Լավ կլինի հավատալ պատմական փաստերին, այլ ոչ թե Ալիեւի ստերին. ԱԼ ԱՆԱՆՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է նկարչուհի ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ հետ, ով այս դժվար օրերին ապրում և ստեղծագործում է Նոյեմբերյանում:
- Երբ վտանգված են Տավուշի մարզի չորս գյուղերը, արդյո՞ք այս օրերին համերգներով հանդես գալը ճիշտ որոշում է:
- Յուրաքանչյուր հայ գիտի, ինչքան ծանր է տարել Կոմիտասը Ցեղասպանության փաստը: Հետևանքներն եղել են անդառնալի: Մեր տարածաշրջանում կա արվեստի ծարավ , հոգևոր սննդի պակաս, սակայն, հաշվի առնելով պատերազմական իրավիճակը` տեղին չեմ համարում համերգները։ Որպես ծնունդով նոյեմբերյանցի` արմատներս գալիս են Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան գյուղերից, շատ լավ եմ հասկանում բնակչության անհանգստությունը, քանի որ անցել եմ այդ ճանապարհով: Վեց տարեկանում տեսել եմ մարմնի մասնատված կտորներ, քարտեզի նմանվող արյան լճակներ, լսել տարբեր զենքերի դմբ-դմբոց, ջարդվող ապակիների շխկ-շխկոց, մոր ու մանկան գոռոցներ։ Լավ կլինի, որ առայժմ հետաձգեն համերգները:
-Տավուշի մարզում հիմա ի՞նչ իրավիճակ է:
- Շատ լարված իրավիճակ է։ Այս պահին վտանգված են ոչ միայն 4-գյուղերը, այլ նրա հարակից տարածքները: Կյանքը կարծես կանգ է առել, մեծից փոքր ունենք անասելի վատ տրամադրություն...
Քանի որ արմատներս գալիս են Ոսկեպարից, ավելացնեմ եկեղեցու հետ կապված իմ կապի մասին: Ոսկեպարի 7-դարի «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ» եկեղեցու տիրացուն եղել է մեր պապը` Մախսուդյանը, նրա պատվին Մախսուդյաններին անվանում են տիրացվանց ։
Ես քաղաքագետ չեմ, սակայն, հետևում եմ շրջապատում կատարվող իրադարձություններին։ Թշնամին անկուշտ է` տեղավորվելով 4 գյուղերում, կսկսեն նոր պատերազմ։ Այս ցեղատեսակը սիրում է խփել քարերով, մորթել 12-ամյա գառնարած տղային, գողանալ....Ստեղծված իրավիճակից նույնիսկ վրձին չեմ կարողանում բռնել: Ապագան անորոշ է...
- Այս ամենից հետո խոսվում է «Խաղաղության պայմանագրի» մասին: Դուք դա ինչպե՞ս եք ընկալում:
- Իհարկե, խաղաղությունը շատ լավ է, սակայն հաշվի առնելով այդ ցեղատեսակի հատկությունները, չեմ պատկերացնում հաշտություն, հաշտության համար կպահանջվի շատ երկար ժամանակ, քանի որ վերքերը թարմ են։
Ես ապրում եմ Նոյեմբերյանում և քաջատեղյակ եմ պատերազմական իրավիճակներին: Լավ կլինի հավատալ պատմական փաստերին, այլ ոչ թե Ալիևի ստերին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ