Թե ինչու Բայդենը կորոնավիրուս ընկավ
ՎերլուծությունՀայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի ֆոնին` ԱՄՆ-ում շարունակում է սրվել մի իրավիճակ, որն ավելի ու ավելի է համոզում, որ այս պահին Վաշինգտոնը հաստատ Հայաստանով զբաղվելու ժամանակ ու հավես չունի: Չնայած, այս նոր շունչը բոլորից էլ լավ զգացել էին վրացիները. ըստ Բիձինա Իվանիշվիլու, պետք է մի կերպ դիմանալ մինչեւ գալիք հունվար, երբ կփոխվի ԱՄՆ նախագահը, կավարտվի ուկրաինական պատերազմը, որից հետո. «Գլոբալ եւ տարածաշրջանային շահերը կփոխվեն»:
Այս ընթացքի մեծ հաստատումը դարձավ այն, որ արդեն անգամ ամենաթունդ դեմոկրատներն են վստահաբար պնդում, որ Բայդենը հաղթելու որեւէ շանս չունի: Օրինակ, Ալենի կողմից այդքան սիրված, երդվյալ դեմոկրատ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ըստ CNN-ի, վստահ է, որ Բայդենը Թրամփին հաղթելու որեւէ շանս արդեն չունի:
Եվ այն, որ այս թեժ պահին հանկարծ պարզվեց, որ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, հետաքրքիր պատմություն էր: «Խեղճ» Բայդեն, ինչպե՞ս հաջողեցրեց այս թարս պահին չեղած կորոնավիրուսով վարակվել, նման էլ «պատահականությո՞ւն»: Իսկ ավելի լուրջ` նման է, որ «կորոնավիրուսով վարակվելու» բացատրությամբ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից: Միայն թե ումո՞վ են նրան փոխարինելու, որ հասցնեն «աճեցնել» մինչ ընտրությունները, դա է դեմոկրատների մեծագույն խնդիրը:
Իսկ ահա հանրապետականները մեծացնում են ճնշումը: Բանը հասել է նրան, որ Հանրապետական կուսակցության համագումարի ամբիոնից հայտնի ձեռնարկատեր Դեյվիդ Սաքսը հայտարարում է. «Բայդենը սադրեց, այո, սադրեց ռուսներին ներխուժել Ուկրաինա՝ խոսելով ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին… Պատերազմն արդեն երրորդ տարին է, եւ վերջը չի երեւում։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին։ Մեր հարկատուների հարյուրավոր միլիարդավոր դոլարներն անհետացել են: Նախագահ Բայդենը մեզ վաճառեց այս նոր հավերժ պատերազմը՝ խոստանալով, որ այն կթուլացնի Ռուսաստանը եւ կուժեղացնի Ամերիկան։ Իսկ ինչպիսի՞ն է դա այսօր: Ռուսաստանի զինված ուժերն ավելի մեծ են, քան նախկինում, մինչդեռ մեր սեփական պաշարները վտանգավոր սպառվում են։ Ամեն օր էսկալացիայի նոր կոչեր են հնչում, եւ աշխարհը սարսափած հետեւում է, թե ինչպես Ջո Բայդենի խելագար քաղաքականությունը մեզ հասցրել է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»:
Նման խոսքեր հնչեցնողներին դեռ միայն վերջերս անմիջապես կներկայացնեին, որպես Պուտինի գործակալներ, երեւի քրեական գործ էլ կհարուցեին: Իսկ այսօր Դեյվիդ Սաքսին ոչ միայն Կրեմլի շպիոն չեն անվանում, այլ համագումարի բոլոր պատգամավորները ծափահարում են: Եվ 90 տոկոս հավանականությամբ այդ ծափահարողներից շատերը վաղը կդառնան իշխանություն։ Անգամ «Պուտինի ընկեր» Թակեր Կառլսոնը, ով համագումարում նստած էր Թրամփի աջ կողմում եւ, ըստ լուրերի, կարող է զբաղեցնել Սպիտակ տան խոսնակի պաշտոնը:
Այսինքն, բոլորիս աչքի առաջ աներեւակայելի թվացող շրջադարձ է տեղի ունենում։ Բայց ասել, թե ամերիկյան հանրապետականները հենց այնպես են դարձել ռուսասեր, ծիծաղելի կլիներ: Իհարկե, կա այն գործոնը, որ Բայդենը, ավելի կոնկրետ` նրա թիկունքին կանգնած մեծ ուժերը, չցանկանալով ձեռքից բաց թողնել դոլարի մոնոպոլիան, գնում են այս աննախադեպ սրացումներին: Բայց ահա Թրամփն ու նրա թիկունքին կանգնած ուժերը, որոնք ներկայացնում են իրական տնտեսությունը, ավելի իրատեսական են՝ հասկանալով, որ հիմնական խնդիրն իրենց համար Ռուսաստանը չէ: Եվ, իհարկե, այն, որ Թրամփի փոխնախագահի թեկնածու դարձած սենատոր Վենսը, հազիվ այդ դիրքում հաստատված, միանգամից սկսեց հարվածներն ուղղել Իրանի եւ Չինաստանի ուղղությամբ, իհարկե, պատահական չէ: Ներկա իրավիճակն ամենաշահավետը հենց Չինաստանի համար է, եւ արդեն ամեն օր ու ժամ ԱՄՆ-ն կորցնում է տնտեսական առաջատարի իր դիրքերը: Դիրքերն արդեն զիջել է ԱՄՆ-ի գլխավորած G7-ը. ԲՐԻԿՍ-ն արդեն նկատելիորեն առաջ է, իսկ աշնանը, եթե միանան 30 հավակնորդներից նոր անդամներ, առաջատարությունն ավելի ցցուն կդառնա: Ընդ որում, ուկրաինական պատերազմի պատճառով, որը էական տնտեսական հարվածներ հասցրեց եւ հասցնում է արեւմտյան բլոկին:
Կարճ ասած, Թրամփը պետք է շատ արագ սրի չինական ուղղությունը, նաեւ փորձելով ինչ-որ կերպ չեզոքացնել Իրանին: Սրա համար անհրաժեշտություն է ուկրաինական պատերազմն ավարտել: Չնայած, այստեղ էլ բազում հարցեր մնում են: Անգամ ուկրաինական պատերազմի ավարտի դեպքում չկա որեւէ նախանշան, որ ԱՄՆ-ին կհաջողվի փլուզել առաջին հերթին Մոսկվա-Պեկին դաշինքը: Կամ ռեալ հարված հասցնել Իրանին, որը ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մեջ է այդ դաշինքի հետ: Պայմանավորվել, սակայն, կարող է, բայց հեգեմոնի դիրքից հրաժարվելով: Ընդ որում, նման ուրվագծումներ Թրամփի նախընտրական ծրագրերում նկատվում են, եւ այս ֆոնին Վենսի նման տոնայնությունն ավելի նման է հակառակ կողմին բանակցությունների տրամադրելուն:
Չնայած, առաջ չընկնենք՝ հետեւելով, թե Բայդենի հանկարծահաս կորոնավիրուսն ի՞նչ նոր իրավիճակ է առաջ բերելու, դեմոկրատներից մի վերջին քայլ դեռ պետք է սպասել: