորին. ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայաստանյան հեռուստաէկրաններից մատուցվող հումորը:
— Հայաստանյան հումորը միշտ էլ եղել է ե՛ւ լավը, ե՛ւ վատը: Ժամանակի ընթացքում, ժամանակի հետ փոխվել են նաեւ հումորի տեսակները, որովհետեւ զարգացել է համացանցը, որտեղ հումորը միայն խոսքի տեսքով չէ, այլ նաեւ ցույց տալով է դարձել: Ամեն դեպքում, ես գնահատական տալ չեմ կարող: Շատ բաների վրա ծիծաղում եմ, շատ բաների վրա՝ լացում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ