Հայաստանում, իրո՞ք, Մարդու իրավունքների պաշտպան կա. Զարմանք
ԶարմանքԻշխանության վախերն ու ցայտնոտը հասել են այնպիսի պիկի, որ արդեն ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ ՀՐԱՉՅԱ ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ է մեղադրանք առաջադրվում՝ իշխանությունը զավթելու նախապատրաստության համար։ Գործի հիմքում մի ձայնագրություն է, ինչի վերաբերյալ Հ. Ղեւոնդյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը նշում է. «Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսել է Հրաչյա Ղեւոնդյանը, գոյություն չունեցող հեռախոսահամար է եւ հանդիսանում է «Յուքոմ» փոստային ծառայության համարը, այսինքն՝ Հ. Ղեւոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է «Յուքոմի» փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը եւ թշվառությունը»: Այս ողջ պատմությունն այնպիսի աբսուրդի ժանրից է, որ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանն էլ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Սպիտակցի Հայկոն, թերեւս իր երգի նմանությամբ կասեր՝ իշխանությունը մոլորվել է ընդդիմության դարդից, տխուր է հոգին:
Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու եւ նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Առաջին հայացքից, իհարկե, կարող է տպավորություն ստեղծվել, որ ոչ մի արտառոց բան չկա հայտարարության մեջ, նույնիսկ գնահատելի է: Բայց ախր իրականությունը բոլորովին այլ է, ինչի մասին ահազանգում է արդեն մեկ ամիս օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանը, որի մուտքն արգելում են Հայաստան: Նա պահանջում է, որ իրեն այցելի անձամբ Անահիտ Մանասյանը, ՄԻՊ ներկայացուցիչների հետ չի շփվում՝ համարելով նրանց այցերն անարդյունավետ: Մինչդեռ ՄԻՊ-ից հպարտ հայտարարություններ են անում ու թոզ փչում, թե իրենց առաքելությունը կատարում են փայլուն: Լ. Նիկոլյանի գանգատները, բողոքները, խնդիրներն էլ շարունակում են մնալ չլսված, եւ նրա բարձրացրած հարցը մնում է նույնքան ակտուալ՝ իսկ Հայաստանում, իրո՞ք, Մարդու իրավունքների պաշտպան կա:
Ի դեպ, Միացյալ Նահանգներում էլ հումանիզմ են փնտրում ու չեն գտնում: ԱՄՆ պետքարտուղար ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆԸ Կոնգրեսի լսումների ժամանակ մեկնաբանել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի` «Հաշվի առնելով Ռաիսիի՝ որպես դատավորի եւ նախագահի ահավոր գործը, Իրանի ժողովրդին, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կլինի առանց նրա»: Հետո էլ ավելացրել է. «Մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»: Փաստորեն, սա՞ է ԱՄՆ-ի իրական դեմքը՝ ահավոր ու զուրկ մարդկային տարրական դրսեւորումներից: Ամբողջ Իրանի ժողովուրդը դուրս է եկել փողոց ու սգում է իր նախագահի մահը, բայց Բլինքենը ո՛չ տեսել է, ո՛չ լսել է սգացող իրանցիների մասին: Ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն էր հայտարարել, թե երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատասխանատվությունը կրում է Թեհրանը։ Նա նաեւ մեղադրել է Իրանին «ահաբեկչությանն աջակցելու համար»՝ կառավարական ինքնաթիռները փոխադրումների համար օգտագործելու միջոցով։ Պարոնայք, ամերիկացինե՛ր, հաստա՞տ ձեր մատը խառը չի, բա ինչի՞ եք հիստերիկ ելույթներ ունենում՝ ուրիշի դժբախտության ֆոնին:
Զարմացած է «Իրավունք»-ը