Ժողովրդավարությո՞ւն, չէ, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱպշելու աբսուրդ իրավիճակում է հայտնվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Նա արդեն 2.5 տարի է, ինչ անազատության մեջ է: Դատավորն ասել է՝ մինչեւ բոլոր վկաներին չլսենք, խափանման միջոցը չի փոխվի, իսկ իր գործով 162 վկա կա: Արզումանյանին վերջերս այցելել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրանց հետ զրույցում վերջինս նշել է. «Փաստաբանս հաշվել է, որ 13.5 տարի հետո նոր վկաների ցուցմունքները կվերջանան, իսկ այն հոդվածը, որը մեղսագրվում է, ամենաշատը 13 տարին է»: Սա է նիկոլական Հայաստանի արդարադատությունը: Ժողովրդավարությո՞ւն, չէ, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել:
Ամեն ինչ տեսել էինք, բայց չէինք տեսել, որ թունդ ընդդիմադիրի բարեկեցության մասին անձամբ հոգա կառավարությունը: Պարզվում է՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ, ով ստորագրություններ հավաքելով ու վկայականներ բաժանելով իբրեւ Արցախն էր փրկում, կառավարությունից ստացել է 4 միլիոն դոլարի սուբսիդիոն վարկ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա որոշել է ելակ ու մորի աճեցնել Արա լեռան ստորոտին: Համենայնդեպս, այս մասին պնդում է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը: Այստեղ զարմանալին այն չէ, որ Չալաբյանը Արցախը փրկելը թարգել, բիզնեսով է զբաղվում, այլ այն, թե այս ի՞նչ սեր ու հանդուրժողականություն է տածում Փաշինյան Նիկոլի կառավարությունն՝ առ ընդդիմադիր Չալաբյան:
Դե քանի որ կառավարությունն ու Ավետիք Չալաբյանն են արդեն իրար հետ լեզու գտել, էլ ոչինչ չի մնում անել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻՆ, քան մի քիչ էլ իշխող ՔՊ-ին «բշտել»: Ի զարմանս ամենքի՝ Իոաննիսյանը հայտարարել է, թե Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրն արդեն ՔՊ-ն է: Թե ինչպես է հիմնավորում ասածը, մեջբերենք. «Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախ թեկնածու տեսնելիս վերջին պահին հորինում են, որ այդ մարդը կոչ է արել վարչապետին քարով խբել (հետո պարզվում է, որ խոսքը հումորային գրառման մասին է)... Ժողովրդի լեզվով ասած՝ պարկեշտ մարդու մասին, կներեք, «մուտիտ ֆռռացնելով» կանխում են այդ մարդու ընտրվելը հակակոռուպցիոն պաշտոնում: Կոռուպցիայի աղբյուրը այն պատգամավորներն են, որոնք ԿԳՄՍ նախարարից դժգոհում են, քանի որ չեն կարողանում իր միջոցով յուրային ՔՊ-ականներին դպրոցների տնօրենների աթոռներ բաժանել... Ու այդ դժգոհության ֆոնին պարկեշտ նախարարի մասին աշխարհիս ստերը հորինում-տարածում: Կոռուպցիայի աղբյուրը իշխող այն պատգամավորներն են, որոնք աջ ու ձախ գլուխ են գովում, որ պարեկը իրենց չկարողացավ տուգանել, եւ ուրախ են այդ դրվածքից: Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք հեռախոսի ու այլ ապրանքների ներմուծման բիզնեսներ են «կռիշավատ» անում: Ու երբ իրենց ընկերոջ ապօրինի բիզնեսի հետեւից գալիս է ՊԵԿ-ը՝ սկսում են ստեր շրջանառել ՊԵԿ նախագահի մասին»: Ահա, թե ինչ է լինում, երբ Իոաննիսյանի սրտի ԿԿՀ անդամի թեկնածուին՝ Վաղարշ Աղաբեկյանին Ազգային ժողովը չի ընտրում: Այո, այդ դեպքում նա անխնա «կերգի» ճշմարտությունը ՔՊ-ի մասին:
Զարմացած է «Իրավունք»-ը