Ինչ է ասել Արագած Ախոյանը կալանավորումից օրեր առաջ
ՆերքաղաքականԴատարանը ԱԺ նախկին պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ նկատմամբ ընտրել է խափանման միջոց մեկ ամսվա կալանքը` մերժելով պաշտպանական կողմի 5 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու կամ տնային կալանքն ընտրելու միջնորդությունները: Պարզվում է` նրա նկատմամբ քրեական վարույթ է սկսվել հունիսի 8-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառման համար, սակայն վարույթը նախաձեռնվել է հուլիսի 31-ին, իսկ դրանից առնվազն 4 ամիս անց` հոկտեմբերի 20-ին, վարույթ իրականացնող մարմինը նոր է միայն վկա-կասկածյալ կարգավիճակով Ա. Ախոյանին կանչել հարցաքննության, այնուհետեւ` նոյեմբերի 6-ին ձերբակալել: Կալանավորումից ընդամենը օրեր առաջ «Իրավունքը» զրուցել էր նրա հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:
— Պարոն Ախոյան, իսրայելա-պաղեստինյան պատերազմն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա:
— Ցանկացած պատերազմ կամ բախում, բնականաբար, բացասական է անդրադառնալու մեզ վրա, բայց ինչպես ասում են` վերեւ Աստված կա: Իսրայելը հիմա իր կաշվի վրա է զգում, թե ինչ է հարձակումը, ինչ է մահը, ինչ է պատերազմը: Նա զինում էր ադրբեջանական բանակին, տարածաշրջանում ամենահրահրիչ դերակատարությունն ուներ, գիտենք, թե ինչ նկրտումներ ուներ մեր հարեւան եղբայր Իրանի նկատմամբ, Սիրիայում էր «քիթը խոթում» եւ խնդիրներ ստեղծում: Կարծում եմ` Աստված դաս է տալիս եւ ասում է` ձեր տեղն ու չափն իմացեք: Հոլոքոստ տեսած ազգն իր քաղաքական շահերից ելնելով, ուրանալով հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` այդպես պատժվելու է: Անկեղծ եմ ասում` ցանկանում եմ Պաղեստինին հաջողություն, հաղթանակ եւ իրենց պապական հողերի ազատագրում: Բոլորս գիտենք, թե ինչպես է ստեղծվել Իսրայել պետությունը, չունենալով պետականություն` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենք ուղղակի գումարով գնեցին այդ տարածքները եւ մի օր հռչակվեցին պետություն: Հիմա ուժի զոռով ոչինչ չի ստացվելու` սա ժամանակավոր է: Նույնն էլ Ադրբեջանն է փորձում ուժի զոռով հարցեր լուծել, բայց դա էլ է ժամանակավոր:
— Հայաստանում հակառուսականությունը ոչ թե քայլ առ քայլ, մեծ տեմպերով առաջ է ընթանում: Այսպես դեպի ո՞ւր ենք գնում:
— Ցավոք, այդպես է, ես նկատում եմ դա եւ միշտ ահազանգել ու բարձրաձայնել եմ դրա մասին: Պատմությունը ցույց է տալիս, որ ճիշտ արտաքին քաղաքականություն չվարելու հետեւանքով` հաճախ մեզ նման փոքրաթիվ պետություններն ընկնում են ոտքի տակ: Այսօր այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են Ռուսաստանի Դաշնության հասցեին, արդարացված չեն: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ ով ուզում է լինի, եթե դու ինքդ չես ցանկանում օգնել, ոչ ոք քեզ չի կարող օգնել: Հաճախ լսում ենք, թե Արցախում ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին, բայց ի՞նչ պետք է անեին, երբ երկրիդ ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ հստակ ասաց` դուք եք որոշելի այդպես, գնացեք ձեր երկրի ղեկավարից պահանջեք: Իհարկե, մենք ռուսներին լավ ճանաչում ենք, դարերով փոխկապակցված ենք հազար թելերով, այդքան էլ հեշտ բարեկամ չէ: Բայց այնպես չէ, որ մեզ ամեն ինչ կարելի է թույլ տալ, նրանց էլ ասել` վայ, էս ի՞նչ արեցիք: Երկրի ղեկավարության մակարդակով Ռուսաստանի հասցեին հնչում են ոչ ճիշտ, զրպարտիչ արտահայտություններ կամ այնպիսի քայլեր են անում, որ իրենք էլ ստիպված են լինում իրենց քայլերն անել: Բայց չէ՞ որ Ռուսաստանը մեզ համար կարեւոր է ոչ միայն անվտանգության, այլ տնտեսական առումով, ի վերջո, մեր հիմնական շուկան հենց այնտեղ է: Գիտեք, ընկեր պահելը լուրջ բան է, ընկերոջ վրա դողալ է պետք, միշտ չէ, որ բոլորը պարտական են, եւ մենք ոչինչ պարտավոր չենք: Մինչդեռ ասում են, թե իրենք պարտական են, որովհետեւ իրենց ռազմաբազան այստեղ է:
— Ավելին` ժամանակ առ ժամանակ էլ հետեւողականորեն բարձրացվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հանելու հարցը…
— Ուզում եմ անհասկացողներին ու կարճամիտներին ասել, որ եթե ռուսական ռազմաբազան այստեղ չլինի, 15 րոպեից թուրքական տանկը հրապարակում կանգնած կլինի, ու մենք ոչինչ չենք կարող անել: Ոչ ոք դրա մասին չի խոսում: Լավ, այդքան անուղեղ կարելի՞ է լինել, գոնե պատմությունից թող հիշեն, որ ֆրանսիական խաղաղապահները պարտավոր էին ապահովել Արեւմտյան Հայաստանի Մուսա լեռի եւ Արաբկիրի հատվածի անվտանգությունը, որ չցեղասպանվեն, բայց արդյունքում ասացին` կներեք, էլ չենք կարող, մուսալեռցիներին տարան Լիբանանի հյուսիսային հատվածում մի գյուղ, իսկ մնացած ազգաբնակչությանը բերեցին Երեւան, եւ այդ մարդիկ տեղավորվեցին այսօրվա Արաբկիր վարչական շրջանում: Պետք է օգտվենք համընթաց քամուց, բայց քաղաքականության մեջ նման քամիներից չենք օգտվում, չգիտես ինչու, միշտ գնում ենք հակառակ ուղղությամբ եւ ուրիշ բաներ ենք փնտրում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ