Հաագայից հետո` էլ ի՞նչ անկախության մասին կարող է խոսել Հայաստանը. Բաբուխանյան
Տեսանյութեր - ՍԻՄՍահմանադրական դատարանն օրերս հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշումը: Նիկոլական բարձր դատարանի որոշման համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Մինչդեռ այդ փաստաթուղթը 2004 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»
— Ձեր գնահատմամբ՝ վերոնշյալ որոշումը հենց այս պահին սահմանադրական ճանաչելը որքանո՞վ կապ ունի Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր տալու հետ:
— Իհարկե, կապ ունի այնքանով, որ Հայաստանն ընդհանրապես սուբյեկտայնություն այլեւս չունի, կորցրել է իր ինքնիշխանության եւ անկախության բոլոր հատկանիշները: Հայաստանում, ըստ էության, կիրառվում է արտաքին ուժերի կառավարում, որն իրականացվում է իրենց խամաճիկների միջոցով: Ժամանակին, երբ Հռոմի ստատուտը չեղարկվեց մեր երկրում, խնդիրն այն էր, որ Հայաստանի տարածքում չպետք է գործեն այլ դատարանների վճիռներ՝ այն էլ քրեական դատարանների, որոնք որոշում են, թե ում պատժել, ում նստեցնել եւ այլն: Հիշեք Միլոշեւիչի դեպքը, երբ Հարավսլավիայի առաջնորդը՝ օրինական ընտրված եւ երկրի սահմանադրական կարգը պահող, երկրի տարածքային ամբողջականության համար պայքարող եւ սերբերի ազգային ինքնությունը պաշտպանող նախագահը եւ ոչ միայն նա, այլ բազմաթիվ գեներալներ, զորավարներ, ովքեր կատարում էին իրենց պարտքը իրենց երկրի, ազգի առջեւ, Հաագայի դատարանի վճռով հայտնվեցին ճաղավանդակների հետեւում եւ սպանվեցին: Հաագայի դատարանը ԱՄՆ-ի քաղաքական գործիքն է, որով նրանք պատժում են այս կամ այն մարդուն, քաղաքական ուժին եւ այլն՝ քաղաքական դրդապատճառներով: Այսինքն՝ երբ դու մտնում ես այդ բեռի տակ, նշանակում է, որ այդ քաղաքական գործիքը սկսում է գործել քո երկրում, եւ դու այլեւս ինքնիշխան չես: Ավելին՝ ցանկացած քաղաքացու կարող են կալանավորել՝ ուրիշ երկրի այլ մարդկանց որոշմամբ, այնուհետեւ նրան կարող են դատապարտել եւ ազատազրկել: Նրանք կարող են լինել ինչ-ինչ գիտնականներ, քաղաքական գործիչներ, առաջնորդներ եւ այլն: Այսքանից հետո՝ էլ ի՞նչ անկախության մասին կարող է խոսել Հայաստանը:
«ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ԻՆՉ-ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎԵԼ-ՊԱԿԱՍ ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՐԵՎԷ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
— Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նշել է, որ իրենք պետք է պաշտպանեն Ադրբեջանին, քանի որ նա երկար սահման ունի Իրանի հետ: Այդ նպատակով խնդրել է ադրբեջանցի զինվորականների վերապատրաստման համար հազարավոր դոլարներ դուրս գրել ամերիկյան պետբյուջեից: Սրա համա՞ր է Միացյալ Նահանգները շահագրգռված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:
— Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերացնել իրենց թշնամի երկրներին, որոնցից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Իրանը, եւ հետո հերթը կհասնի Չինաստանին: Հիմա, այո՛, նրանք Ադրբեջանին տեսնում են որպես պլացդարմ Իրանի դեմ գործողություններ ծավալելու համար: Իրենք թքած ունեն, թե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ինչ է անում: Բացի դրանից, ամերիկացիներն ընդհանրապես շատ ցինիկորեն են վերաբերվում այլ ժողովուրդներին: Օրինակ` նրանք ոչնչացրին Իրաքում 3,5 միլիոն մարդու, որոնցից կես միլիոնը երեխաներ էին, որպեսզի տիրանան իրաքյան նավթին եւ այնտեղ դնեն իրենց խամաճիկներին՝ որպես իշխանություն եւ Իրաքի քաղաքականությունը եւ հնարավորությունները կառավարեն այնպես, ինչպես ուզում են: Հիմա իրենց համար ինչ-որ Հայաստան ավել-պակաս աշխարհի քարտեզում որեւէ նշանակություն չունի: Սա այլ քաղաքակրթություն է, որը կարող է անցնել միլիոնավոր մարդկանց կյանքերի վրայով, երկրների ոչնչացմամբ: Եվ այսօր նրանք բացեիբաց եւ բավական լկտի նման հայտարարություններ են անում: Բայց նույն Ադրբեջանը դրանից տուժելու է, ինչպես տուժում է Ուկրաինան, որը դարձրին խաղալիք՝ 2014 թվականին ամերիկացիների կողմից այնտեղ իրականացնելով պետական հեղաշրջում: Այսօր Ուկրաինա չկա, մինչդեռ այն ծաղկուն երկիր էր: Այնպես որ, այդպիսի ճակատագիր է սպասվում նաեւ Ադրբեջանին, թող գնա այդ ճանապարհով, մենք կողջունենք:
— Իսկ նման հնարավոր զարգացումների դեպքում ինչ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը:
— Ցավոք, Հայաստանն այսօր աշխարհում որեւէ դերակատարություն չունի: Մենք հասել ենք այնպիսի մի մակարդակի, որ աշխարհաքաղաքական կամ ռազմական, տնտեսական ու որեւէ այլ հաշվարկների մեջ այլեւս գոյութուն չունի Հայաստանը՝ որպես գործոն: Իսկ ադրբեջանական գործոնը գոյություն ունի եւ օգտագործվելու է Ռուսաստանի դեմ, որովհետեւ Արեւմուտքը ռուսական նավթը պատրաստվում է փոխարինել ադրբեջանականով: Ադրբեջանական տարածքը նաեւ օգտագործվելու է Իրանի դեմ գործողություններում: Բացի դրանից, ամերիկացիների հիմնական նպատակներից մեկը ռուսներին Արցախից դուրսհանումն է, ինչի վերաբերյալ Նիկոլը պարզապես կրկնում է իրենց ասածները, թե ռուսների փոխարեն այնտեղ պետք է կանգնեն ինչ-ինչ միջազգային ուժեր:
«ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՇԱՏ ՄԵԾ ՕՊԵՐԱՑԻԱ»
— Աշխարհաքաղաքական այս մարտահրավերների ֆոնին՝ ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը: Հիմա Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ կա որոշակի ակտիվություն: Ըստ Ձեզ` հնարավոր լինելո՞ւ է իշխող ուժին զրկել գոնե մայրաքաղաքային իշխանությունից:
— Մի դեպքում միայն՝ եթե իրական ընդդիմությունը, ոչ թե նրանք, ովքեր ցերեկը Նիկոլի դեմ են խոսում, գիշերը իրենց հետ գնում են գիշերային ակումբներում կոֆե խմելու, հավաքվի, ստեղծի դաշինք: Ժամանակին էլ կարողացանք ստեղծել 16 կուսակցությունների դաշինք, բայց, ցավոք, որոշ ընդդիմադիր կոչված ուժերի կողմից նպատակասլաց այն քայքայվեց: Եթե ամեն մի ուժ հիմա գնա ընտրության իր թեկնածուով, էլի լինի մի 30 թեկնածու, իհարկե, Նիկոլը կհաղթի: Բայց եթե ձեւավորվի ընդդիմադիր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից եւ մտավորականներից բաղկացած խոշոր գոնե երկու-երեք դաշինք (մի տեղ գուցե չկարողանան հանդես գալ բոլորը)` ամեն մեկն իր գաղափարական ուղղությամբ, իհարկե, Նիկոլը չի ունենալու մեծամասնություն: Այդ դեպքում՝ այո՛, մայրաքաղաքը կանցնի այլ քաղաքական ուժերի, որոնց միջեւ համագործակցություն կձեւավորվի, եւ ընդդիմադիր ուժերը մեծամասնություն կունենան: Սա կլինի Նիկոլի վերջի սկիզբը: Նիկոլն արդեն իսկ հասկանում է, որ իր երգը վերջնականապես երգված է: Չեմ ուզում բացել փակագծերը, բայց շատ շուտով պարզ կլինի, որ նույն Արեւմուտքը, որը բերել է Նիկոլին, դուրս է գրելու նրան եւ հանձնելու է «ուտիլ», ինչպես Սահակաշվիլիին հանձնեցին: Երբեւէ որեւէ մեկս չէինք պատկերացնի, որ Սահակաշվիլին ունենալու է այսպիսի հոգեկան հիվանդի դեմք, ինչպես այսօր է: Այնպես որ, Նիկոլին էլ են հանձնելու եւ բերելու են «նոր Նիկոլ»՝ մի քիչ ավելի կրթված եւ հղկված տարբերակով: Դրա համար վերջին կես տարին իրականացվում է շատ մեծ օպերացիա՝ ամերիկական տեխնոլոգների կողմից: Ինչպես ժամանակին Նիկոլին էին բերում, եւ ժողովրդի զգալի մասը ծափահարում էր, պարում, ինչ-որ ձայներ էր հանում հրճվանքի, նույնը կարող է լինել այս անգամ: «Նիկոլ-2» տարբերակ բերելը նույն հրճվանքի ձայներով կարող է ուղեկցվել: Խոսքս չի վերաբերում սովորական քաղաքացուն, որին շատ հեշտ է մոլորեցնելը, բայց այն ակտիվիստները, քաղաքական ուժերը, ովքեր ժամանակին Նիկոլին բերել էին, պետք է անպայման բացատրեն իրենց գործողությունը եւ այս անգամ չխառնվեն գոնե կամ աջակցեն այն ուժերին, ովքեր Նիկոլի գալուն դեմ էին եւ բոլոր իրենց հնարավոր ուժերով ամեն ինչ անում էին, որ նա չգար: Դրա համար, ովքեր Նիկոլին դեմ էին 2018 թվականին, միայն այդ ուժերը պետք է կարողանան դուրս գալ առաջին պլան: Իսկ այն ուժերը, որոնք գուցե այսօր կհայտարարեն, որ սխալվել են, երբ աջակցում էին Նիկոլին, պետք է աջակցողի դերում լինեն այն ճշմարիտ ընդդիմադիրներին, ովքեր երբեք չէին կանգնում հակահայկական խաղերի այդ բեմահարթակում:
— ՍԻՄ կուսակցությունը կամ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը որոշում ունի՞ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:
— Այն, որ ընտրություններին մենք կունենանք մեր խոսքը՝ ինչպես ՍԻՄ կուսակցությունը, այնպես էլ մի քանի կուսակցություններով եւ հասարակական կազմակերպություններով ստեղծված մեր շարժումը, անկասկած է: Իսկ թե ինչպես, ինչ ձեւաչափով դեռ կերեւա, թեեւ բավականին մանրամասն քննարկվել է հարցը` ընդհուպ քաղաքապետի թեկնածուի հարցը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.