Տեղի է ունեցել «Մռավ սար» երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը
ՄշակութայինԵղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ Սվետլանա Ղուլյանի /Գյուլիստնեցի/ բանաստեղծության հիման վրա ստեղծված «Մռավ սար» երգի եւ տեսահոլովակի շնորհանդեսը։
«Մռավ սար» երգի երաժշտության հեղինակն է ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանը։ Երգը կատարել է տաղանդաշատ երիտասարդ երգիչ Արման Գրիգորյանը։
Բանաստեղծուհի, մանկավարժ Սվետլանա Ղուլյանը ծնունդով Շահումյանից է, ներկայումս ապրում է Սակրամենտոյում։ Նա չորս գրքի հեղինակ է, որոնցում անդրադառնում է ծննդավայրին, հայրենի բնությանն ու մարդկանց։ Մռավ սարը կարեւոր տեղ ունի Սվետլանա Ղուլյանի պոեզիայում։
Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցած շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ով բարձր գնահատեց երկու արվեստագետների համագործակցությունը։ Ըստ Ս. Խոջամիրյանի ավելի քան կես դար մանկավարժության բնագավառում աշխատած Սվետլանա Ղուլյանն այսօր էլ պարտքի զգացում ունի ծննդավայր Շահումյանի հանդեպ եւ ամենեւին էլ պատահական չէ, որ գրողի չորս գրքերն էլ Շահումյանի եւ շահումյանցիների մասին են։
Կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանն իր ելույթում նշեց. «Ես Սվետլանա Ղուլյանին անձնապես դեռ չեմ ճանաչում, սակայն բավականին խորքային ծանոթացել եմ նրա գրականությանը։ Այդ գրականությունն իր մեջ կարոտ ունի, սեր առ հայրենին եւ ծննդավայրը։ Այդ գրականության մեջ ծննդավայրի խորհրդանիշն է Մռավ սարը, որը, ցավոք, այսօր թշնամու ձեռքում է։ Այս երգով մենք բարձրանում ենք Մռավ սարը, վայելում այն ջերմությունը, որից ուժ է ստացել հայ մարդը։ Մեր երգը Մռավ սարը բարձրանալու պատգամ ունի։»
Նշենք, որ առաջիկայում «Մռավ սար» երգի շնորհանդեսներ տեղի կունենան ինչպես Հայաստանի մի շարք քաղաքներում, այնպես էլ աշխարհի մի քանի երկրներում։