Այսօր երկրում իշխում են գլոբալիստ սատանաները. Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ, արժանապատիվ Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:
— Տեր Հայր, մոտենում է Վարդավառի տոնը. ի՞նչ կասեք այդ օրվա հետ կապված եկեղեցում անցկացվող արարողակարգի մասին: Վարդավառը ժամանակին մեր սիրած տոներից էր, հիմա կարծես այն չէ: Հոգեբանորեն մարդկանց մոտ բա՞ն է փոխվել:
— Վարդավառի խորհուրդը Քրիստոսի պայծառակերպության տոնն է, երբ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս պայծառակերպվեց, այլակերպվեց առաքյալների առջեւ՝ ցույց տալով նրանց իր աստվածային փառքը:
Այդ օրվա հետ կապված՝ տոնի ժողովրդական դրսեւորումը՝ «ջրոցին», Նոյի ժամանակներից եկած սովորություն է: Ի դեպ, ջրհեղեղի մասին պատմությունը տարածված է աշխարհի գրեթե բոլոր ազգերի մեջ: Գորիսում այդ օրը նշանավոր օր է լինելու, Պայծառակերպության տոնի Սուրբ Պատարագի ընթացքում Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քահանայական ձեռնադրություն է լինելու: Չորս սարկավագներ պետք է քահանա դառնան, օծվեն, Աստծո օծյալները լինեն եւ իրենց հոգեւոր ծառայությունը մատուցեն Հայ ազգին ու եկեղեցուն:
-Որքանո՞վ են եկեղեցու հոգևոր խորհուրդներն այսօր ընկալելի մեր երկրում:
-Առհասարակ, այսօր Գորիսում մեծ հոգեւոր շարժ կա, մասնավորապես՝ շատ են մկրտվողներն ու Սուրբ Հաղորդության մասնակիցները, եւ նրանց մեջ մեծամասնություն է մատաղ սերունդը՝ մեր խոստումնալից ապագան: Աստվածաշնչում գրված է, որ երբ Աստված Սոդոմ-Գոմորը պետք է կործաներ, Աբրահամին ասաց` եթե տասը արդար լինի, ես այդ քաղաքը կխնայեմ: Ես իմ համայնքին ասում եմ` ո՛չ թուրքը, ո՛չ ամերիկացին, ո՛չ ադրբեջանցին ոչ մի բան չեն կարող անել, եթե մեր մեջ լինի տասը արդար: Ուզո՞ւմ եք Գորիսը անվնաս պահպանվի ու բարգավաճի, ուրեմն ձեր մեջ պետք է լինի այդ «տասը արդարը»: Արդարության այդ ձգտումը պետք է ունենանք, որովհետեւ մեղքը իբրեւ հետեւանք, հոգու մահ է ծնում:
Թուրքն այսօր կրակում է Տեղ գյուղում, Սեւ լճում: Եթե մենք նայում ենք նրանց եղանակի տեսությունը, այնտեղ Հայաստանը ներկայացվում է՝ որպես Արեւմտյան Ադրբեջան: Մենք կրակով պետք է անցնենք: Ոսկին կրակի մեջ է փորձվում: Ազգն է այսօր մտահոգ, իսկ ազգը տարբերվում է ժողովրդից: Ժողովուրդն ազգը չի: Ժողովուրդը հայրենիք չունի, հայրենիքի հանդեպ զգացողություն չունի: Ժողովուրդն ասում է. «Որտեղ հաց, այնտեղ կաց»: Այդ ժողովրդին մի տեղից հանես, տանես մեկ ուրիշ տեղ, հացը դնես առաջը, ինքը գոհ ու երջանիկ կապրի: Ազգն է, որ կերտում է հայրենիքի ապագան: Ազգը միշտ քիչ է, բայց զորավոր է, բայց այսօր ազգի մի մասը դեռեւս չի հասկանում՝ ինչ է կատարվում, իսկ մյուս մասի ձայնն էլ խլացնում են: Զենքի ազատականության օրենքը, որ ուզում են ընդունել, հղի է շատ մեծ վտանգներով: Թուրքը մի լավ խոսք ունի` հային պետք չի կոտորել, հային պետք է զենք բաժանել: Իրենք դա են անում: Այդ զենք բաժանելը՝ շատ վտանգավոր բան է: Այսօր ամեն հանցագործ կարող է գնալ եւ զենք գնել: Ճիշտ է՝ սահմանամերձ գոտիներում պետք է զենք լինի, բայց դա հավաքական մի տեղ պետք է լինի, որ հարկ եղած դեպքում շատ արագ կարողանան վերցնել եւ գնալ իրենց հողը պաշտպանել: Սոցիալական ծանր վիճակում ենք` խաղամոլության, թմրամոլության, անբարոյության արմատացումը ներկայիս սպառողական հասարակության մեջ անհայրենիքների կողմից խրախուսվում եւ հովանավորվում է: Պատկերացնու՞մ եք, եթե մարդը խաղամոլ, թմրամոլ, անբարո է, ի՞նչ պետք է անի:
— Հոգեւոր-մշակութային արժեքների մասին ի՞նչ կասեք:
— Երբ Հայաստանը մտավ Բոլոնյան կրթական համակարգի մեջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ դպրոցներից պետք է հանեն հոգեւոր, մշակութային, ազգային, ռազմահայրենասիրական թեմաները, կրթությունը դարձավ 12-ամյա, արդեն ամեն ինչ պարզ էր, թե ինչ են ուզում անել: Այսինքն` դպրոցական ծրագրի ազգապահպան կոնտենտը դուրս է մղվում՝ փոխարինվելով համահարթեցված հասկացություններով ու հայեցակարգերով: Այսօր երկրում իշխում են գլոբալիստ սատանիստները, իսկ դրանցից ազգային բան պահանջելը, մեղմ ասած՝ միամտություն է:
Մշակութային ոլորտը այսօր գրեթե լիովին պարպված է ազգային տարրից եւ վերածվել է «ենթամշակույթի»: Սպառողական հոգեբանությամբ գոյատեւող ընտանիքները այդ «մշակույՏի» կրողներն ու տարածողներն են՝ ամենայն մարդկայինի ու ազգայինի հանդեպ իրենց անխոնջ ու զգոն անտարբերությամբ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ