Ռազմական օդանավերով Իսրայելից Ադրբեջան սննդամթերք չեն բերում, բնականաբար, զինամթերք է. Իսպիրյան
Ներքաղաքական«Իրավունքի» զրուցակիցն է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ, ով ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի բակալավրիատը եւ մագիստրատուրան։ Ավելի քան 10 տարի հանդես է գալիս բազմաթիվ հոդվածներով, հարցազրույցներով, ասուլիսներով թուրքագիտության եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ, որոնք տպագրվում են հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներում։ Դասավանդել է մի շարք ուսումնական հաստատություններում: Թարգմանել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հայկական, թուրքական եւ արտասահմանյան ֆիլմեր եւ գրքեր:
«ՎԵՐՋԵՐՍ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԲԵՐ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
— Մյունխենյան հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը շտապել է Անկարա` Թուրքիայի նախագահի հետ հանդիպման: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ հապճեպությունը:
— Գաղտնիք չէ, որ ընտրություններից հետո թյուրքական աշխարհում ընդունված է այցելել միմյանց՝ փոքր եղբորը կամ մեծ եղբորը, Թուրքիայում նախորդ ընտրությունների ժամանակ, մինչեւ Ադրբեջանի հետ մտերմությունը, Էրդողանն առաջինը այցելեց Կիպրոսի թուրքական հատված: Սա զուտ թուրքական քաղաքական իմաստ է կրում: Բնականաբար, սա նաեւ առիթ է, որպեսզի իրենք իրենց մեջ քննարկեն տարածաշրջանային հարցերը: Եթե նույնիսկ Մյունխենը չլիներ, Ալիեւը գնալու էր Անկարա: Սա պետք է դիտարկել զուտ այս համատեքստում:
— Էրդողանն այդ հանդիպման ժամանակ խոսել է «պատմական հնարավորությունների պատուհանի» մասին եւ նշել է, որ Հայաստանը պետք է գնահատի այդ հնարավարությունները: Ինչի՞ մասին է խոսքը, կա՞ կոնկրետ գործընթաց:
— 2020թ. պատերազմից հետո այս տեքստը փոքր-ինչ տարբեր ձեւակերպումներով Թուրքիայի նախագահը, վարչապետը, գլխավոր շտաբի պետը կրկնում են մինչեւ հիմա: Սա ոչ մի բան չի ասում, այլ կրկնություն է՝ Հայաստանը պետք է գնահատի, Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի պարզած ձեռքը պետք է բաց չթողնի, Հայաստանը պետք է քննարկի... Չորս տարի է անցել, բայց իրենք ոչ մի քայլ չեն անում հարաբերությունների կարգավորման համար: Ոչ մի բան չի լինելու՝ մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կիսատ հարցերը չկարգավորվեն: Սա ուղղակի շարքային հայտարարություն է` ուղղած մամուլին, հասարակությանը ու միջազգային հանրությանը, իբրեւ իրենք դրական են տրամադրված: Այսպես ասած, մեղավոր կողմը Հայաստանն է, իրենք ուզում են կարգավորեն հարաբերությունները, բայց Հայաստանը չի արձագանքում խաղաղության պարզած ձեռքին:
— Ալիեւը հենց հանդիպման շրջանակում հայտարարել է, թե Ադրբեջանի ու Թուրքիայի բանակները մեկ բռունցք են: Առաջիկայում այդ «բռունքից» ի՞նչ սպասել, հնարավո՞ր է պատերազմ:
— Ինչ-որ մեկը, դժվար թե, կարողանա կանխատեսել՝ պատերազմ կլինի՞, թե՝ ոչ: Պատերազմի ավարտից հետո էլ, քանի դեռ ստորագրված չէ որեւէ բան, մեր երկիրն էլ, ցավոք, համարժեք ձեւով չի պատրաստվում հավանական պատերազմի պաշտպանությանը, դա մեծացնում է պատերազմի վտանգը, միայն հայտարարություններ անելով՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, ոչինչ էլ չի լինի: Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ինտենսիվ օդային ռազմական հաղորդակցություն է տեղի ունենում, շարունակում է Ադրբեջանը ինտենսիվ զինվել, Իսրայելից սննդամթերք չեն բերում ռազմական օդանավերով, բնականաբար, զինամթերք է: Նույն բանն էլ կատարվում է Թուրքիա-Ադրբեջան գծում, վերջերս հարվածային նոր անօդաչու դրոններ են ստացել, այսինքն՝ տարբեր հարձակողական զինատեսակներ են ստացել Թուրքիայից: Սա վկայում է, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ճնշում գործադրել Հայաստանի վրա, սպառնալով պատերազմով, իսկ թե պատերազմ կլինի՞, թե՝ չի լինի, հստակ չեմ կարող ասել: Բայց երբ արդեն Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագրին ու ցանկանում է պատերազմ, եթե Հայաստանն այս կամ այն կետերը չբավարարի, դա արդեն լուրջ է: Միակ զսպող միջոցը պատերազմին պատրաստվելն է: Եթե ուզում ես խաղաղություն ՝ պատրաստվիր պատերազմի: Բացի դաշնակիցների, հարեւանների, մտերիմ պետությունների հետ քո հարաբերություններից, նաեւ կարեւոր է ունենալ համապատասխան պաշտպանական զինտեխնիկա: Իշխանությունների հայտարարությունները փաստում են, որ այդ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ ինտենսիվ է անում ամեն ինչ: Չգիտեմ՝ ի՞նչն է մեզ խանգարում, ամեն դեպքում, դրան իշխանությունները կպատասխանեն: Մեր պարագայում ոչ թե նույն տեմպերով, այլ եռապատիկ, քառապատիկ ինտենսիվ է հարկավոր պաշտպանվել, միայն դա կարող է Ադրբեջանին հետ կանգնացնել հավանական պատերազմից: Երբ որ Ադրբեջանը գիտի, որ Հայաստանը թույլ է, քայլեր չի ձեռնարկում հավանական պատերազմի ժամանակ իրեն հակազդելու, բնականաբար, անընդհատ փորձելու է սպառնալ: Այս պահին Ադրբեջանի կողմից այդ տեղային գրոհները, կրակոցները, դրանք Հայաստանին սպառնալու եւ իր պայմանները թելադրելու համար են:
«ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԻ, ՈՒՂՂԱԿԻ ԿԲԱՑԻ, ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ»
— Ալիեւը չի հրաժարվում Հայաստանով դեպի Նախիջեւան միջանցք ստանալու իր մտադրությունից, ասում է, որ եթե Հայաստանը չհամաձայնի, իրենք ուժով կստանան միջանցքը, արդյո՞ք Թուրքիան կաջակցի այս հարցում:
— Մենք տեսնում ենք, Թուրքիան անուղղակի է աջակցում Ադրբեջանին՝ համապատասխան զինամթերքով, բանակը համալրող ամեն ինչով: Պատերազմի ժամանակ բացի ֆիզիկական մասնակցությունից, Թուրքիան ամեն ինչով աջակցել է Ադրբեջանին: 44-օրյային տեսանք չէ՞ Թուրքիայից ժամանած ահաբեկիչներ, թուրքական սպաները, տեխնիկան, ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերով էին կառավարում դրոնային հարձակումները: Թուրքիան, իհարկե, այդ սցենարի դեպքում, եթե Ադրբեջանը փորձի ուժի կիրառմամբ այդ միջանցքը բացել, բնական է, որ կրկին աջակցելու է: Սակայն, խոսել, թե Թուրքիան այս կամ այն կողմից կհարձակվի, այս պահին դեռ իրատեսական չէ:
— Ո՞րն է Ձեր գնահատականը Թուրքիայի հետ սահմանի բացման վերաբերյալ, առաջիկայում ակնկալե՞լ նման բան:
— Գիտե՞ք, ամեն ինչ կախված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթղթի կնքվելուց: Թուրքիան առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, պայմանագրի որեւէ քայլ չի անի: Ինչ-որ անելու է, ուղղակի աչքերին թոզ փչոցի է լինելու, ժամանակ է շահելու՝ մինչեւ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ բան ստորագրեն: Այս չորս տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ բանագնացները հանդիպեցին, դրանք ուղղակի տուրիստական այցելությունն էին Վիեննայում: Իրականում որեւէ ռեալ քայլ Թուրքիան չի նախատեսել: Եթե Թուրքիան ցանկանա սահմանները բացել, ուղղակի կբացի, բանագնացների կարիք չկա: Ընդհանրապես, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար բանագնացների կարիք չկա, ընդամենը երկու երկրների արտաքին գործերի համապատասխան բաժինները դա կարգավորում են, սա նոր բան չէ: Տարբեր երկրներ, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, կան ընթացակարգեր, եւ ինչ-որ բանագնացների նշանակման կարիք չկա: Թուրքիայում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն, որը սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակում է: Այնպես որ, Թուրքիան սա զուտ աշխարհին ցույց տալու, քարոզչական քայլ անելու համար է անում: Մեր կողմը չէր հասկանում դա, ասում էին՝ հեսա սահմանը կբացվի, բայց արդեն անցավ չորս տարի: Այսօրվա դրությամբ՝ տեսնում ենք, որ քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում: Սահմանների բացման հարցը դա ուղղակի Թուրքիայի ցանկության հարցն է: Եթե Թուրքիան ցանկանա, հենց վաղն էլ կբացի: Դա կապ ունի Հայաստան-Ադրբեջան հնարավոր զարգացումների հետ:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ