«Ով թուրքի խաղն է խաղում, նա հայի մահվան դատավճիռն է կայացնում». Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Տեսանյութեր«Իրավունքը» այցելել է Սյունիքի մարզի Տաթևի վանք և սուրբ պատարագից հետո զրուցել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:
— Երբ պատարագ էիք մատուցում, ի՞նչ էիք զգում այդ պահին:
— Ես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվն եմ: Այսօր ընտանեկան այց ենք արել, ուխտ ենք արել, որպեսզի գանք Սուրբ Գրիգոր Լուսավորչի նվիրյալ տոնին ու այստեղ պատարագ մատուցենք: Եթե պատարագին նկատեցիք, իմ տղան էր վերևը սպասարկում, իսկ երեցկինը իմ աղջիկների հետ սուրբ պատարագ էին երգում: Գաղափարը ինչն էր: Մեր հայրենիքի համար էր այդ ուխտը: Ես վստահ եմ, որ այդ աղոթքով և պատարագով արդեն մի քար դրեցի մեր հայրենիքի ամուր պարսպի տակ, որպեսզի չսասանվի:
— Այսօր այն, ինչ-որ կատարվում է երկրում, ինչպե՞ս է անդրադառնում Սյունիքի ժողովրդի հոգեվիճակի վրա: Ցավոտ լուծումներին պատրա՞ստ է սյունեցին:
— Մենք պետք է ժողովուրդ ասվածը բաժանենք ազգից: Դրանք տարբեր են: Այդ ժողովուրդը, երբ Քրիստոս մտավ Երուսաղեմ, իրենց հագուստները փռեցին, արմավենիների ճյուղեր փռեցին, օվսաննա գոռացին, փառք տվեցին Աստծուն բարձրունքներում, բայց մի երկու կոպեկի, ստամոքսի համար ասացին` խաչ հանել Հիսուսին: Այդ ժողովուրդն ընտրեց երիտթուրքերին, երբ մեր ազգի կարկառուն դեմքերն ասում են` թուրքի լավը չի լինում: Ասացին` չէ՛, սրանք ուրիշ թուրքեր են ու գնացին ընտրեցին երիտթուրքերին, որի արդյունքում եղավ Ցեղասպանությունը: Այդ նույն ժողովուրդն ընտրեց հպարտ քաղաքացուն (որ հպարտության հ տառը հանում ենք, մնում է պարտությունը), ընտրեց այս մեկին: Այսինքն` ժողովուրդը տարբեր է ազգից: Ազգը հասկանում է՝ ինչ է անում: Մեր մեծերն ասել են` երբեք ամբոխի մաս մի կազմի, որովհետև ամբողխը միշտ ընտրում է Բարաբային: Ահավասիկ, մենք տեսնում ենք այդ Բարաբայի ընտրության արդյունքները: Դժվար օրեր են սպասվում...
— Ներկայիս իշխանությունն ասում է` ժողովուրդն է մեզ ընտրել, ժողովուրդն էլ կարող է մեզ հեռացնել:
— Ես հենց դա եմ ասում` ամբոխն է ընտրել: Ժողովուրդ ասվածը ամբոխն է: Ժողովուրդ ասելով՝ գուցե ձեր ասած մարդը նկատի ունի այլասերվածներին, սորոսականներին, աղանդավորներին: Չէ՞ որ նրանք էին ճանապարհը փակողները: Դրանք իր ժողովուրդն են, և այդ մասսան հայի հետ կապ չունի: Բայց հայ մարդը լավ գիտի՝ մենք մեծ Հայաստան ենք կերտելու: Հուդաներին շատ վատ ճանապարհ է սպասվում:
— Գորիսի ժողովրդի հոգեվիճակն ինչպիսի՞ն է այս պահին:
— Գորիսում, բարեբախտաբար, ժողովուրդը քիչ է, հիմնականում ազգի ներկայացուցիչներն են: Մարտական են տրամադրված: Մեր ազգը լավ գիտի, աշխարհում չկա մի դավաճան, որ իր մահով մեռած լինի:
— Խաղաղության պայմանագրի ուժին հավատո՞ւմ եք, և Սյունիքում պատրա՞ստ են ցավոտ լուծումների:
— Գայլը բարձրանում է սարի գագաթը, տեսնում է ստորոտում ոչխարներն են արածում: Վերևից ոչխարին ասում է` խաղաղությո՜ւն ամենեցուն: Ծեր ոչխարն ասում է` սրա տված խաղաղությունը մեզ համար մահ է, ով ոնց կարողանում է, թող փրկվի: Իսկ մեր պապերն ասել են` թուրքը կարմիր խնձոր էլ դառնա, գրպանդ չդնես: Ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը այս պատմության մեջ տեսաք: Թուրքի խաղը՝ հայի մահն է: Ով թուրքի խաղն է խաղում, նա հայի մահվան դատավճիռն է կայացնում:
— Այսօր Արցախը շրջափակման մեջ է, և աշխարհը լուռ է: Արցախի համար Սյունիքում պատարագներ լինո՞ւմ են:
— Ամեն կիրակի պատարագներին հիշում ենք Հայաստան և Արցախ աշխարհին: Ինչ վերաբերում է աշխարհի լռությանը, աշխարհը պետք է լուռ մնա: Իսկ ինչի՞ պետք է աշխարհը խոսի: Եկեք մի ուրիշ տեսանկյունից նայենք: Ասենք թե մի մարդ ունի չորսսենյականոց տուն, հարևանի հետ պայմանավորվում է, ասում է` եթե իմ թշնամին հարձակվի, դու ինձ օգնում ես: Հետո գնում է թշնամու հետ պայմանավորվում է, ասում է` մի սենյակը քեզ եմ տալիս: Սկզբում տալիս է մի սենյակը: Հետո քանի որ տալիս են, ասում է` լսիր, ինձ նաև պետքարան գնալու համար միջանցքն է պետք: Սա էլ պետք է տաս: Հետո տանտերը դուրս է գալիս, ասում է՝ իմ հարևանը, որի հետ ես պայմանագիր ունեմ կնքած, ինքն ինձ դավաճանել է, դա չի անում: Հարևանը զուսպ մարդ է, չի ասում` ա՛յ ընկեր ջան, դու արդեն վաճառել ես, ինչ անեմ: Հիմա աշխարհը գիտի այդ ամեն ինչի մասին, ինչի՞ արձագանքի: Դուք լինեք, ի՞նչ պետք է անեք:
— Դիվանագիտորեն կփորձենք հարցերը լուծել:
— Այսինքն` մի բան, որ դու վաճառել ես, ուզում ես հարց բարձրացնել, որպեսզի վաճառածդ նորից հե՞տ վերցնես: Բա գումա՞րն ով է տալու:
— Դժվար վիճակում ենք...
— Այո, բայց 44-օրյա պատերազմից մի շաբաթ առաջ էլ հայտնություն տեսա, եկա ընտանքիով ուխտի, այսօր էլ եմ այստեղ ընտանիքով ուխտի եկել: Բայց այս անգամ դավաճաններն, իհարկե, դժոխք կգնան, որովհետև համաշխարհային պատմության մեջ չկա այդպիսի դեպք, որ դավաճանը մինչև կյանքի վերջ ապրի: Որովհետև Հուդայի վերջը կախաղանն է: Ուրախացնեմ մեր ազգին` մեծ հայրենիքի կերտման ճանապարհին ենք: Կրակով պետք է անցնենք, բայց մենք մեծ հայրենիք կունենանք, ու Թուրքիա, Ադրբեջան չի լինի:
— 2018 թվականի իրադարձությունների մասին ի՞նչ կասեք:
— Մենք որ նայում ենք, 2018 թվականի իրադարձությունները մեր հասարակությունը լավ չի ընկալել, չի հասկացել՝ ինչ է կատարվում: Նախ հրապարակը լցվեցին աղանդավորներով, այլասերվածներով, սորոսականներով, որոնք բավականին մեծ թիվ էին կազմում: Հետո տեսանք՝ դագաղները պտտեցրին: Հետո Ցեղասպանության հուշահամալիրը ի՞նչ էին անում… Ի վերջո, եղավ ցեղասպանություն, և այդ զոհերը բավականին շատ են, քան իրենք են ասում: Դա շուտով կբացահայտվի, երկար չի տևի, և մենք կիմանանք իրական քանակը: Հիմա տեսեք, մինչև այսօր դագաղ են պտտեցնում, չէ՞... Դրանք մեր զինվորների դագաղներն են, որ մինչև այսօր պտտում են: Եվ ցեղասպանության ենթարկվեց ազգը: Երբ նայում ենք հայրենիքի հանձնումները ոնց կատարվեցին` Շուշին հանձնեց թուրքի դրոշի օրը, Քարվաճառը հանձնեց Մոնթեի ծննդյան օրը, կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց նոյեմբերի 9-ին: Ինքը եկավ Սյունիք Նժդեհի մահվան օրը: Նա եկել էր Սյունիքը թաղելու: Ճանապարհը փակեցինք: Աստծուն փառք, Աստված միտք տվեց, որ չթողնենք գա: Հիմա ինչքան ուզում է գա, այդ ծիսակարգն արդեն չկա: Մայիսին ընտրվեց ղեկավար, մայիսը մեր հաղթանակների ամիսն էր: Սովորաբար սատանայական ծիսակարգի մեջ դրականը պիտի փոխես բացասականի: Օրինակ` դիվական ծիսակարգում վերցնում ենք 911-ը, փրկության համար են ասում, չէ՞: Ասեմ ավելին, 911 թվականին սատանիստները հավաքվում են կղզում, 25 կետից բան են կազմում, թե երկիրը պղծելով՝ ոնց գան իշխանության և տեր լինեն երկրին: Հիմա հիշենք 9/11-ը: Ամերիկայի առևտրի կենտրոնները ե՞րբ հարվածեցին` 9/11-ին չէ՞, սատանան ասաց` արդեն ես այստեղ եմ: Կապիտուլյացիոն փաստաթուղթը ե՞րբ ստորագրվեց՝ 9/11-ին: Այսինքն` տեսնում ենք, որ այդտեղ ոչ թե աստվածային, այլ սատանայական ուժ կա: Դրա համար եկեղեցու դեմ պայքարում է: Այս թեմային վերաբերող մի առակ պատմեմ: Մարդու օրգանիզմում որդերն ու բակտերաները պայքարում են: Ասում են` մեզ ազատություն է պետք: Ի վերջո, տալիս են այդ ազատությունը: Մի պահ այդ որդերը, բակտերաներն իրենց լավ են զգում: Հետո զգում են, որ ցուրտ է: Հետո տեսնում են, որ մութ է: Հետո էլ օդ չկա շնչելու: Պարզվում է՝ այդ օրգանիզմը մեռել է: Եկեղեցին այդ իմունիտետն է: Ինքը դրա համար է պայքարում: Որովհետև եկեղեցին եթե այսօր հանում ենք հայ իրականությունից, աղանդավորները, այլասերվածները, սորոսականները հնձում են:
— Նաև չէ՞ որ «Եկեղեցու պատմության» առարկան են հանում:
— Ոչ միայն «Եկեղեցու պատմության» առարկան են հանում, այլ նաև ազգային ամեն ինչն են հանում: Հիմա օրենքով արգելված է՝ զինվորականը մտնի հայրենասիրությունից խոսի, քահանան մտնի հայրենասիրությունից խոսի:
— Կան մարդիկ, որոնք համարում են, որ քաղաքական գործերի մեջ չպետք է քահանան խառնվի:
— Ծիծեռնավանքը, մեր այդքան սրբությունները, որ հանձնվեցին թուրքին, երբ քահանան ասում է՝ դու թուրքին ես հանձնել, դա քաղաքականությո՞ւն է: Կամ ո՞վ է ասել, որ քահանան չպիտի խառնվի: Մենք երկար տարիներ պետություն չենք ունեցել: Այդ եկեղեցին չի՞ այդ ամեն ինչի մեջ եղել, պահել: Անուն են դնում, եկեղեցու դեմ դուրս գալով, որ աղանդավորները, այլասերվածներն ու սորոսականները լցվեն երկրում: Նորից եմ ասում, եկեղեցին հանում ես, այդ որդերն ու բակտերիաները հնձած գնում են: Ազգի տակը բան չի մնում: Դրա համար նրանք մտածված եկեղեցու դեմ պատերազմի են դուրս եկել:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Գորիս-Երեւան