Ես կտանեմ Ռաուլին դպրոց, իսկ հայրիկը Մարիկային` քոլեջ. ինչպես է սկսվել սեպտեմբերի 1-ը Կարինա Դանելյանի ընտանիքում
ԱստղագուշակՍեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց նաեւ մշակութային գործիչների ընտանիքներին: Այսօր մի շարք հայտնիների փոքրիկներ եւս առաջին անգամ մուտք կգործեն դպրոց: «Իրավունքի» հետ զրույցում հաղորդավարուհի, պրոդյուսեր ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆԸ խոսել Է ծնողական հույզերի, անհանգստությունների, հուշերի ու ցանկությունների մասին:
«ՇԱՏ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ ԵՄ ԵՐԿՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ»
Կարինա Դանելյանի ընտանիքում սեպտեմբերմեկյան իրարանցումը սկսվել է վաղ առավոտյան: Նրանք նախ ամբողջ ընտանիքով գնացել են օրվա առթիվ լուսանկարվելու, ապա նոր բռնել մի մասը դպրոցի, մյուս մասը՝ քոլեջի ճամփան: Փոքրիկ ՌԱՈՒԼԻՆ առաջին անգամ մայրիկն է ուղեկցել Երեւանի Ա.Դ. Սախարովի անվան համար 69 հիմնական դպրոց:
«Կյանքում շատ երկար սպասել եմ երկու իրադարձության. երբ աղջիկս՝ Մարիկան, պետք է գնար առաջին դասարան, եւ երբ որդուս՝ Ռաուլի առաջին հանդեսը պետք է լիներ մանկապարտեզում: Մարիկային առաջին դասարան ուղեկցել էինք ամբողջ ընտանիքով` ես, ամուսինս, Ռաուլը, պապիկը: Իսկ այսօր Ռաուլին առաջին դասարան տանում եմ ես, որովհետեւ հայրիկն էլ պետք է Մարիկային առաջին անգամ ուղեկցի Պարարվեստի պետական քոլեջ: Որոշել ենք երկուշաբթի օրը փոխվենք տեղերով. ես կտանեմ Մարիկային քոլեջ, իսկ հայրիկը կտանի Ռաուլին դպրոց: Դասերը նույն ժամին է սկսվում, եւ չկարողացանք համատեղել, որպեսզի միասին գնանք ե՛ւ դպրոց, ե՛ւ քոլեջ», - մանրամասնեց Կարինան:
Թե ինչու հենց այս դպրոցն ընտրեցին Ռաուլի համար, մայրիկն անկեղծացավ. «Աղջիկս 4-րդ դասարան է, եւ ինչպես ասացի, այս տարի ընդունվել է Պարարվեստի պետական քոլեջ` բալետի բաժինը: Քոլեջը մեր տանից բավականին հեռու է գտնվում, այդ իսկ պատճառով Ռաուլի համար ընտրեցինք մեր տանը բավականին մոտ դպրոց, որպեսզի երեխաներին հեշտ կարողանանք տանել-բերել, գոնե մեկի ճանապարհը մոտ լինի, մյուսինը՝ հեռու: Բացի այդ, բավականին լավ կարծիքներ էի լսել այդ դպրոցի մասին: Այնպես որ, տվյալ ժամանակահատվածում հենց այդ դպրոցն էր մեզ նպատակահարմար»:
«ՏՂԱՍ ՈՒՆԻ ՖԵՆՈՄԵՆԱԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»
Կարինա Դանելյանն ուրախությամբ նշեց, որ իր երկու երեխաներն էլ շատ մեծ հաճույքով են սպասել դպրոցին:
«Դա երեւի գալիս է իրենց նախակրթարանից. երկուսն էլ մասնավոր մանկապարտեզ են գնացել եւ բավականին պատրաստ էին դպրոցին ու գիտակցում էին, թե ուր են գնում: Աղջիկս մինչ այս սովորել է «Մխիթար Սեբաստացի»-ում, նրա համար այդ կրթահամալիրն էի ընտրել, որովհետեւ խառնվածքով ավելի երազկոտ է, ստեղծագործող», - պատմեց արդեն երկու դպրոցականների մայրիկը եւ ընդգծեց, որ կարեւորում է ուսուցչի աշխատանքն ու շփումը երեխայի հետ, կրթության մակարդակը:
«Շատ կարեւորում եմ ուսուցիչ-երեխա փոխհարաբերությունները եւ ծնող-ուսուցիչ համագործակցությունը, որովհետեւ չեմ կարծում, որ պետք է երեխային միայն ուղարկես դպրոց եւ մոռանաս այդ մասին: Ո՛չ, երեխան տունն էլ պետք է պարապի, ուսուցչի հետ կապի մեջ լինի, երեխայի խնդիրները պետք է իմանա, բարձրաձայնի, քննարկի, որովհետեւ յուրքանչյուր երեխա շատ տարբեր է: Օրինակ, իմ երեխաները շատ տարբեր են իրենց նախասիրություններով. աղջիկս ստեղծագործական, հումանիտար ուղղություն ունի, տղաս ունի ֆենոմենալ հիշողություն: Մաթեմատիկայից շատ ուժեղ է: Չնայած դեռ նոր առաջին դասարան է գնում, բայց երկրորդ դասարանի մաթեմատիկան իր համար խնդիր չէ: Ուսուցիչը յուրաքանչյուր երեխայի պետք է ցուցաբերի անհատական մոտեցում, կարեւորի նրա «ես»-ը, չճնշի, որը շատ հաճախ եղել է մեր ժամանակ դպրոցում, ինչը երբեւէ չեմ թաքցրել», - ընդգծեց Կարինան:
Ռաուլի մայրիկը նույնքան կարեւորում է նաեւ, թե որդու դասարանում ինչ երեխաներ են սովորում, ինչ ընտանիքից են:
«Ինձ համար շատ կարեւոր է, թե երեխան որ շրջապատում է գտնվում, ում հետ է շփվում, ովքեր են այդ երեխայի ծնողները, ծնողների հետ ինչ փոխհարաբերություններ ունեն, ինչ կարող է իմ երեխան սովորել նրանից: Չէ՞ որ երեխաները ե՛ւ լավը, ե՛ւ վատը սովորում են նաեւ միմյանցից: Ես նրան կարող եմ տանն անվերջ դաստիարակել, բայց, ամեն դեպքում, նա դուրս է գալիս տանից եւ օրվա շատ ժամանակն անցկացնում է իր ընկերների հետ՝ լինեն դպրոցական, թե տարբեր խմբակների», - ասաց Կ. Դանելյանը:
«6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԵՑԻ КВН-Ի ԻՄ ԹԻՄԸ, ՀԱՂԹՈՒՄ ԷԻՆՔ ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ»
Ինչ վերաբերում է իր դպրոցական տարիներին, Կարինա Դանելյանը հիշեց 90-ականների սեւ ու մութ տարիները:
«Դպրոցից շատ տպավորվել է այն, որ 6-րդ դասարանում կազմեցի КВН-ի իմ թիմը, որի ավագը ես էի, եւ այդ թիմով հաղթում էինք բոլոր խաղերը: Ինքս գրում էի բոլոր սցենարները, դերաբաշխումներ էի անում, այսպես ասած, մեր խումբ երեխաներ էի ընդունում ու հեռացնում եւ բեմադրում էի: Հենց այդտեղից էլ ընտրեցի իմ մասնագիտությունը», - նշեց Կարինան ու մեր խնդրանքով համեմատականներ անցկացրեց իր դպրոցական տարիների ու այսօրվա կրթության եւ գնահատման համակարգի միջեւ:
«Աղջիկս, երբ սովորում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնտեղ չեն եղել գնահատականներ: Բնութագիր էին տալիս, որ երեխան այսպես էր, հիմա դարձել է այսպիսին, ուժեղ է այս առարկայից, մեկ այլ առարկայից ավելի ուժեղ է եւ այլն: Այդ իսկ պատճառով այսօրվա գնահատման միավորների հետ չեմ բախվել, այս տարի, երեւի թե, նոր պետք է բախվեմ: Թեպետ որքանով լսել եմ, առաջին դասարանում էլ երեխաներին գնահատականներ չեն նշանակում: Անկեղծ ասած, բացարձակ դեմ եմ «դու՝ հինգ», «դու՝ չորս», «դու՝ 10» գնահատմանը: Ինձ համար սա երեխաների պիտակավորում է, բայց ունենք այն, ինչ ունենք», - այսպես բնութագրեց իրավիճակը պրոդյուսեր մայրիկը:
Եզրափակելով զրույցը՝ Կարինա Դանելյանը բոլոր առաջին դասարանցիներին մաղթեց, որպեսզի չվախենան, չքաշվեն, սիրեն դպրոցը. «Երբ սիրով ես մոտենում ցանկացած գործի եւ նորարարության, անպայման քո մոտ ստացվում է: Հիշե՛ք, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Իսկ ծնողներին մաղթում եմ, որպեսզի սթրեսի չենթարկվեն, չնայած ինքս, միեւնույնն է, սթրեսի եմ ենթարկվում՝ ծնողները եւս շատ խոցելի են սեպտեմբերին: Եվ անկախ նրանից՝ տնային աշխատանքները, ինչ-որ առարկաներ ստացվում են, թե չեն ստացվում, երեխաների վրա թող չբարկանան, սկզբում կարող է եւ չստացվել, հետագայում էլ կարող է չստացվել, բայց դրանում ոչ մի «կրիմինալ» երեւույթ չկա: Մի երեխա կարող է հումանիտար առարկաներից ուժեղ լինել, մյուսը՝ մաթեմատիկայից: Ես կոնկրետ իմ երեխայի մեջ փորձում եմ զարգացնել այն, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում, ինչ սիրում է, այլ ոչ թե կրկնակի ժամանակ տրամադրել նրան, ինչ չի սիրում ու ինչ իր մոտ չի ստացվում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ