Ո՞րն է մեր դերակատարությունը, քանի դեռ չեն բացված փակագծերը. Պարույր Հայրիկյան
ՏեսանյութերՆախորդ շաբաթ տեղի ունեցած քաղաքական ուժերի եւ Բագրատ սրբազանի միջեւ հանդիպումը նախատեսվում էր, որ պետք է ավարտվի քաղաքական խորհրդի ձեւավորմամբ, սակայն այն չձեւավորվեց: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:
— Պարոն Հայրիկյան, քաղաքական ուժերի հետ Բագրատ սրբազանի հանդիպումն ի՞նչ արդյունքներ գրանցեց:
— Պիտի արձանագրեմ, որ հանդիպմանը գնալուց առաջ փորձում էի պատկերացնել, թե արդյոք հնարավոր է միանգամից 30-ից ավելի քաղաքական ուժերի կողմից համաձայնության գալ քաղաքական խորհուրդ ձեւավորելու մասին, ու չէի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր: Ու հարցը նույնիսկ տարակարծությունները չեն, այլ հարցը վերաբերում է նախ նպատակադրմանը, թե մենք, որ ի մի ենք եկել աջակցելու ժողովրդի մի զգալի մասի հավանությանն արժանացած շարժմանը, ո՞րն է մեր դերակատարությունը, այն էլ` որպես քաղաքական խորհուրդ, քանի դեռ չեն բացված փակագծերը: Ի՞նչ է նշանակում ճշմարտությանը հավատարիմ լինել, ի՞նչ է նշանակում քաղաքակրթական, հատկապես ի՞նչ է նկատի ունենում սրբազանը, երբ ասում է` արժեքների պայքար: Այնպես որ, ինչ հանդիպմանը տեղի ունեցավ, ինձ համար սպասելի էր: Այսինքն` պարզապես, սա դարձավ մի նախնական քննարկման փուլ:
— Փաստորեն, քաղաքական խորհուրդ ձեւավորելու հարցում ներկա քաղաքական ուժերը կոնսենսուսի չեկա՞ն:
— Բնականաբար, չէր էլ կարող ձեւավորվել, որովհետեւ նախ պետք է ունենայինք ձեւավորման կարգ` ընտրությամբ, հավանությամբ: Ու քանի որ այդ ամենի վերաբերյալ առաջարկվեց նախագծեր ներկայացնել, կարծում եմ` հաջորդ փուլում այն ավելի նպատակասլաց կարելի է կյանքի կոչել: Չնայած` մյուս կողմից մի ուրիշ խնդիր էլ կա, խոսքը վերաբերում է նրան, որ շարժումը պետք է արագ գործի, իսկ այս գործելաոճը կասեցնող է, որը շահեկան չի լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ