Նիկոլի կառավարության նոր սոցիալական բեռը / գույքահարկ /
Հասարակություն«Մեր բնակարանը փոքր է եւ նախկինում գույքահարկման ենթակա չէր։ Այսինքն՝ մենք գույաքահարկ չէինք վճարում։ Բայց արդեն երկու տարի է, ինչ մենք էլ ենք ընկել այդ սոցիալական հավելյան բեռի տակ։ Խնդիրը ծագեց 2020 թվականի հունիսից, երբ անշարժ գույքի հարկման նոր դրույքաչափեր եւ մոտեցման փոփոխություններ հաստատվեցին։ Հիմնականն այն էր, որ գույքահարկի հաշվարկի հիմք է համարվում տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ՝ շուկայական արժեքը: Փոփոխություններն ուժի մեջ մտան 2021 թվականի հունվարի 1-ից։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարում էր, որ այս փոփոխությունները հիմնականում ուղղված են «հարկային բեռը դեպի «վճարունակ հարկատուներ» տեղափոխելուն», սակայն, ինչպես միշտ նրանց դեպքում, ամեն բան անդրադարձավ սոցիալապես անապահով մարդկանց ուսերի վրա։ Նրանք չանդրադարձան այն խնդրին, թե, օրինակ, Երեւանի կենտրոնում ապրող, բայց ցածր եկամուտ ստացող թոշակառուն կամ մանկավարժը, ով իր բնակարանը ժառանգություն է ստացել, ինչպե՞ս է վճարելու տարեկան գույքահարկը։ Այս ամենի հետ կապված հարցեր եմ ուղղել մասնագետին, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին։ Առաջարկում եմ ունկնդրել մեր հարցազրույցը», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: