Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ
ՀասարակությունՀամար 39 մանկապարտեզը գտնվում է Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Այն կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ եւ մինչ օրս չի վերանորոգվել: Այժմ գտնվում է ծայրահեղ վատ վիճակում:
«Իրավունքը» պարզել է, որ անձրեւների ժամանակ հնարավոր չէ քայլել միջանցքներով, իսկ խմբերում դրված են դույլեր, որպեսզի անձրեւաջրերը չհոսեն սենյակով մեկ: Մի քանի խմբեր առհասարակ ենթակա չեն շահագործման, որվհետեւ կա վտանգ` անմիջապես փլվելու եւ զուգահեռ առաջին հարկի սենյակները լուրջ վնաս հասցնելու:
Ողջ մանկապարտեզի պատերը պատված են բորբոսով, եւ անտանելի խոնավության հոտ է գալիս: Ծնողների ահազանգով եւ տրամադրած նկարներով եւս մեկ անգամ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը ու պահանջում անհապաղ դադարեցնել 39 համարի մանկապարտեզի գործունեությունը, ինչպես նաեւ ակնկալում վարչական շրջանի ղեկավարի անմիջական միջամտությունը:
Հարց է ծագում` ո՞ր պաշտոնյան կամ իրեն հարգող քաղաքացին թույլ կտա իր երեխան հաճախի նման մանկապարտեզ, քնի ու արթնանա այս պայմաններում, շնչի ու արտաշնչի սնկային օդը:
Նշենք, որ բազմիցս այս հարցը բարձրացվել է ավագանու նիստերի ժամանակ եւ, ըստ այս տարվա՝ 2024 թվականի բյուջեի, ներգրավված է եղել անհապաղ հիմնահատակ վերանորոգման ծրագրի մեջ: Ըստ ծրագրի, մանկապարտեզը պետք է դադարեցներ իր գործունեությունն` այս տարվա մարտ ամսից: Սակայն դեռ շարունակում է գործել, եւ 165 երեխա հաճախում է մանկապարտեզ՝ անմիջականորեն վտանգելով կյանքն ու առողջությունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ