Թուրքերն ասում են` ատոմակայանը պետք է փակել, բայց չեն ասում՝ ինչի՞ համար. Էդվարդ Արզումանյան
ՆերքաղաքականԹուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովն ընդդեմ Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի դիմում է ներկայացրել երկրի պատկան մարմիններին՝ պնդելով, թե իբր վերջինս ռիսկային է։ Վերոնշյալ դիմումի հիման վրա Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հուշագիր է հղել՝ պահանջելով հետեւողական լինել ատոմակայանի աշխատանքներին։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելը բացառապես Հայաստանի պատասխանատվության տիրույթում է, սակայն «այնուհանդերձ, հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հաճախ են բնական աղետներ տեղի ունենում»։ Նշվում է, թե «ատոմակայանը շատ մոտ է գտնվում սահմանին եւ շահագործվում է հին տեխնոլոգիաներով, ինչը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար (1992-1993թթ.), էներգետիկ ոլորտի փորձագետ ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
«ԹՈՒՐՔԵՐԻ ԱՍԱԾԸ ԿՈՆԿՐԵՏ ՈՉ ՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՉԻ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ, ԴՐԱ ՀԱՄԱՐ 20 ՏԱՐԻ ՆՐԱՆՑ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆ ԴՆՈՒՄ»
— Թուրքիայի պահանջն առ այն, թե Մեծամորի ատոմակայանը շահագործման ռիսկեր է պարունակում, որքանո՞վ է իրատեսական, թե՞ այս հայտարարությունն ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի:
— Թուրքերը, որ ասում են, թե ատոմակայանը պետք է փակել, չեն ասում, թե ինչի՞ համար, ի՞նչ կա, ո՞ր խախտման համար: ՄԱԳԱՏԷ-ն ունի պահանջներ, օրենքներ եւ այլն, նրանք պետք է կոնկրետ նշեն, թե գործակալության ո՞ր կետի, ո՞ր մասն ենք մենք խախտում: Թուրքերի պահանջը, թե ատոմակայանի աշխատանքը պետք է դադարեցնել, արդեն 20 տարուց ավելի է հաճախ կրկնել են, բայց ոչ մի դեպքում մանրամասն չեն ասում՝ ինչի՞ համար, բացի նրանից, որ դա շատ հին նախագիծ է՝ 1960-70թթ.-ի: Գիտական օրենքներով կառուցված բլոկ է չէ՞, այդ բլոկը կառուցվել է՝ մեկը 1976թ.-ին, որն այլեւս չի աշխատում, իսկ 1995թ.-ին մենք վերագործարկեցինք միայն երկրորդ բլոկը, որը կառուցվել է եւ աշխատանքի մեջ է մտցվել 1980թ.-ին, այսինքն՝ 1980թ.-ին աշխատանքի մտցված ատոմային բլոկը թուրքերը ասում են, որ շատ հին է ու չի համապատասխանում ներկայիս պահանջներին: Բայց իրենք բոլորովին չեն նշում, թե մյուս պահանջները որոնք են: Մենք չէ՞ որ 2016թ.-ից հետո բավականին գումար ծախսեցինք (մոտ 300 մլն դոլար), որպեսզի այդ բլոկը ստուգենք, դեֆեկտները վերացնենք, բերենք այնպիսի վիճակի, որպեսզի ժամանակակից անվտանգային պահանջներին բավարարի, եւ այդ բոլոր գործողությունների վրա այդքան գումար ծախսելով՝ 2021թ. նոյեմբերին այդ աշխատանքների հիմնական մասը ավարտվեց ու ստացվեց այնպես, որ այն կարող է աշխատել եւս 5-10 տարի, բայց կա պայման, որ 2026թ. նորից պետք է մանրամասն անվտանգային ստուգումներ կատարվեն, եթե այդ ստուգումները դրական արդյունքի են, ապա 2026թ.-ից մինչեւ 2036թ.-ը նորից աշխատելու իրավունք կտան: Եթե ինչ-որ բան հայտնաբերվի, այն ժամանակ մենք էլ կիմանանք, թույլ չենք տա շահագործումը, եթե 2026թ.-ից ոչ մի այդպիսի հանգամանք չբացվեց, ինչու՞ չաշխատացնենք: Թուրքերի ասածը ընդհանուր խոսքեր են, 20 տարի նույն բանը կրկնում են, ու ոչ մի կոնկրետ հանգամանք չկա: Բանն այն է, որ մինչեւ հիմա նրանք իրենց մոտ այդպիսի բլոկ չեն ունեցել, հիմա ռուսները Միջերկրական ծովի ափին կառուցում են չորս հատ բլոկ իրենց մոտ, նույն ռուսները, որ մեզ մոտ էլ են կառուցել, 2016թ.-ից հետո մինչեւ 2021թ. արել են ստուգումներ, վերափոխումներ, բարեկարգումներ: Այսինքն՝ նույն մարդիկ են, որ մեզ մոտ արել են, հիմա էլ իրենց մոտ են կառուցում, դրա համար թուրքերի ասածը կոնկրետ ոչ մի գիտական գործոնով չի ձեւակերպված ու պայմանավորված, դրա համար 20 տարի նրանց ասածին բանի տեղ չեն դնում:
— Ամեն տարի Մեծամորի ատոմակայանում ստուգումներ չե՞ն լինում, մի՞թե կարող է ստուգումներից հետո անգամ ինչ-որ վտանգ լինել` ատոմակայանի աշխատանքի հետ կապված:
— Ամեն տարի կատարվում են միջանկյալ ու կապիտալ վերանորոգումներ: Վերանորոգումների ժամանակ, ատոմային էներգիայի միջազգային օրենքներին համապատասխան, կատարվում են ստուգումներ, եթե ինչ-որ բան նկատում են, վերանորոգում են եւ այլն, եւ այլն: Դրա համար այսօր կոնկրետ ոչ մի բանի մասին՝ գործող բլոկի, սարքավորումների, ռեակտորի մասով թուրքերը ոչ մի հստակ բան չեն նշում: Նույնը Ադրբեջանն էլ է ասում: 2015-2016թթ., երբ Եվրամիության հետ Հայաստանը պայմանագիր ստորագրեց, այդ պայմանագրում ԵՄ-ն մտցրել է մի կետ ատոմակայանի վերաբերյալ, որ հարկավոր է, որ Հայաստանը ժամանակի ընթացքում դադարեցնի այդ ատոմակայնի կառուցումը, քանի որ այնտեղ կան ինչ-որ հանգամանքներ, բայց քանի որ Եվրամիությունը նույնպես այդ հանգամանքները չի նշում, բայց ասում է, որ մոտակա ժամանակներում փակեք ատոմակայանը, թուրքերն էլ, հենվելով Եվրամիության այդ պայմանի վրա, ասում են. «Անգամ Եվրամիությունն է պայմանագրի մեջ նշել, որ մոտակա տարիներին հարկավոր է այդ ատոմակայանի աշխատանքը դադարեցնել»: Թուրքերը նշում են Եվրամիության՝ մեզ հետ պայմանագրում այդ պահանջը: Ո՞վ է իմանում, կարող է Եվրամիությունը, ելնելով իր՝ ժամանակին ասվածից, պահանջել նույնը, եթե թուրքերը, իհարկե, նրանց հետ աշխատեն:
«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՄԱՆ ԲԼՈԿՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2036-40 ԹԻՎԸ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՑՆԵՆ, ՄԵՆՔ ԻՆՉՈ՞Ւ ՉԱՇԽԱՏԵՑՆԵՆՔ»
— Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միա՞կ երկիրը: Հայկական կողմը, ի հակադրություն Թուրքիայի պահանջի, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել:
— Նախ ասեմ, որ մեր հարավային հարեւան Իրանը 2010թ.-ից «Բուշեր» ատոմակայանի մեկ բլոկ է աշխատացնում` 1060 մգվ հզորությամբ: Ի դեպ, 2000 թ. այդ «Բուշեր» ատոմակայանի կառուցման սկիզբը ես եմ դրել: «Բուշերը» գերմանացիները սկսել էին կառուցել մինչեւ Իրանում 1979թ. մուսուլմանական հեղաշրջումը: Գերմանացիները դրանից հետո կիսատ թողեցին ատոմակայանի կառուցումը ու գնացին: 1999թ. ես էլ այնտեղ էի ու նայում էինք, թե ի՞նչը կարելի է թողնել ռուսական նախագծով կառուցելու համար: Իսկ այսօր ռուսները Թուրքիայիում են կառուցում բլոկ, որի առաջին բլոկը, այս տարվա երեւի դեկտեմբերին, եթե՝ ոչ, ապա մյուս տարվա գարնանը արդեն կաշխատի, 1200 մգվ հզորությամբ:
— Կարելի՞ է եզրակացնել, որ դեռեւս ատոմակայանի աշխատանքի հետ կապված մտավախություններ չունենք եւ չի դադարի աշխատանքը:
— Գիտեք, 2025-26թթ. նորից այդ բոլոր կապիտալ ստուգումները վերեւից ներքեւ պետք է արվեն, որ եթե ամեն ինչ նորմալ է, ապա 2026թ.-ից շարունակի աշխատանքը եւս տասը տարի: Եթե հանկարծ պարզվի, որ կան հանգամանքներ, որոնք ատոմային էներգիայի անվտանգության միջազգային օրենքների համաձայն արգելում է, որ կաշխատի, այն ժամանակ չեն երկարացնի, կկանգնեցնեն: Պետք է ստուգեն եւ ասեն: Ես կարող եմ ասել հետեւյալը. ես ասացի, որ 1976թ.-ին մենք կառուցել ենք մեր առաջին բլոկը, որը չի աշխատում, իսկ 1980թ.-ին՝ երկրորդ բլոկը: Բանն այն է, որ դրանից մի երկու տարի առաջ եւ դրան զուգահեռ Ռուսաստանում նույնպես՝ Կոլայի թերակղզում կառուցվեցին այդպիսի բլոկներ եւ այդ ատոմայինում նույն ձեւով բլոկի աշխատանքը երկարացրեցին ոչ թե 10 տարով, ինչպես մերը, այլ՝ 20 տարով: Դրա համար թուրքերի ասածը, թե հին նախագծով է կառուցված եւ այլն, տեղին չէ: Հետո՞ ինչ, որ հին նախագիծ է, Ռուսաստանում նման բլոկները մինչեւ 2036-40 թիվը պետք է աշխատեցնեն, մենք էլ նույն ձեւի բլոկ ունենք, ինչո՞ւ չաշխատեցնենք:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ