ՀՀ-ն տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը
ՆերքաղաքականՀայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։ ԲՐԻԿՍ–ի 10–րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:
«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,– հայտարարել է Ռուբինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:
«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,– ասել է Ռուբինյանը: