Տեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ Դանիելյան
ՀասարակությունԵրեկ դուք տեսաք՝ ինչպես էին իշխանություններն ամբողջ ուժային համակարգը կենտրոնացրել Օպերայի շենքի մոտ, ոստիկանները չէին թողնում մարդկանց ազատ տեղաշարժը։ Այս մասին Կառավարության շենքի բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Երեկ փոխվարչապետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել ու ստորագրվել է ապօրինի, հատվածական սահմանազատման ու սահմանագծման արձանագրություն, որով Ադրբեջանին են հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի կենսական նշանակություն ունեցող տարածքներ, կոմունիկացիաներ։ Կիրանցից հանձնվել են տներ, որոնց տերերը սեփականության վկայական ունեն։ Այս պահին մենք ունենք տեղեկություններ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում պետք է գործընթացը դադարեցվի, մի քանի ամիս ժամանակ են խնդրել ադրբեջանական կողմից, որ ճանապարհը կարողանան տեղափոխել այլ մաս»,- ասաց նա։
«Տավուշի մասում կենսական նշանակության տարածքների զիջումը քրեորեն հետապնդելի է, դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»,- ասաց պատգամավորը։