Հռոմի ստատուտի վավերացման «մեդալի» հակառակ կողմը
ԻրավականՍահմանադրական դատարանն օրերս հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: Ըստ այդմ, որոշվեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը առ այսօր լայն քննարկման առարկա է դարձել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս ԼԻԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը Հայաստանի Հանրապետության համար:
— Կարծում եմ՝ հայերը լինելով ցեղասպանություն վերապրած ազգ, առավել շահագրգռված պետք է լինեն, որպեսզի ՀՀ-ն անդամակցի մի կառույցի, ի դեմս Միջազգային քրեական դատարանի, որը քրեական պատասխանատվություն է սահմանում այն ֆիզիկական անձանց համար, ովքեր կատարել են միջազգային հանցագործություններ, մասնավորապես՝ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ եւ ագրեսիա: Քանի որ բացի ՄՔԴ Կանոնադրության վավերացումից, նախատեսվում է նաեւ ընդունել ՀՀ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու հայտարարություն, այսինքն՝ Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը դատարանի կանոնադրության 6-8-րդ հոդվածներով նախատեսված` ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների նկատմամբ ճանաչել 2021թ. մայիսի 10-ի ժամը՝ 00:00-ից սկսած, ապա իրավական տեսանկյունից այն մեզ լրացուցիչ հնարավորություն կտա Միջազգային քրեական դատարանի շրջանակներում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, որոնք ՀՀ տարածքում կատարել են վերը նշված հանցագործությունները:
— Ինչպե՞ս է Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությամբ իրավական կարգավորման ենթարկվում պետության գլխին կալանավորելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ արդյոք այդ գործընթացի վրա որեւէ ձեւով ազդում է այն հանգամանքը, թե որտեղ է կատարվել միջազգային հանցագործությունը:
— Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելով՝ պետությունը պարտավորվում է Կանոնադրության 27-րդ հոդվածի համապատասխան այն հավասարապես կիրառել բոլոր անձանց նկատմամբ՝ առանց պաշտոնական դիրքով տարբերակելու: Մասնավորապես, պետության կամ կառավարության գլխի, կառավարության կամ պառլամենտի անդամի, ընտրված ներկայացուցչի կամ կառավարության անդամների պաշտոնական դիրքը ոչ մի դեպքում անձին չի ազատում պատասխանատվությունից եւ ինքնին դատավճռի մեղմացման հիմք չէ: Իսկ կալանավորման հետ կապված, նույնպես, մասնակից պետությունը Կանոնադրության 59-րդ հոդվածի համաձայն, ստանալով որեւէ անձի նախնական կալանավորման կամ կալանավորման եւ Դատարանին փոխանցման խնդրանք, անհապաղ միջոցներ է ձեռնարկում նշված անձին իր օրենսդրության եւ Կանոնադրության 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան կալանավորել: Այս պարտավորությունը ամրագրված է նաեւ Կանոնադրության 86-րդ հոդվածում, որտեղ սահմանվում է, որ մասնակից պետությունները բազմակողմանիորեն համագործակցում են Դատարանի հետ` դատարանին ընդդատյա հանցագործությունների կապակցությամբ նրա կողմից իրականացվող հետաքննության եւ քրեական հետապնդման գործում: Իրականում Միջազգային քրեական դատարանին էական չէ, թե որտեղ են կատարվել ընդդատյա հանցագործությունները, քանզի դատարանի իրավասությունը տարածվում է այնպիսի հանցագործությունների վրա, որոնք ընդհանուր միջազգային իրավունքի նորմերով են արգելված, եւ դրանց համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավունքի նորմերը իմպերատիվ բնույթի են եւ պետությունների համար առաջացնում են անվերապահ պարտավորություններ, որոնք ուղղված են ողջ միջազգային հանրությանը, եւ փաստացի պետությունները պետք է դրանց խախտման դեպքում պատասխանատվության ենթարկեն դրանք կատարած անձանց:
— Հռոմի ստատուտը Ազգային ժողովի կողմից վավերացնելու դեպքում Հայաստանն այլեւս հնարավորություն ունի՞ հրաժարվելու ստանձնած պարտավորություններից եւ չեղարկելու կայացրած որոշումը:
— ՄՔԴ Կանոնադրության 127-րդ հոդվածը նախատեսում է, որ ցանկացած մասնակից պետություն կարող է ՄԱԿ Գլխավոր քարտուղարին համապատասխան գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով դուրս գալ Կանոնադրությունից: Դուրս գալու փաստն ուժի մեջ է մտնում ծանուցում ստանալուց հետո մեկ տարի անց, եթե ծանուցման մեջ ավելի ուշ ժամկետ նշված չէ: Բայց պետությունը պարտավոր է մինչեւ ժամկետի ավարտը լրանալը կատարել Կանոնադրությունից բխող իր պարտավորությունները:
— Իսկ Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում կարո՞ղ է, օրինակ, Ռուսաստանի խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը չեղարկվել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի պահանջով, այլ՝ միջազգային դատական ակտով:
— Միջազգային քրեական դատարանի գործունեությունը չի առնչվում նմանատիպ խնդիրների կարգավորման հետ: Այն լիազորված է միայն քրեական պատասխանատվության ենթարկել միջազգային հանրության մտահոգությունը հարուցող եւ իր դատարանի կանոնադրության մեջ նշված առավել ծանր հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց: Իսկ ռուսական առաքելության հարցը կարգավորվում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված դրույթներին համապատասխան:
— Հանրության մեջ օգտագործվում է Հաագայի դատարան հասկացությունը, որն առնչվում է այնտեղ գտնվող բոլոր դատարաններին, արդյոք սա ճիշտ ընկալում է:
— Հանրության կողմից հաճախակիորեն նույնականացվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը եւ Միջազգային քրեական դատարանը՝ այն պատճառով, որ երկուսն էլ գտնվում են Հաագայում, եւ ընդհանրական օգտագործվում է «Հաագայի դատարան» հասկացությունը: Բայց պետք է տարանջատել այս երկու դատարանները, քանզի նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն վերապահված լիազորությունները, որոնք իրարից էականորեն տարբերվում են: Ինչպես արդեն նշել ենք, Միջազգային քրեական դատարանը կոչված է քրեական պատասխանատվության ենթարկել դատարանին ընդդատյա հանցագործություններ կատարած ֆիզիկական անձանց, իսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ունի լիազորություն կարգավորելու պետությունների միջեւ առաջացող վեճերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ