Նիկոլազգիները նյուվասյուկիի ոճով
ՎերլուծությունԵրեւանի 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երեւանը դառնալու է սմարթ քաղաք, այսինքն` հայերեն ասած` խելոք քաղաք:
Մինչ Ավինյանը արտաբերում էր Օստապ Բենդերին բնորոշ այդ մտավարժանքները, արդեն երկու օր է, ինչ չի աշխատում Ազգային ժողովի մոտ գտնվող Բաղրամյան պողոտա Դեմիրճյան խաչմերուկի լուսացույցը` ստեղծելով երթեւեկության լուրջ խափանումներ: Եթե, իհարկե, Ավինյանը հատուկ չի կարգավորում հարցը, որպեսզի նյարդայնացնի Ալենին, որն ամեն անգամ Աժ գալիս խախտում է երթեւեկության կանոնները եւ իր թանկարժեք մեքենայով ու ուղեկցողներով խցկվում երթեւեկության մեջ:
Սակայն ի՞նչ նպատակ է հետապնդում Ավինյանը, երբ սկզբունքորեն չի վերանորոգում Երեւանի փողոցները, որոնք ամենուրեք «զարդարված» են մեծ փոսերով:
Բազմիցս գրվել է նաեւ Երեւանի ստորգետնյա անցումների մասին, որոնք նմանվում են կա՛մ հասարակական զուգարանի, կա՛մ արեւելյան կեղտոտ շուկայի: Բարեկամություն մետրոյի կայարանի մոտ գտնվող ստորգետնյա անցումն արդեն անցում անվանելն էլ դժվար է: Առեւտրականները այնքան են լցրել իրենց ապրանքները` զբաղեցնելով անցումը, որ մարդիկ ստիպված խցկվում են մի կերպ այդտեղով անցնելու համար: Իսկ կեղտը, հակասանիտարական վիճակը ու գարշահոտությունը այդ անցումից անպակաս են: Էլ ավելի անմխիթար ու զուգարանային վիճակում է Մաշտոցի պողոտայի «Ձկան խանութի» մոտ գտնվող գետնանցումը, որն իսկապես վերածվել է զուգարանի, քարուքանդ վիճակում է, ու սա մայրաքաղաքի ամենասրտում: Այսինքն` Ավինյանը ոչ միայն նոր ստորգետնյա անցում կառուցել ի վիճակի չէ, այլ անգամ չի կարող սովետական երանելի ժամանակներից իրեն ժառանգություն մնացած գետնանցումները պահել քիչ թե շատ նորմալ վիճակում:
Մենք արդեն մի քանի անգամ գրել ենք Հյուսիսային պողոտայի մոտ գտնվող լքված նկուղների խնդրի մասին, որոնք ոչ միայն դարձել են աղբանոց եւ զուգարան, այլեւ վտանգավոր են անցորդների համար, քանի որ ցանկապատը վաղուց հանվել է:
Առանձին կարելի է խոսել Երեւանի փողոցների գծանշման մասին, ինչը կա՛մ չի կատարվում, կա՛մ եթե կատարվում է, ապա օգտագործվում է ջրաներկ, որը գծանշելուց հետո հաջորդ օրը ջնջվում է: Դե, փողն էլ երեւի իրար մեջ կիսում են:
Այնպես որ, Ավինյան, չենք ուզում, ո՛չ քո սմարթ, ո՛չ էլ որեւէ այլ մոդայիկ անվանմամբ քաղաք: Ուզում ենք նորմալ, մաքուր, անվտանգ Երեւան: Բայց դե դուք` նիկոլազգիներդ, դա ապահովել չեք կարող: Հետեւապես` ուզում ենք Երեւան առանց նիկոլազգիների:
ՆԻԿՈԼՆ ԷԼ ՀԵՏ ՉՄՆԱՑ ԱՎԻՆՅԱՆԻՑ
Դե ինչպես կարող էր Նիկոլ Փաշինյանը հետ մնալ իր ներկուսակցական գլխավոր մրցակցից: Նա էլ, հետ չմնալով Ավինյանից, երեկ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաքի» ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: Ու թքած այն փաստի վրա, որ կրթության մշակներն ու արվեստագետներն աղաղակում էին, որ սրանով գլխատում են մայրաքաղաքի երիտասարդական բովանդակությունը: Ստացվում է, որ փող է «կպել», պիտի անեն, որովհետեւ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը նախագծողն ինչ-որ արտասահմանյան GMP International GmbH Architects and Engineers ընկերությունն է: Ավելին` Նիկոլ Փաշինյանն այնքան է ոգեւորվել փող «քերելու» ու «լվալու» հնարավորությունից, որ առաջարկել է դիտարկել հաջորդ տարի «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու եւ տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը: Ըստ նրա` այն հնարավորություն կտա հրավիրել պոտենցիալ ներդրողների, կազմակերպությունների եւ քննարկել հնարավոր բոլոր հարցերն ու լուծումները: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նկատում է. «Ակադեմիական քաղաք» չկառուցելու դեպքում, նույն գումարով հինգ տարում կարելի է շենացնել ու զարգացնել 100 գյուղ ու գյուղական համայնք»: Բայց շատերը նույնիսկ լուրջ չեն էլ ընդունում Փաշինյան-Ավինյան երկարաժամկետ ծրագրերը, որ մի հատ էլ նյարդայնանան կամ դրա դեմ պայքարեն: Օրինակ` «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն այս ամենին սարկազմով է վերաբերվում: «Օպերայի սալիկապատ հրապարակով քայլում ես, եւ քո դիմաց բացվում է սակուռաների հրաշագեղ այգին։ Քեզ մի պահ թվում է Սիկոկու կղզիախմբի հրաբուխներն էլ կտեսնես... Ու երջանիկ ապուշի սպասումով շարունակում ես քայլել, բայց անսպասելի քո դիմաց բացվում է Աջափնյակ մետրոյի կայարանը: Արագացնում ես քայլդ, որպեսզի նստես ու շուտ հասնես ակադեմիական քաղաք... Ու հենց արագացնելու վրա մահճակալից ընկնում ես ու ջարդուխուրդ լինում...»,- ասում է նա:
ԱԼԵՆԻ ԴԱՐԴՆ ԷԼ ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է
«Ակադեմիական» Նիկոլի եւ «սմարթ» Ավինյանի ֆոնին` փորձում է լուրջ տպավորություն թողնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ամեն կերպ հիշեցնելով, որ եթե որեւէ փուլում Նիկոլին Արեւմուտքը որոշի փոխել` ինքը «նաղդ» կանգնած է: Ալենը խորհրդարանում ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Չէ, չէ, հանգիստ շունչ քաշեք, հոլանդացիների հետ դեռ ԼԳԲՏ շքերթների միամսյակ անցկացնելու հարց չի քննարկվել: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից` ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային եւ ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Մո՞տ, ընդամե՞նը, բա նույն Սիմոնյան Ալենը չէր, որ ընդամենը օրեր առաջ հայտարարում էր, թե Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե մի օր պետք է անցկացվի: Փաստորեն, Նիկոլը «զադնի» է դնում հանրաքվեի մտքից, Ալենն էլ փորձում է վերախմբագրել նախկին հայտարարությունները: Իսկ ի՞նչ այլ հարց է քննարկել Ալենը հոլանդացիների հետ: «Կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ հույս հայտնում այդ հարցում տեսնել ձեզ մեր կողքին»,- ընդգծել է նա: Այ, սա ալենական է, միայն թե, տարօրինակ է, թե ինչու մարիխուանայի ազատ վաճառքի հարցն էլ չի «սղացրել» տողատակերում:
Ի դեպ, Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ԱԺ նախագահը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը` հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Միայն թե եվրոպացիներրը լայն ժպտալու փոխարեն` չեն ճշտել` ինչպե՞ս, երբ այս ամենն իրականություն դարձնելու համար Ալիեւը մատ է թափ տալիս ու պահանջում նախ Սահմանադրություն փոխել: Իհարկե, հանուն արդարության նշենք, որ վերջում էլ մի տողով, համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրության մեջ անդրադարձ կա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման մասին:
Հիմա կհարցնեք` իսկ ինչո՞վ է զբաղված գլխավոր ընդդիմությունը` փողոցում շաբաթներ առաջ եռացող, իսկ հիմա գոլորշիացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ միասին: Սո՛ւս արեք, Բագրատ սրբազանը պատասխանել է Պուլիտցերյան կենտրոնի (ԱՄՆ) ներկայացուցիչների հարցերին:
Ամերիկացիների հարցերը վերաբերել են Հայաստանի ներսում եւ շուրջը տեղի ունեցող զարգացումներին: Սրբազան Հայրը խոսել է բոլոր այն մարտահրավերների մասին, որոնք այսօր սպառնում են մեր երկրին ու ժողովրդին: Հուսանք, ամերիկացիներին էլ չի ասվել, որ վարչապետի հրաժարականը պահանջող Կանադայի քաղաքացիություն ունեցող վարչապետի թեկնածու սրբազանի շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական: Ով ով, բայց ամերիկացիք չեն հավատա…
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. ՍԱՐԱՖՅԱՆ