Նոր նիկոսյանական մշակութային օջախ՝ Երեւանի սրտում
Մշակութային«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» արվեստային տարածքում են ներկայացված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի (1918-2018) քանդակները, գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքները:
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» ստեղծվել է Ն․ Նիկողոսյանի կողմից 2018 թվականին եւ արվեստային տարածքի տեսքով իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսին: Հիմնադրամի առաքելություններից է ոչ միայն ժողովրդականացնել մեծանուն քանդակագործի արվեստը, այլեւ հանրահռչակել XX դարի ականավոր հայ արվեստագետների արվեստը, ինչպես նաեւ՝ նպաստել Հայաստանի ժամանակակից արտիստների ստեղծագործական առաջընթացին: Փոփոխվող ցուցադրություններից բացի, իրականացվում են կրթական եւ համերգային ծրագրեր, դասախոսություններ՝ նվիրված հայ եւ համաշխարհային արվեստի պատմությանը: XX դարի վարպետների աշխատանքներին զուգահեռ ցուցադրվում են նաեւ հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ:
2018թ․-ից «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի մշակութային դաշտի զարգացմանը եւ հանրահռչակում անցած դարի հայ արվեստագետների արվեստը, որոնց աշխատանքները քիչ են ցուցադրված կամ ընդհանրապես չկան թանգարաններում՝ նոր սերունդներին ծանոթացնելով մեր հարուստ մշակութային ժառանգությանը, արժեւորելով մեր մեծերի կուտակած փորձն ու արժեքները: Մարտահրավերներով լի այս վերջին տարիներն ապացուցեցին, որ մեր երիտասարդ սերնդի հոգեւոր եւ մշակութային դաստիարակությունն ավելի քան կարեւոր են, եւ մեր մեծերի ժառանգության եւ իմաստության խորհուրդը շարունակում է լինել կենսունակ եւ պահանջված այս գլոբալացված աշխարհում։ 2018թ-ին Նիկոլայ Նիկողոսյանի քանդակների, գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքների լայնածավալ ցուցահանդես տեղի է ունեցել Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում։
Ցուցահանդեսի շրջանակում տպագրվել է «Հեռացող դասականը» պատկերագիրքը։ Նիկողոսյանի հեղինակած Եղիշե Չարենցի, Միքայել Նալբանդյանի, Վահան Տերյանի հուշարձանները, որոնք հիրավի համարվում են 20-րդ դարի մոդեռնիստական արվեստի գլուխգործոցներ, դարձել են Երեւանի մշակութային այցեքարտերը։ Չնայած նրան, որ Նիկողոսյանը կյանքի մեծ մասն ապրել է Ռուսաստանում, երբեք չի կորցրել հայրենիքի հետ կապը, բազմաթիվ աշխատանքներ է ստեղծել Երեւանի իր արվեստանոցում, սեփական միջոցներով ձուլել եւ հայրենիքին է նվիրել բազմաթիվ քանդակներ։