ՏՏ համայնքը կամաց-կամաց լքում է Հայաստանը
ՀասարակությունՄինչ երեկ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվում էր ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթը, ՏՏ համայնքի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ահազանգում է, որ Հայաստան եկած ՏՏ ոլորտի ռելոկանտ ընկերությունները սկսել են տեղափոխվել այլ երկրներ, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ են առաջարկվում նրանց։
— Արդեն իսկ տեղի է ունենում եւս մեկ ռելոկացիա, եւ Հայաստանից տեղափոխվում են: Այսօր մենք ունենք փաստացի տվյալներ, որ շատ ընկերություններ, որոնք 700-800 աշխատակից բերել էին Հայաստան, արդեն դրանց մեծ մասը տեղափոխել են Վրաստան, որովհետեւ այնտեղ ագրեսիվորեն նրանց ավելի բարենպաստ պայմաններ է առաջարկվում։ Դեռեւս 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանում նկատվում է ՏՏ ոլորտում զբաղվածների քանակի նվազում։ Կա նախնական հիպոթեզ, որ 2023-ը վատ չի եղել, բայց տեսնում ենք 2023-ի վերջի դրությամբ` ներառյալ 2024-ի հունվարը, որոշակի բացասական միտումներ` արդեն առկա աշխատողների թվաքանակի կրճատման մասով: Իհարկե, ամբողջական պատկերը տեսնելի կլինի, երբ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնի այդ ընկերությունների վճարած հարկերի վերաբերյալ 2023-ի ողջ տվյալները: