«Մի ֆունտ սիրտ» Վանաձորից` Մոսկվային
ՄշակութայինՄոսկվայում հոկտեմբերի 1-10-ը 15-րդ անգամ անցկացվեց մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին ներկայացվեց 17 բեմականացում, այդ թվում` Վանաձորի Հովհ. Աբել-յանի անվան դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը:
Վանաձորի թատրոնը հանդես եկավ Ռուսաստանի թատերական գործիչների միության Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Շայլոկի կերպարը, մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը (ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է):
Ներկայացման ներկա էին` Մոսկվայի հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն Սլավա Ստեփանյանը, թատրոնի դերասանուհի Զիտա Բադալյանը, սցենարիստ Մարիկա Գեւորգյանը, Մոսկվայի «Երիտասարդական» թատրոնի գլխավոր ռեժիսոր Շահեն Իսմայելյանը եւ «Գտնված երազ» զարգացման կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Մարի Մնացականյանը։
Ներկայացումն արժանացել է հայ եւ ռուս հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: