Թե տղա ես, «տոռմուզ» տուր. խայտառակ իրավիճակ՝ Երեւան-Մարգարա ճանապարհին
ՀասարակությունԵրեւան-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը Գայ գյուղի վարչական շրջանում փակ է ամբողջությամբ: Չկա շրջանցող ճանապարհի մասին ոչ մի տեղեկություն կամ ցուցանակ: Որեւէ պատկան կառույց որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում: Այս մասին ահազանգում է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ զանգահարել է 9-11 ծառայություն, 1-02 ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
— Ճանապարհին ընդհանրապես գոյություն չունեն նշաններ, տեղադրված քարտեզ, թե վարորդները որ գյուղերով պետք է իրականացնեն շրջանցում: Առհասարակ նման իրավիճակներում տրակտորը բացում է լրացուցիչ ճանապարհ, որպեսզի հարակից դաշտամիջյան ճանապարհը ծառայի որպես շրջանցման ճանապարհ: Սակայն, դա բացակայում է, դու արագության տակ հասնում ես հողաթմբին, ու «թե տղա ես, «տոռմուզ» տուր» հասկացողությամբ՝ արգելակում ես, ապա ստիպված հետ ես վերադառնում քո եկած ճանապարհով, որպեսզի շրջանցես:
— Պարոն Իսայան, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, եւ ի՞նչ հետեւանք պետք է սպասել:
— Առաջին հերթին՝ Տեղական ինքնակառավարման մարմինը, ով «Կամուրջշին» ընկերության հետ պատասխանատու է կամուրջների վերանորոգման համար եւ պատասխանատվություն է կրում ճանապարհի փակ լինելու հետեւանքով ճանապարհային նշանների եւ շրջանցման քարտեզի բացակայության համար: Կարծում եմ՝ ՀՀ օրենքը նման է ՌԴ օրենքին, այնտեղ տվյալ կազմակերպությունը՝ «Կամուրջշին»-ը, նման դեպքում, բնականաբար, կենթարկվեր պարտադիր տուգանքի:
— Փաստորեն, ինքներդ եք եղել այդ ճանապարհին եւ սեփական փորձով գիտեք խնդրի մասին…
— Այո, ինքս եմ եղել այդ ճանապարհին, երկու գյուղ շրջանցելով՝ 500 մետրի փոխարեն՝ 7 կմ ճանապարհը երկարացնելով՝ բժշկին հասցրել եմ հիվանդի տուն: Նույն հարցը ես ուղղել եմ Արտակարգ իրավիճակների վարչության պետին եւ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահին, որ եթե ձեր տատիկը մահանում է, եւ ձեր հայրը կանչել է շտապօգնություն, բժիշկն ուշանում է, ու ձեր հայրը ստիպված է տեսնել, թե ինչպես է մահանում իր հարազատ մայրը, որովհետեւ բոլոր ծառայությունները տեղում չեն, ո՞վ է պատասխանատու այս «բարդակի» համար: Ես արդեն չեմ զարմանում, այսօրվա իշխանությունն ինչպես վերաբերվում է արցախահայության հարցին, նույն կերպ էլ ՀՀ տարածքում գործող կազմակերպությունները վերաբերվում են մեր ազգաբնակչությանը վերաբերող հարցերին: Հիմա մի հոգի ավել մեռավ, մի հոգի՝ պակաս, իրենց համար էական չէ, գլխավորը՝ իրենք ճանապարհների վերանորոգմամբ՝ կարող են գումար աշխատել: Սա ամենաանպատասխանտու պահվածքն է, որը վերջին մի 10 օրվա ընթացքում հանդիպեցի: Ուղղակի, անթույլատրելի, զզվելի, նողկալի, ցավալի է: Ընդ որում՝ եթե նույնիսկ համացանցում տեղադրված է հայտարարություն դրա մասին, դա բավարար չէ: Այսօր ՀՀ-ում բնակվող հազարավոր քաղաքացիներ օգտվում են այնպիսի հետախոսներից, որոնցով չեն կարող համացանց մտնել եւ հետեւել հայտարարություններին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ