Պիտի Հայաստանում բունտ բարձրանա, այս դավաճանին դո՛ւրս շպրտեք. Վեներա Գասպարյան
ՆերքաղաքականՊարզվում է` մինչեւ վերջին պահը քննարկվել է, որ Մոլդվայի մայրաքաղաք Քիշնեւ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ինչպես այլ երկրներ կատարած պաշտոնական այցերի ժամանակ, պետք է հանդիպի տեղի հայ համայնքի հետ, բայց ինչ-որ պահի պլանները փոխվել են: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Քիշնեւում «Մոլդովայի հայ կանայք» ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, Սուրբ Հարություն եկեղեցուն հարակից «Արմենիա» մշակութային կենտրոնի հիմնադիր, «Մոլդովայի հայ համայնք» ՀԿ ղեկավար, կոմպոզիտոր, բանաստեղծ ՎԵՆԵՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչո՞ւ մինչեւ վերջին պահը չկար հստակ տեղեկություն, թե արդյոք Փաշինյանը հանդիպելու է տեղի հայ համայնքի հետ:
— Երկու անգամ հետաձգեցին հանդիպումը: Մի անգամ ասացին, որ մայիսի 31-ին պետք է տեղի ունենա, ես էլ իսկույն համաձայնել եմ հանդիպմանը մասնակցել: Բայց հետո զանգահարեցին, թե` այդ օրը չի լինելու, հունիսի 2-ին է լինելու: Ընդ որում` տեղեկացրին, թե կատեգորիկ ինձ թույլ չեն տալիս մասնակցել այդ հանդիպմանը: Հարց է ծագում` եթե ինձ, ով 25 տարի առաջ հիմնադրել ու ներկայացնում է հայ համայնքը, արգելված է, ապա ո՞ւմ են թույլ տալիս: Չգիտեմ` որքանով է ճիշտ, բայց ինձ ասացին, թե իրենց հետ էլ կան մարդիկ, տեղեր պետք է ավելացնել եւ այլն, այսինքն` ստացվում է, որ իրենց հարմար մարդկանց հետ էին ուզում միայն հանդիպել: Ես էլ շատ բորբոքվեցի եւ զգուշացրեցի, որ եթե այստեղի հետ է կապված խնդիրը, անմիջապես կպարզեմ, ում պետք է կզանգահարեմ: Եթե հանդիպման մասնակիցների ցուցակ պետք է կազմվի, անպայման պետք է լինեմ եւ իմ հարցերն ուղղեմ: Չե՞ք ուզում ես լինեմ այդ հանդիպմանը, մենք էլ չէինք ուզում, որ Փաշինյանը գար այստեղ, բայց չէ որ եկել է: Ի դեպ, Մոլդովայում անգամ ՀՀ դեսպան չունենք, ում բերում են, իրենց պես է դուրս գալիս, իրենք բերում են, իրենք էլ` հեռացնում: Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն է եկել, որ դիմավորեր Փաշինյանին: Այնպես որ, եթե լիներ նման հանդիպում, աշխարհն էլ շրջվեր, ներկա էի լինելու: Ու թող փորձեր որեւէ մեկը խոչընդոտել: Սակայն այս ողջ պատմությունից հետո զանգահարեցին եւ ասացին, որ հանդիպումը չեղարկել են: Ալիեւն իր եղած-չեղածների հետ հանդիպել է, սա չհանդիպեց հայ համայնքի հետ:
— Բայց, այդուհանդերձ, հանդիպումը տեղի ունեցավ, ո՞ւմ հետ էր հանդիպել Փաշինյանը:
— Գաղտնի մի քանի հոգու հետ հանդիպել է: Փաշինյանի հրապարակած տեսանյութում առկա հարցուպատասխանը լավ բեմադրված ներկայացում է հիշեցնում, բայց չի ներկայացնում Մոլդովայի հայ համայնքին: «Պեղել էին» յուրայիններ Ուկրաինայից, Մերձդնեստրից, մի քանի հոգի էլ գտել Մոլդովայից, որոնք նիկոլահաճո հարցեր կհնչեցնեին ու ծափ կտային եւ, իհարկե, ոչ մի խոսք չէին ասի Արցախի մասին:
— Իսկ ընդհանուր առմամբ` ի՞նչ տրամադրություններ կան տեղի հայության շրջանում:
— Շատ դեմ են Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը եւ իր առեւտրին` մեր հայկական հողերի վրա: Այս օրերին բոլորը միայն մի հարց են տալիս, թե կարո՞ղ է մի դավաճանական թուղթ ստորագրի: Իհարկե, Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, որ չստորագրի էլ, հետո կարող է էլի ասել, թե բանավոր է պայմանավորվել: Բա մեկը հարց չի՞ տալիս` դու գողական աշխարհում ես ապրո՞ւմ, ի՞նչ բանավոր պայմանավորվածություն, գնա կնոջդ ու երեխուդ հետ բանավոր պայմանավորվի, ում պատճառով հարյուրավոր տղաներ զոհվեցին, ինչ է թե ֆոտոսեսիա էր ուզում անել: Ես հավատում եմ, որ նա փող է վերցրել եւ տալու է հողերը: Հիշո՞ւմ եք Ալիեւի հետ վերելակային բանակցությունները, այն ժամանակ է նա արդեն ծախվել: Ալիեւը դեռ այն ժամանակ հասկացավ, որ սա սոված է ու փողի մեռած: Ու մեր երկիրն արդեն 5 տարի է դիմանում է այս լկտիությանը, խելագարվել կարելի է…
— Որպես Սփյուռքի ներկայացուցիչ` ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:
— Պիտի Հայաստանում բունտ բարձրանա, բոլորս պետք է հավաքվենք` Հայաստանով-Սփյուռքով-Արցախով մոբիլիզացվենք պետք եղավ համայնքներից գանք, ինչով կարող ենք օգնենք եւ հեռացնենք Փաշինյանին կառավարության ղեկից: Ցավում եմ, որ Հայաստանը դեռ քնած է: Ընդդիմադիրներն ասում են, թե` մենք պաշտոնի համար չենք պայքարում: Մինչդեռ Փաշինյանն առաջին իսկ օրից ասում էր` եթե ես վարչապետ չլինեմ, ուրիշ վարչապետ չի լինի: Պարոնա՛յք, համարձակություն ունեցեք եւ ասեք, որ լավ էլ պաշտոն եք ուզում, այս դավաճանին դուրս շպրտեք ու տեղը նստեք: Արդարացողին ոչ մեկը մարդու տեղ չի դնում, պետք է ուժի միջոցով ու խելքով գործդ առաջ տանես:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ