Այս իշխանությունը մի պատերազմ պարտվել է, երկրորդ պատերազմը չենք կարող վստահել. Չոբանյան
Տեսանյութեր«Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՏԻԳՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆՆ ահազանգում է, որ հենց հիմա մեզ սպառնում է շատ լայնածավալ պատերազմ:
— Թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով անպատժելիությունից, իր հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի` վերջնականապես հայկական հարցը փակելու համար: Եվ նրանք դրա համար ունեն շատ մեծ հնարավորություններ: Հայրենիքի, մեր սահմանների, մեր ազգային արժեքների հարցում անտարբեր մնացողներին, դիվանների վրա նստած սոցցանցերում գրառումներ անողներին, որոնք քննադատում են մեզ, թե «հելեք, սրա-նրա վիզը կտրեք», ասում եմ` բա եկեք միացեք, անենք: Նախիջեւանի սահմանում կուտակված է 40 հազարանոց զորք, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ թե հայտարարում է համար մեկ, այլ հայտարարել է` պատրաստվեք պատերազմի: Անսահման քանակով կուտակումներ կան Արցախից դեպի Հայաստան եկող ամբողջ այդ տարածքներում: Արցախի վրա հարձակվել եւ պատերազմ հրահրելը բոլորիս շեղելու համար է: Հիմնական նպատակը Հայաստանն է: Հիմա վտանգված է Հայաստանը, ոչ թե` Արցախը: Արցախում ռուսն է կանգնած, եւ Ադրբեջանն այնտեղ «քիթը չի մտցնի»: Իր նպատակը հենց հիմա մտնելն է Ջերմուկով, Տիգրանաշենով Նախիջեւան եւ կտրելն է Սյունիքը: Բա մենք ո՞ւր ենք, մեր պետությունն ո՞ւր է: Ես ամեն գիշեր քնում եմ` մտավախությունով, որ առավոտ զարթնելու եմ ու լսեմ, որ պատերազմ է սկսվել: Ամենաշատը մեկ-երկու ամիս ժամանակ ունենք` այսօրվանից սկսած: Զոհվածների ծնողները բարձրացել են Տեղ գյուղի դիրքերը, տեսել են, որ ո՛չ զորք ունենք, ո՛չ զինվոր, ամեն դիրքում երկու-երեք ոստիկան է կանգնած, որն ինքն էլ չգիտի` ինչ է անում: Սա է մեր վիճակը: Հետեւապես, անգամ եթե պատերազմ սկսվի, մենք պետք է դուրս գանք փողոց եւ պայքարենք` այս իշխանությունը փոխելու համար, որովհետեւ այս իշխանությունը մի պատերազմ պարտվել է, երկրորդ պատերազմ չենք կարող վստահել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ