Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ՄշակութայինԼիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ-ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Առաջնախաղին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ռոնից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահներ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան եւ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցովը, Լիոնի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական խոշոր կազմակերպությունների Լիոնի մասնաճյուղերի ղեկավարները, թատերական միությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի-Կորսակովը, ՕՌԱ շրջանի փոխնախագահ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան, Տոբոգան թատրոնի նախագահ, Դեսինի քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկայեֆը։
«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձեւավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։
Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաեւ Դեսինի «Տոբոգան» եւ Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։ Ներկայացման իրականացման աշխատանքներում իր կարեւոր ներդրումն է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը։
Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023թ. ամռանը, Երեւանում։ Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։ Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում՝ հոտնկայս բուռն ծափահարություններով:
2024թ. մարտի 15-ին եւ 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կցուցադրվի Հայաստանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո։
Ֆրանսիայում ներկայացման առաջնախաղի օրը բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ տեղի է ունեցել նաեւ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի կողմից կազմակերպված Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որն իրականացվել է Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության եւ Դեսինի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ֆոտոցուցահանդեսում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները եւ այլն: Ցուցահանդեսը Տոբոգան թատրոնում կգործի մինչեւ փետրվարի 4-ը: