Այս կառավարությունը հենց առաջին օրվանից «փայլատակել է» մեր հոգեւորականների եւ եկեղեցու վրա հարձակումներով. ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:
— Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվեց, ի՞նչ կասեք այս մասին։
— Կարծում եմ՝ նորություն չեմ ասի, որ այս կառավարությունն հենց առաջին օրերից «փայլատակել է»՝ մեր հոգեւորականների եւ եկեղեցու վրա հարձակումներով, իրենց լրատվության եւ ֆեյքերի միջոցով պախարակելով: Եվ ուշադրություն դարձրեք, որ այդ «սուրբ» գործին են լծվել նաեւ բլոգեր կոչվածները, որոնց գերիշխող մեծամասնությունն անգամ Հայաստանում չի էլ ապրում, բայց իրենց պարտքն են համարում մեզ բացատրել, սովորեցնել, թե ինչն ինչ է: Իսկ ամենահետաքրքիրը, որ բոլորը՝ թե՛ հայաստանցիները, թե՛ դրսինները միաժամանակ են «անհանգստանում»: Ակնհայտ է, որ նույն կենտրոնի հրահանգներն են կատարում: Սրանք եւս դրա դրսեւորումներից են: Միայն թե՝ խնդիրն այստեղ անգամ կոնկրետ եկեղեցին էլ չի, այլ առհասարակ, բոլոր բնագավառներում ազգային ինքնության, մշակույթի նսեմացումն է: Այս դեպքում՝ նաեւ մեր Սահմանադրության հերթական ոտնահարումն էր: Հիշենք այս կառավարության հենց առաջին Նոր տարին, երբ ժամը 00:00-ին մեր պետական օրհներգը չհնչեց, եւ մինչեւ օրս էլ դրա համար ոչ մեկը պատասխանատվության չկանչվեց: 2020-ին ազգային արժեքների ցանկում մեր եկեղեցին հավասարեցրին այլ եկեղեցիներին եւ աղանդներին: Մեր դեմ մշակութային պատերազմ է մղվում, ինչի մեջ եւ հոգեւորն է մտնում:
— Ըստ Ձեզ, եկեղեցու դերը մեր երկրի համար այսօր որքանո՞վ են գիտակցում իշխանության ղեկին նստած որոշ պաշտոնյաներ։
— Դժվարանում եմ այս իշխանության գիտակցության աստիճանի մասին կարծիք հայտնել, բայց որ կառավարական եւ ոչ մի օղակում գրագետ մասնագետներ չկան՝ արդեն խոսուն է: Սրանք անգամ ոչ մի ճանաչված ու հարգված մասնագետի կարծիք հաշվի չեն առնում: Եվ դա հենց ապացույցն է, որ օտարի դրածո են: Դրածոներին մասնագետներ պետք չեն, նրանք ընդամենը կամակատար են: Իսկ իրենց տերերն, իհարկե, հասկանում են եկեղեցու հսկայական դերը, որպես արդեն կայացած ազգային հիմնավոր ինստիտուտի, որը եւ պետք է պախարակել ու քանդել: Բազմիցս եմ հրապարակումներ ունեցել ազգային պետությունների, ինչպիսին ենք եւ մենք, վերացնելու ծրագրերի մասին: Իսկ մեր այսօրվա իշխանությունը հենց այդ ուժերի խամաճիկն է: Պատմության եւ կրթության վերախմբագրումներ մեր թշնամիների օգտին, ազգային արժանապատվության եւ հերոսների նսեմացում, հայրենիք հասկացության կաղապարումը պետության սահմաններում, ազգային սիմվոլներից հրաժարվելու քարոզներ եւ այլն: Ո՞րը ասեմ, կույր պետք է լինել այս ամենը չտեսնելու համար:
— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ իրավիճակ է այսօր երգարվեստում:
— Հատուկ չեմ հետեւում, բայց որքան որ տեսնում ու լսում եմ՝ նույն խայտառակ ու բարձիթողի վիճակն է, եթե ոչ ավելի վատ:
— Հենց այդ նույն Հանրային հեռուստաընկերությամբ, որով չհեռարձակվեց կաթողիկոսի ուղերձը, այսօր ճաշակով երգ, երաժշտություն հնչո՞ւմ է։
— Ես շատ վաղուց հեռուստացույց չեմ նայում, բայց չեմ կարծում, որ Հանրայինը այսօրվա իրականությունից կտրված մի աշխարհ է: Ինչ կա, այդ էլ պիտի հեռարձակեն, չհաշված դասական, ժողովրդական եւ թեթեւ ժանրերի հին երգերի հեռարձակումները: Նոր ոչ մի լավ երգ չեմ լսել…գուցե եւ կան, նկատի ունեմ եթերներում հեռարձակվողները… Այս տարվա միակ շփումս Հանրայինի հետ «Մեր ժամանակի հերոսը-2023» մրցանակաբաշխությանը Փաշինյանի՝ հեղինակածս «Հայաստան աշխարհ» երգի, խոսքերի իմաստափոխումն էր, որն ինձ ահավոր բարկացրեց, եւ հենց այդ երգի հայտարարման մեջ անունս միտումնավոր չհնչեցվեց, ինչն էլ հեղինակային իրավունքի խախտում է: Ինչպիսին իշխանություններն են, այնպիսին էլ իրենց ենթակայության տակ գտնվող օղակներն են:
— Նաեւ նկարչության ոլորտից եք, ի՞նչ կասեք քաղաքում օր օրի ավելացող արձանների մասին։
— Ամեն մի նոր արձանի հայտնվելուց միշտ ասում եմ, որ պետք է տեղադրվեն միայն ազգային հիմնավոր արժեքների արձանները, որոնք հետո չեն հեռացվելու: Չնշեմ դրանք՝ հարազատներին չվիրավորելու համար: Հիմա գումարներ են ծախսվում, իսկ հետո մենք դրանք քանդելու ենք, որովհետեւ դրանց մեջ կան ուղղակի գռփողներ, պետության եւ հասարակության համար բացարձակ անպիտաններ, եթե չասեմ՝ վնասակարներ: Նույնը վերաբերում է ե՛ւ պանթեոնին, ե՛ւ դպրոցների ու այլ կառույցների անուններին եւ այլն… Ու առհասարակ, այս պայմաններում, երբ հնարավորինս արագ պետք է զարգացնել տնտեսությունը, ռազմարդյունաբերություն ստեղծել, սպառազինություն գնել, բանակը հզորացնել, հայրենադարձություն ծրագրել, չեմ ողջունում այդ հսկայական ծախսերը: Դրանք օրհասական չեն, կարող էին եւ չլինել:
— Հատկապես ո՞ր չհաջողված արձանները, կոթողները կառանձնացնեք։
— Վերջին շրջանի, երեւի, բոլորն էլ ամենալավ տարբերակները չէին, որ կարող էին լինել, չգիտեմ՝ ինչ սկզբունքով են դրանք ընտրվել, բայց կարող էին եւ ավելի լավը լինել: Երեւի առանձնացնեմ Արտոյի «Քայլող մարդը», որը նվեր էր քաղաքին: Կան արձաններ, որոնց մասին ոչ մի տեղեկություն չգտա անգամ համացանցում: Օրինակ, Աբովյան փողոցի անգլուխ մարդը, որն անվերջ քայլում է փակ շրջանի վրա: Որպես գործ՝ լավն է, բայց ակուլտիզմի հոտ է գալիս: Ակուլտիզմի հոտ է գալիս նաեւ Հյուսիսային պողոտայի` գլուխը մեխված «տուրիստի» արձանից: Սրանից էլ ոչ մի տեղեկություն չկարողացա գտնել: Ակուլտ դեկորներ եւ սիմվոլներ շատ են հայտնվել մեր քաղաքում, որոնք անհանգստության տեղիք են տալիս: Պատերազմից առաջ «Հաղթանակ» կամրջի ճաղերին զոդված կողպեքները, անցյալ Նոր տարվա հանդիսությունում չարքերի ձեռքով տոնածառի լույսերի վառելը եւ այլն... Ես դրանց մեծ ուշադրություն եմ դարձնում: Դրանք կարեւոր են:
— 2024 թվականին ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք։
— Երգարվեստով վաղուց չեմ զբաղվում, գուցե ընդառաջելով երկրպագուներիս խնդրանքներին՝ ինչ-որ տեղ փոքրիկ համերգ երբեւէ կազմակերպեմ, բայց հիմա ստեղծագործական ջիղս օգտագործում եմ նոր բաղադրատոմսերով օճառների ստեղծմանը: Հետաքրքրություններիս շրջանակն օղակվել է հին բժշկության ուսումնասիրությամբ, բնական այգեգործությամբ, ինչի արդյունքն էլ օճառներս են:
— Կա՞ մի ոլորտ մեր մշակույթում, որտեղ դրական արդյունքներ եք տեսնում։
— Բոլոր, անխտիր բոլոր ոլորտներում կան դրական արդյունքներ, քիչ, բայց կան…միայն թե խնդիրն այն է, որ դրանք անհատների ջանքերի շնորհիվ են: Ազգային մշակույթի՝ սկսած գիտությունից, վերջացրած արվեստով եւ ոչ մի ոլորտում պետության լուրջ ներդրումն ու շահագրգռվածությունը ես չեմ տեսնում: Իսկ միայն անհատներով շատ ու շատ ծրագրեր ուղղակի անհնարին է իրագործելը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ