Շատ վտանգավոր հայտարարություններ.Ինչ տվեց Նիկոլի բեռլինյան այցը
Տեսանյութեր - ՍԻՄ«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
— Բաքվում տեղի ունեցավ Լավրով-Բայրամով, իսկ Նյու-Դելիում Միրզոյան-Լավրով հանդիպումը: Ի՞նչ կասեք նախ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, ապա ՌԴ-ի եւ Հայաստանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումների մասին:
— Սերգեյ Լավրովը գնում է Բաքու, բայց որպեսզի ՀՀ արտգործնախարարը հանդիպի նրան, ստիպված է լինում մեկնել Հնդկաստան: Հայաստանն այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում ռուսական մեծ քաղաքականության համար: Դաշնակցային հարաբերությունների նկատմամբ այսպիսի արհամարհանքին ու կեցվածքին, որը կա Հայաստանի արեւմտամետ իշխանությունների կողմից, մենք ստանում ենք արդեն շատ ուղիղ պատասխաններ: Ցավոք, Հայաստանն այսպիսի խղճուկ վիճակում է հայտնվել ապիկար, անգրագետ եւ նույնիսկ մարդկային որակներից զուրկ իշխանավորների պատճառով: Եվ պատահական չէ, որ Լավրովն ասաց, թե Նիկոլի խղճին են մնում այն բոլոր հարցերը, որոնք ի հայտն են եկել:
— Նախորդ շաբաթ Գերմանիայում էր Նիկոլ Փաշինյանը, եւ նրա հետ համատեղ ասուլիսի ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, թե՝ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում՝ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»: Փաստորեն, մի՞ֆ էր, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ՝ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը», եթե այսօր Գերմանիան է բարձրաձայնում ինքնորոշման իրավունքի մասին:
— Նշաձողի պահանջ, երեւի, դրել են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք Նիկոլի համար հենց այն միջազգային հանրությունն է, ով կարող է թելադրել, թե ինչպիսի կեցվածք պետք է ընդունի: Նիկոլը գոնե պատերազմից հետո երբեք Արցախի ինքնորոշման մասին անգամ ծպտուն չի հանել: Նույն Գերմանիայում խոսելով Արցախի մասին՝ նա ասում էր, որ պետք է պաշտպանվեն ոչ թե Արցախի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, իրավունքները: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ Նիկոլը հանձնել է Արցախը եւ հիմա, ուղղակի, այդտեղ կա ազգային փոքրամասնություն, որի նկատմամբ Ադրբեջանը բարի կամք պետք է դրսեւորի: Սա է Նիկոլի դիրքորոշումը, ինչի մասին բազմիցս ասել եմ, որ անթույլատրելի եւ դավաճանական: Ինչ վերաբերում է Շոլցի հայտարարությանը, եթե Գերմանիան գտնում է որ Արցախի ինքնորոշման հարցը պետք է բարձրացվի, դե թող ճանաչի Արցախը: Ո՞վ է խանգարում Գերմանիային, որ ճանաչի Արցախը՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ֆիքսված ազգերի ինքնորոշման իրավունքից: Իսկ ո՞վ է խանգարում Գերմանիային մտցնել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, հումանիտար օգնություն բերել Արցախին: Այսինքն՝ սա նույն պահվածքն է, ինչ Ֆրանսիայի դեպքում էր: Մի կողմից նրանք ասում են, թե ճիշտ կլիներ, որ Արցախի իրավունքները պաշտպանվեին, Լաչինի միջանցքը բացվեր, բայց իրականում որեւէ գործնական քայլ չեն անում:
— Ի՞նչ կարող են անել, եթե բոլոր պահանջներին ի պատասխան՝ Ադրբեջանը մնում է անդրդրվելի, իսկ Բերձորի ճանապարհը՝ փակ:
— Բերձորի ճանապարհից բացի, ունենք բազմաթիվ ճանապարհներ, որոնք տանում են Արցախ: Օրինակ` Աղդամից Ասկերան տանող ճանապարհը, Քարվաճառից մտնող ճանապարհը, որը Հայաստանն է կառուցել: Այսինքն՝ ցանկության դեպքում նույն Գերմանիան եւ Ֆրանսիան կարող էին մի քանի բեռնատար հումանիտար օգնություն մտցնել Արցախ՝ հենց այդ ճանապարհներով: Թող պայմանավորվեին Ադրբեջանի հետ, եթե թույլ չէր տա, թող պատժամիջոցներ կիրառեին, այլապես ստացվում է, որ գեղեցիկ բառեր են ասում ու ոչինչ չեն անում: Իսկ այդ գեղեցիկ բառերն ասվում են, որպեսզի խճճեն հայ հասարակության պատկերացումներն իրական քաղաքականության մասին: Սա համաձայնեցված ընդհանուր քաղաքականություն է, թե տեսեք Գերմանիան, Ֆրանսիան ինչպիսի սիրուն-սիրուն փաթեթավորված մտքեր են ասում: Մինչդեռ մեջը փուչ է, ոչինչ նրանք իրական կյանքում չեն անում:
— Վերադառնալով Փաշինյանի` հենց այս շրջանում բեռլինյան այցին՝ ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կունենա:
— Որոշ ժամանակ առաջ էլ Արաբաթն էր վազեվազ այնտեղ գնացել: Գերմանիան այսօր Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ընդհանուր պատերազմի առանցքային երկրներից մեկն է, որն արդեն թույլ է տվել, որ իրենց արտադրած «Լեոպարդ» տանկերը փոխանցեն Ուկրաինային: Նա տալիս է Ուկրաինային հսկայական օգնություն, այդ թվում՝ զենքով, զինամթերքով է օգնում: Հետեւապես, հասկանալի է, որ այսպիսի ջերմագին հայտարարությունները, հարաբերությունները, որոնք Հայաստանն այսօր ցուցադրում է Գերմանիայի եւ Ֆրանսիայի նկատմամբ, չեն կարող բացասական չանդրադառնալ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա: Մինչդեռ մեր տարածաշրջանում հարցերն այսօր, երեկ եւ միշտ լուծել է Ռուսաստանը: Այս տարածաշրջանից Ռուսաստանը չի գնալու, այլ հարց է, որ Ռուսաստանը չգնալով՝ տեսնելու է Հայաստանի մեջ ոչ թե իր բարեկամ, վստահելի դաշնակից պետությանը, այլ՝ անբարո իշխանություն պատճառով անբարո պետություն: Եվ այդ անբարո պետության հետ վարվելու են, ինչպես սազական է, որ վարվեն անբարոյականների հետ:
— Ի դեպ, Փաշինյանը Գերմանիայում խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Ո՞րն էր հիմնական շեշտադրումը:
— Նիկոլը սկսեց արդարանալ, որ Ռուսաստանին չի օգնում, որպեսզի այն շրջանցի պատժամիջոցները: Գլուխ գովաց, թե ռուսական օդանավն այստեղ կալանավորել է եւ փոխանցել Արեւմուտքին: Տպավորություն էր, որ զեկուցում է իր վերադասին, թե ինչ է անում Ռուսաստանի դեմ: Բայց նա շատ վտանգավոր մի բան էլ ասաց, թե միջազգային կազմակերպությունները պետք է մտնեն Արցախ: Այսինքն՝ ամբողջ խնդիրը Նիկոլի այն է, որպեսզի միջազգային կազմակերպությունները մտնեն Արցախ, եւ այնտեղից դուրս բերվի ռուս խաղաղապահ զորախումբը: Հայաստանը ոչ իրավաբանորեն, բայց պրակտիկապես դուրս է եկել ՀԱՊԿ-ից (հիշենք, որ Նիկոլը թույլ չտվեց ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելությանը, որ գան եւ կանգնեն սահմանին), բայց դրա փոխարեն` «էստի համեցեք» է կանչում եվրոպական հատուկ ստորաբաժանումներին, որոնք են ռուսներին այստեղից հանելու համար, ոչ թե Հայաստանին պաշտպանեն: Հիմա հարցը Արցախինն է, որպեսզի այնտեղից ռուսներին հանեն, ռուսական ազդեցությունն ընդհանրապես Անդրկովկասում բացառվի, դրա համար հրավիրում են միջազգային կազմակերպություններին:
Բացի այս, եւս մի կարեւոր հայտարարություն արեց Նիկոլը՝ նշելով, որ Եվրոպական միության հետ հունվարից սկսած՝ մեկնարկել են նոր ձեւաչափ՝ քաղաքական եւ անվտանգային հարցերի վերաբերյալ, ինչը շատ վտանգավոր է: Հայաստանը, որն անկախացումից ի վեր 30 տարվա ընթացքում իր անվտանգային համակարգը ձեւավորել է Ռուսաստանի հետ բազմաթիվ պայմանագրերի վրա, այդ թվում՝ սահմանապահ զորքերի, 102-րդ ռազմական բազայի, Արցախում կանգնած խաղաղապահների, ՀԱՊԿ եւ երկկողմ համաձայնագրերի: Հիմա կան ավանտյուրիստներ, որոնք ասում են՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից, որովհետեւ այսինչ բանը չի կատարել: Այդ դեպքում՝ եկեք դուրս գանք ՄԱԿ-ից որովհետեւ ՄԱԿ-ն էլ պահանջում է շատ բան Ադրբեջանից, բայց չի իրականացվում, դուրս գանք Հաագայի դատարանի համակարգից, որը պահանջել է Լաչինի միջանցքի բացում, բայց Ադրբեջանը չի բացել, դուրս գանք նաեւ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրից, որովհետեւ ԵՄ երկրները եւս պահանջում են Լաչինի միջանցքի բացում, բայց Ադրբեջանը էլի չի բացում, ուրեմն՝ սա եւս անարդյունավետ համակարգ է: Բայց սա կլիներ հիմար մոտեցում, պարզապես, եթե այդ մասին խոսում են մասնագետները, նրանք բոլորովին էլ հիմար չեն, այլ վտանգտավոր դավաճաններ են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում՝ անցնելով հետեւյալ կարճ հղումով՝ https://clck.ru/33hTCd կամ այս QR կոդով՝