ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՍԻՄ - Գլխավոր լուրերՀայաստանում տեղի ունեցող ժողովրդական հուզումների եւ անհնազանդության գործողությունների կապակցությամբ ՍԻՄ կուսակցությունը հայտնում է, որ ինչպես եւ Նիկոլի ապօրինի իշխանության առաջին իսկ օրվանից մինչ օրս շարունակում է անհրաժեշտ համարել ՀՀ իշխանությունը զավթած անձանց իշխանություններից հեռացնելը եւ ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնելը: Այս տեսակետից մենք ամբողջովին աջակցում ենք ժողովրդական ըմբոստությունը առաջնորդող Բագրատ Սրբազանին եւ շարունակում ենք պահանջել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ անցնուն կերպով փոխանցի իշխանությունը ժողովրդին:
Ինչ վերաբերում է մայիսի 12-ի հանրահավաքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քաղաքական ծրագրի դրույթներին, ապա դրանց մեծ մասը հիմնականում համահունչ է ՍԻՄ կուսակցության քաղաքական ծրագրին: Հատկապես մենք կարեւորում ենք ազգային արժեհամակարգի առանցքային դերը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հասարակական ու քաղաքական բոլոր գործընթացները եւ հատկապես կրթության ու մշակույթի ասպարեզներում: Մեր կուսակցությունը նաեւ իր գործունեության 35 տարիների ընթացքում մշտապես կարեւորել եւ պաշտպանել է Հայ Առաքելական եկեղեցու հատուկ դերակատարումը հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու եւ հոգեւոր զարգացումը ապահովելու մեջ: ՍԻՄ կուսակցությունը մշտապես պայքար մղելով պառակտիչ ու քայքայիչ աղանդների դեմ կոչ է արել ժողովրդին համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ:
Մեզ համար առանցքային նշանակություն ունի Արցախի սուբյեկտայնության վերականգնումը, Արցախից փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների ձեւավորումը:
ՍԻՄ կուսակցության համար կարեւոր է պաշտպանել ՀՀ սահմանադրությունը եւ սահմանադրության մաս կազմող անկախության մասին հռչակագիրը:
Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության պահպանման, երկրի ինքնիշխանության ու ազգային ինքնության պահպանման կարեւորագույն նպատակներին, ապա մենք կարեւորում ենք հայոց բանակի դերը եւ դաշնակցային այնպիսի հարաբերությունները, որոնց համալիր կիրառումը թույլ կտա մեզ երկիրը զերծ պահել սպառնացող վտանգներից: Այս առումով մենք կարեւորում ենք հանրահավաքում հնչած հետեւյալ ծրագրային դրույթը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաեւ խորացնենք մեր գործընկերությունը ուժային այլ կենտրոնների հետ»: Միաժամանակ մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է ոչ միայն վերականգնվեն մինչ հեղաշրջման մակարդակի վրա, այլեւ` էլ ավելի խորացվեն եւ սերտացվեն նպաստելով Հայաստանի ինչպես անվտանգությանը ու տարածքային ամբողջականությանը, այնպես էլ` Արցախի հարցի լուծմանը, միաժամանակ զարկ տալով Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Մենք վերոհիշյալ գաղափարական եւ ծրագրային ուղղությունների համատեքստում ու շրջանակներում աջակցում ենք Բագրատ Սրբազանի գործունեությանը ու հորդորում ենք շարժումից հեռու պահել սորոսական ու լիբերալապաշտ անձանց ու շրջանակաների, ինչպես նաեւ նրանց, ովքեր քարոզում են հայ ժողովրդին օտար եւ ոչ բնորոշ արժեքներ կամ առանձնահատուկ քայքայիչ դեր են ունեցել հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու մեջ:
ՍԻՄ կուսակցությունը որպես ՀՀ ժամանակավոր կառավարության ղեկավար տեսնում է Բագրատ Սրբազանին: ՍԻՄ կուսակցությունը բաազմիցս հանդես է եկել քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու օգտին եւ այժմ էլ պատրաստ է մասնակցել դրանց ու ներկայացնել իր տեսակետները ու ծրագրերը Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան ապահովելու համար:
ՍԻՄ նախագահություն
13.05.2024թ.