Թասիբ ունեցեք, անընդհատ Նիկոլի բերանին նայելով չէ՛. Հայկ Բաբուխանյան
Տեսանյութեր - ՍԻՄ«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ անդրադարձել է հնարավոր ելքին՝ առկա արտաքին մարտահրավերների պայմաններում:
«ՏԵ՞Ղ ԵՔ ԹՈՂԵԼ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԿՌՎԻ»
— Պարոն Բաբուխանյան, ի հեճուկս Ռուսաստանի զգուշացումների՝ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը: Ի՞նչ հետեւանքներ է սա ունենալու:
— Կողմ քվեարկածները, հավանաբար, կզրկվեն ՌԴ մուտք գործելուց, ինչը ճիշտ կլինի: Դրա համար էլ նույնիսկ ՔՊ-ից ոմանք չմասնակցեցին քվեարկությանը: Այսքանից հետո՝ դեռ մարդիկ կան, որոնք ասում են՝ Ռուսաստանն ինչո՞ւ մեր փոխարեն չի կռվում: Տե՞ղ եք թողել, որ Ռուսաստանը ձեր փոխարեն կռվի: Հռոմի ստատուտի վավերացումը վերջին բարակ, նեղ կամրջակի այրումն էր Ռուսաստանի հետ քաղաքական, դաշնակցային հարաբերություններ ունենալու դաշտում: Նիկոլի տերերը սա էին պահանջում նրանից եւ ասել էին՝ դու այրում ես բոլոր կամրջակները, մենք քեզ ապահովում ենք երջանիկ ներկա, որովհետեւ իր ապագան բոլոր դեպքերում շատ վատ է լինելու: Նաեւ Նիկոլի տերերը ապահովում են, որ խորհրդարանում ու հրապարակի հարթակում գտնվող, այսպես կոչված, ընդդիմությունը, չանեն Նիկոլին ոչինչ ու ինքն էլ հանգիստ ապրի:
— Արդեն իսկ ՔՊ-ականներն արձանագրում են իրենց հաղթանակների մասին: Օրինակ` կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասում է, որ Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է:
— Երբ ՔՊ-ականները խոսում են, ամեն անգամ հիշում եմ Նժդեհի ասածը, որ ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի: Նիկոլը ստորագրեց, թե ինչքան է կազմում Ադրբեջանի տարածքը, որը համընկնում է Սովետական ժամանակների տարածքի հետ: Ասում են՝ անկլավների խնդիր չկա, բայց այն թիվը, որի տակ ստորագրել է Նիկոլը, հաշվարկված է նաեւ անկլավների տարածքները:
«ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱԹԱՓԵԼԸ ԵՄ-Ի ԵՎ ԻՐ ԳԼԽԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՄՆ-Ի ԾՐԱԳԻՐՆ Է»
— Ամեն դեպքում, Ալիեւը չգնաց Գրանադա, այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագիր»-ը չստորագրվեց: Սա էլ մատուցում են հանրությանը իբրեւ հաղթանակ…
— Նախ` Նիկոլը նույնիսկ չնկատեց, որ Ալիեւը չի գնացել, որովհետեւ ինքը գնացել էր կատարելու իր տերերի ասածները, այսինքն՝ ստորագրելու եւ ճանաչելու Ադրբեջանի ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ: Մինչ այդ, Նիկոլը Եվրամիության թելադրանքով երկու անգամ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, արդյունքում եղավ Արցախի կորուստը, իսկ հիմա նաեւ ստորագրեց: Ակնհայտ է, որ Ալիեւին ո՛չ Նիկոլի ստորագրությունն է պետք, ո՛չ հայտարարությունը, նա իր գործն անում է: Ցավոք, մենք այդպիսի ղեկավար չունենք, այլ ունենք մեկը, որը ծառայում է օտարին եւ անընդհատ զիջում է ազգային շահերը՝ հօգուտ օտարների եւ իր սեփական բարօրության: Այստեղ վտանգն այն է, որ այս անգամ արդեն ստորագրեց գրավոր փաստաթուղթ, ինչը փաստեց, որ Արցախը հայաթափելը Եվրամիության եւ իր գլխին կանգնած ԱՄՆ-ի ծրագիրն էր:
— Որքանո՞վ հանրությանը կարող է համոզիչ լինել իշխանական շրջանակների այն թեզը, թե Արցախը հանձնելով՝ փրկում են Սյունիքը, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքը»:
— Սյունիքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» փրկելու համար պետք է ունենաս ուժեղ բանակ, այդ բանակին սատարող ուժեղ, նպատակասլաց հասարակություն, որը պատրաստ է իր սեփական երկիրը պաշտպանել, ոչ թե մի օր դիմադրել, հետո թողնել ու փախչել: Պետք է ունենաս դաշնակցային լավ, վստահելի հարաբերություններ: Իսկ այսօր Հայաստանը չունի ո՛չ մեկը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը: Ավելին՝ օրեցօր փչացնում են հայ- ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունները: Այս ճանապարհով մենք շատ շուտով կկորցնենք ոչ միայն Զանգեզուրի միջանցքը, այլ` ամբողջ երկիրը, կկորցնենք Հայաստանի անկախությունը, որը պրակտիկապես այսօր արդեն կորսված է: Հայաստանն այսօր սուվերեն երկիր չէ: Նույն այդ Հռոմի ստատուտի վավերացումը նշանակում է, որ դու արդեն սուվերեն երկիր չես, եւ ինչ-որ այլ այլ պետությունների քաղաքացիներ, ինչ-որ այլ պետության մեջ կարող են դատել քո յուրաքանչյուր քաղաքացու, եւ դու պետք է այդ քաղաքացուն հանձնես:
«ԹԱՍԻԲ ՈՒՆԵՑԵՔ, ԱՆԸՆԴՀԱՏ ՆԻԿՈԼԻ ԲԵՐԱՆԻՆ ՆԱՅԵԼՈՎ ՉԷ՛»
— Բայց չէ՞ որ Փաշինյանն առիթ-անառիթ ասում է, որ այն, ինչ տեղի է ունենում՝ հանուն Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ազատության համար մղվող պայքար է:
— Եթե դու կարողանում ես պահել քո հողը, սա է անկախությունը, այլ ոչ թե թղթի վրա գրված լոզունգ , որը թափ ես տալիս՝ «Հայաքվեի» ստորագրությունների նման, թե՝ Արցախը պետք է լինի անկախ եւ ոչ այլ պետության կազմում: Հիմա դե կերեք ձեր ստորագրությունները: Անընդհատ տալիս ես քո հողը, որ վերջում մնա Հանրապետության հրապարակը եւ վրան գրես՝ «անկախ Հայաստա՞ն, որը չունի ո՛չ հող, ո՛չ ժողովուրդ: Ժողովուրդ եւ հող. սա է անկախությունը, այլ ոչ թե այն, որ քո ժողովրդին փուռը տաս, 7-8 հազար մարդ կոտորես, 120 հազար մարդ դարձնես փախստական: Ամեն ամիս Հայաստանը լքում է մոտ 50 հազար մարդ, դատարկում են երկիրը: Դուրս եկեք փողոց եւ տեսեք, որ այսօր մեր փողոցներում մոտ 20 տոկոսը ոչ հայեր են: Ընդ որում՝ օտարների մեծամասնությունը շատ թուխ դեմքերով են: Սա է այսօրվա դեմոգրաֆիական փոփոխությունը: Հայերը թողնում ու գնում են, չգիտես ովքեր են գալիս, բայց դրա հետ միասին շուտով գալու են թուրքերը եւ ադրբեջանցիները:
— Դուք մինչեւ վերջին պահը, քանի դեռ Արցախը չէր հայաթափվել, առաջարկում էիք ելք արցախցներին: Այսօր, արդեն գրեթե հայ չի մնացել Արցախում, իսկ նախագահները գերեվարված են… Ի՞նչ պետք է անի հիմա արցախցին:
— Երբ սրանք զավթեցին իշխանությունը, ես զգուշացնում էի արցախցիներին, թե ինչ է լինելու: Իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո ասում էի՝ արցախցինե՛ր, ժամանակ չկա, ամեն օրը թանկ է, դիմեք Ռուսաստանին, խնդրեք պրոտեկտորատ ձեր հանդեպ: Մինչեւ վերջ, չգիտեմ ինչ համառությամբ, այդ քայլը չարեցին: Ամեն ինչ փորձեցին՝ նամակներ էին գրում, աշխարհին էին դիմում, քննարկումներ էին անում, բայց Ռուսաստանին չդիմեցին պրոտեկտորատի խնդրանքով: Ինչ եղավ, տեսաք, ցավոք սրտի, ես ճիշտ էի: Հիմա պետք է արցախցիները պահպանեն իրենց Ազգային ժողովը, որը շատ անորակ է, բայց ուրիշը չկա, վերջին անգամ նրանց են ընտրել: Նրանք պետք է Հայաստանում ստեղծեն կառույցներ, արտագնա կառավարություն, լինեն բոլոր շրջանների արտագնա վարչակազմեր: Ուղղակի, հավաքվեք իրար գլուխ, թասիբ ունեցեք, անընդհատ Նիկոլի բերանին նայելով չէ: Վարչակազմերը պետք է գյուղ առ գյուղ հաշվառեն բոլոր իրենց բնակիչներին եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի վերադարձնել արցախցիներին իրենց բնակության վայրերը: Ընդ որում՝ անկախ նրանից, այդ պահին Արցախն արդեն ազատագրված կլինի, թե` դեռ ոչ: Մյուս կողմից պետք է բանակցային գործընթաց տեղի ունենա, որպեսզի արցախցիները վերադառնան իրենց տները եւ իրենց սեփականությանը կարողանան տիրապետել:
«ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ «ՓՐԿԵՑԻՆ» ԱՐՑԱԽԸ, ԱՅՆՊԵՍ ԷԼ «ԿՓՐԿԵՆ» ՀԱՅԱՍՏԱՆԸ»
— Այսինքն՝ ինտեգրվեն Ադրբեջանի՞ն, ինչն այսօր առաջարկում է Իլհամ Ալիեւը:
— Ի՞նչ է նշանակում ինտեգրվեն: Ամբողջ մարդկության պատմությունը պատերազմներ են, երբ գրավում են ինչ-որ տարածք, չի նշանակում այդ տարածքի ժողովուրդն ամբողջությամբ պետք փախնի: Վառ օրինակ այն, որ 1920 թվականին թուրքերը գրավեցին Կարսը, անմիջապես դրանից հետո՝ Ալեքսանդրապոլը՝ այսօրվա Գյումրին, ընդ որում՝ երկուսն էլ գրավեցին առանց դիմադրության, մոտավորապես այնպես, ինչպես հիմա՝ Ստեփանակերտը: Կարսի ժողովուրդը փախավ մինչեւ վերջին մարդը: Ալեքսանդրապոլում մի մասը, ովքեր հասկանում էին, որ կենթարկվեն բռնությունների, դուրս եկան, բայց շարքային քաղաքացիները մնացին, ավելին՝ կարողացան ինչ-որ ձեւով բանակցել թուրքերի հետ: Արդյունքում երկու տարի անց Ռուսաստանը բանակցային գործընթացով կարողացավ Ալեքսանդրապոլը վերադարձնել Հայաստանի կազմ, բայց Կարսը՝ ոչ, որովհետեւ Ալեքսանդրապոլում կային հայեր, Կարսում հայեր չկային: Այսօր պետք է ստեղծենք այդ վարչակազմերը, որոնք պետք է ձգտեն, որպեսզի անգամ այս բռնազավթված իրավիճակում միջազգային երաշխիքներով ժողովուրդը կարողանա վերադառնալ իր սեփականություն հանդիսացող բնակավայրերը: Եվ եթե իրենք այնտեղ լինեն, իմ կարծիքով՝ կգա շատ շուտ այն օրը (2-3 տարվա ընթացքում), որ Արցախը կունենա առնվազն ինքնավարություն:
— Ո՞ր երաշխիքներով վերադառնա, երբ ՄԱԿ-ի դիտորդներն արձանագրում են, որ ոչինչ տեղի չի ունեցել, իսկ ռուս խաղաղապահները հենց Արցախում էին, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այսօր արցախցին, կարծես թե, որեւէ մեկի հետ հույս չի կապում:
— Երբ քո երկրի ղեկավարությունը դավաճան է, ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ մեկ չի կարող քեզ պահել: Եթե քո ժողովուրդը փախնում է, ոչ մեկ քո փոխարեն չի կռվելու եւ քո համար որեւէ մեկի հետ չի վատացնելու իր հարաբերությունները: Թեեւ ռուս զինվորներ զոհվեցին հանուն հայերի, բայց մեծածավալ պատերազմ ոչ մեկ մեր փոխարեն չի անելու: Իսկ միջազգային երաշխքներ ստանալու ձեւեր կան, որպեսզի վերադարձվի ժողովուրդը: Բայց Նիկոլի ստացած հանձնարարությունը Արցախը հայաթափելն էր, ընդ որում՝ այն պետք է արվեր 44 օրյա պատերազմի ժամանակ՝ հենց առաջին փուլով, միանգամից: Զարմանալի չէ՞ր, որ այն ժամանակ բոլորին տեղափոխում էին Հաաստան: Օրինակ, ես հիշում եմ՝ 1992-94 թթ.-ի պատերազմին ոչ միայն տղամարդիկ, այլեւ նրանց հետ հավասար կանայք էին զենք վերցնում ու կռվում թուրքի դեմ: Իսկ 44 օրյայի ժամանակ միանգամից կազմակեպվեց արտագաղթ, ինչպես եւ հիմա, որովհետեւ Նիկոլին հանձնարարված է հայաթափել Արցախը: Մինչդեռ եթե չլինի հայաբնակ Արցախ, այլեւս Հայաստան չի լինի: Հայաստանում կունենանք թուրքական իշխանություն՝ կա՛մ ամբողջ Հայաստանը կլինի Թուրքիայինը, կա՛մ Հայաստանի մի մասը կթողնեն՝ որպես թանգարանային նմուշ, որը որեւէ իմաստ էլ չի ունենա: Իսկ մնացած կարեւոր հողերը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն՝ Սյունիք, Սեւան եւ Արարատյան դաշտում որոշ տարածքներ, դրանք, իհարկե, կտան Ադրբեջանին:
«ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԼԻՆԻ ԿԼՈՈՒՆ ՀԱՅԿՈՆ, ԹԵ ԱՎԻՆՅԱՆ ՏԻԿՈՆ»
— Իսկ ինչպե՞ս փրկել Հայաստանը:
— Ստեղծեցինք շարժում, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության», ասացինք՝ պետք է Հայաստանը հայտ ներկայացնի՝ մտնելու միութենական պետության մեջ: Սա է ճանապարհը, որով կարող ենք փրկել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը: ՍԻՄ կուսակցությունն իրական ընդդիմություն է Նիկոլին, որովհետեւ մեր գաղափարախոսությունները հակադիր են նրա հետ: Դրա մասին ես ասել եմ դեռեւս 2018 թվականի մայիսի 1-ին Ազգային ժողովի նիստում: Հարց եմ տվել Նիկոլին եւ ընդգծել այդ մասին: Այսօր նրանք, ովքեր փողոցում կանգնած ելույթներ են ունենում, նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցածների մեծ մասի պահվածքը որեւէ կերպ չի տարբերվում Նիկոլից: Օրինակ, ինձ համար ոչ մի տարբերություն չկա Երեւանի քաղաքապետ կլինի կլոուն Հայկոն, թե Ավինյան Տիկոն: Հիշե՛ք այս հարցազրույցը, եթե այսպես շարունակվի ոչ միայն Արցախին, այլ Հայաստանի հանրապետությանը սպասվում է անկախության, ինքնիշխանության, տարածքների կորուստ, հայաթափում ու ոչնչացում: Եվ ուրեմն՝ միակ լուծումն այն է, որ ժողովուրդը պետք է դրսեւորի կամք եւ աջակցի ՍԻՄ կուսակցությանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գաղափարին: Այդ դեպքում, իհարկե, մենք կփոխենք իրավիճակը:
— Բայց համաձայնեք, որ Ռուսաստանի հռետորաբանությունը փոխվել է Հայաստանի նկատմամբ, համենայնդեպս, Վալդայում Վ. Պուտինի հայտարարությունները ոչ միանշանակ ընդունվեցին:
— Իսկ ինչո՞ւ չպետք է փոխվեր այդ հռետորաբանությունը, երբ Հայաստանը Ռուսաստանի դեմ 5 տարի անում է ամենաստոր քայլերը: ՌԴ-ն փորձում է ձեռք մեկնել, Հայաստանն անընդհատ օդում է թողնում այդ ձեռքը, ասում է` եկեք տեղակայենք ձեր սահմաններին ՀԱՊԿ դիտորդներ՝ վստահեցնելով, որ դա կլուծի շատ հարցեր, Հայաստանն ասում է ՀԱՊԿ-ից դուրս եմ գալիս, բերում է Եվրամիության դիտորդներ, որոնք ինչպես «փրկեցին» Արցախը, այնպես էլ «կփրկեն» Հայաստանը: 5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը պահում է իրեն քաղաքական պոռնիկի պես, եւ դուք ուզում եք, որ դրանից հետո հռետորաբանություն չփոխվի՞: Հայաստանն ասում է՝ մենք միանում ենք Վ. Պուտինի դեմ գործողություներին, Նիկոլը նկարվում է Զելենսկիի հետ, նրա կինը գնում է Ուկրաինա եւ ծաղիկներ է դնում այնտեղ, որտեղ պետք չէ դնել: Բացահայտ լկտի ձեւով թքում են ռուսների ուղղությամբ, ռուսներն էլ ի՞նչ պետք անեին, կասեցրին պատերազմը, խելոք վարվելու դեպքում՝ հայ ժողովուրդը, եթե չընտրեր Նիկոլին, այլ ընտրեր մեզ, այսօր իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Դրա համար էլ Վ. Պուտինն ասում է՝ հայ ժողովուրդ, դուք եք ընտրել Նիկոլին, հիմա ո՞ւմ եք մեղադրում: Բայց այս բոլոր տրամադրությունները կարող են փոխվել: Ես պատահական չհիշատակեցի 1918-22 թթ. պատմությունը, երբ իշխանությունը Հայաստանում վերցրին հակառուսական ուժերը, որոնք ենթարկվում էին Ֆրանսիային, Անգլիային ու Միացյալ Նահանգներին: Արդյունքում կորցրինք տարածքներ՝ Արցախը, Նախիջեւանը, Իգդիրը, Կարսը, Ալեքսանդրապոլը: Իսկ հետո երբ փոխվեց իրավիճակը, փոխվեց իշխանությունը, եկան ուրիշ մարդիկ, որոնք հակառուսական գործունեություն չէին ծավալում, Սյունիքը մնաց Հայաստանի կազմում, Արցախը ձեռք բերեց ինքնավարության, ինչի մասին հիմա միայն կարող ենք երազել, որովհետեւ այսօր դրա մասին նույնիսկ խոսք չկա, իսկ Ալեքսանդրապոլը եւ էլի որոշ տարածքներ վերադարձվեցին Հայաստանի կազմ: Ռուսաստանի օգնությամբ՝ բավականին ծանր իրավիճակում գտնվող Հայաստանի Սոցիալիստական Հանրապետությունը 70 տարվա մեջ դարձավ 4 միլիոնանոց պետություն՝ ուժեղ տնտեսությամբ, հզոր գյուղատնտեսությամբ, աշխարհի մակարդակով լավագույն արդունաբերությամբ, ուժեղագույն գիտությունով, բարձր կրթությամբ ու մշակույթով չքնաղ երկիր: Փոխվեց վերաբերմունքը, որովհետեւ Հայաստանը եւ հայ ժողովուրդն իրեն ցուցաբերեց վստահելի գործընկեր` Մեծ հայրենական պատերազմին մասնակցեցին հերոսական ու անձնուրաց ձեւով, տվեցին մարշալներ, գեներալներ, հերոսներ: Սա իմ վերլուծությունը չէ, այլ ապացուցված է վերջին 100 տարվա պատմությամբ: Այդ պատմությունից հերթական անգամ դաս չքաղեցինք. 5 տարի առաջ բերեցին դավաճաններ, հետո մի հատ էլ վերընտրեցին, որոնց հետ ընդդիմությունը 5 տարի մուկնուկատու է խաղում: Հիմա ժամանակն է կանգնել, հակառակ դեպքում՝ ինչպես իմ ասածները, ցավոք սրտի, դարձան դառը ու անընդունելի իրականություն Արցախի համար, նույն կերպ էլ Հայաստանը կկորցնենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.