Նիկոլը խնդիր ունի Արցախը ենթարկեցնելու իրեն. Բաբուխանյան
Տեսանյութեր - ՍԻՄ«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ Արցախում պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելը եւ Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը` Բերձորի ճանապարհն ապաշրջափակելու մասին, ըստ էության, պետք է դիտարկել մեկ կոմպլեքսի մեջ:
— Հետեւապես, Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու նախապայմանն Ադրբեջանի՞նն էր, թե՞ Արեւմուտքինը:
— Չեմ կարծում, թե Արեւմուտքինն էր, որովհետեւ այնպես չէ, որ Ռուբեն Վարդանյանը շատ է խանգարում Արեւմուտքին: Ադրբեջանի կողմից փաստ է, որ Մյունխենում հնչել է նման նախապայման: Իսկ թե ինչ նպատակով Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվեց, արդյոք սա բազմաքայլ օպերացիա է` համաձայնեցված Նիկոլի հետ, թե` ոչ, ցույց կտա ապագան: Բայց հասկանալի է, որ Նիկոլը դիտում է Ռուբեն Վարդանյանին ոչ որպես իր, այսպես ասած, շրջապատի մարդ: Ավելին` կարող է Ռուբեն Վարդանյանին դիտարկել, որպես մրցակից, որովհետեւ նա նույնպես ունի բավականին լայն կապեր Արեւմուտքում: Եվ չի բացառվում, որ երբ պարզվի Նիկոլի շատ արդեն մաշված լինելը, եւ դուրսգրման անհրաժեշտություն առաջանա, Արեւմուտքից նրան փոխարինելու տարբերակ դիտարկվի Ռուբեն Վարդանյանը: Այս առումով Նիկոլը բավականին վախեցած է, իսկ մյուս կողմից էլ խնդիր ունի Արցախը ենթարկելու իրեն: Նիկոլի վարած քաղաքականությունն Արցախում ամբողջությամբ այն Ադրբեջանին հանձնելն է` առանց որեւիցե քիչ, թե շատ լուրջ երաշխիքների:
— Իսկ այդ ընթացքը կասեցնելու հնարավորություն արցախահայությունը դեռ ունի՞, թե՞ «գնացքն արդեն գնացել է»:
— Իհարկե, այստեղ Արցախի դիրքորոշումը կարեւոր է, որովետեւ կարող է Նիկոլը ամեն ինչ ասել, անել, պայմանավորվել Ալիեւի եւ Էրդողանի, Արեւմուտքում իր ղեկավարների հետ, բայց արցախցիները ասեն` ո՛չ, մենք մինչեւ վերջ կանգնած ենք մնալու եւ չենք գնալու այդ ճանապարհով: Եվ այստեղ Նիկոլը եւ ոչ միայն նա, այլ ամբողջ Արեւմուտքը կունենա խոչընդոտ, որովհետեւ Արեւմուտքը ձգտում է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են այն ստանալ նվերի տեսքով` առանց որեւէ պայքարի: Այստեղ բավականին բարդ օպերացիա է տեղի ունենում` բազմաշերտ եւ բազմաքայլ, որը կարող է ոչ միայն անդրադառնալ ուղղակի Արցախի կամ Բերձորի միջանցքի բացման-չբացման վրա, այլ կարող է անդրադառնալ հենց Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխության վրա: Չգիտեմ` արդյոք այն կլուծի հայկական հիմնական հարցը, թե` ոչ, բայց որոշ մարդիկ կարող են զրկվել աթոռներից, որոշները` ստանալ: Չէի ասի, թե դրանից Հայաստանում շատ բան պարտադիր կփոխվի, բայց որոշ անձնանց համար ինչ-որ բան կփոխվի:
— Փաստորեն, ո՞րն է լինելու Արցախի նոր պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հիմնական առաքելությունը, արցախյան միասնականությունը պառակտե՞լը:
— Արցախում, ցավոք, հիմա էլ չկա միասնականություն: Ճիշտն ասած, չեմ էլ հիշում այնտեղ երբ կար միասնություն, որովհետեւ շատ վաղուց էր: Ինչ վերաբերում է նոր գործող անձին, որը պետնախարար է, ըստ լուրերի, ունի շփում Դանիել Իոաննիսյանի հետ, որը համարվում է Հայաստանում արեւմտամետ ամենածայրահեղական գործիչը, ում գործողությունները ես համարում եմ հակահայկական եւ հակազգային: Եվ եթե այդ շփումը կա, ինչի մասին վկայում են տարբեր աղբյուրներ, ստացվում է, որ Արցախի պետնախարարը Հայաստանում սորոսական ամենաթունդ գործչի կրեատուրան է, հետեւապես նաեւ Նիկոլի առաջ քաշածն է: Այսինքն` Նիկոլը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այս նշանակման մեջ: Եվ նրանք Արցախը տանում են այն ճանապարհով, որ Արցախը համաձայնություն տա Նիկոլի վարած քաղաքականությանը: Այն է` Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ միակ հարցը, որը պետք է լինի Արցախի հետ կապված, ըստ Նիկոլի քաղաքականության, Արցախի հայ բնակչության` որպես Ադրբեջանի ազգային փոքրամանության իրավունքների պաշտպանությունն է եւ ոչ ավելին: Եթե Արցախին տանում են այդ ճանապարով, ապա Արեւմուտքի երազանքը կատավում է` Արցախն անցնում է ամբողջությամբ Ադրբեջանին, այլեւս ռուսական խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն չի լինում, եւ նրանք փոխարինվում են ինչ-որ միջազգային խաղաղապահներով: Այսպիսով` կոնֆլիկտը, որպես այդպիսին, համարվում է լուծված: Այդ դեպքում` Ռուսաստանը դուրս է գալիս Արցախից, ապա նաեւ Հայաստանից, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններն էլ են համարվում հարթված` իհարկե, ի հաշիվ Հայաստանի, ի հաշիվ Ցեղասպանության չճանաչման, ի հաշվիվ մեր արդար պահանջների չկատարման: Սա է Արեւմուտքի նպատակը, որը կիրականանա, եթե Արցախում պայթեց սորոսական ռումբը, ինչի հետեւանքով ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում կհավասարեցվի զրոյի:
— Իսկ այդ դեպքում` ի՞նչ է սպասվում սորոսականացված Արցախում հայությանը:
— Զուգահեռաբեր արցախցիները դուրս են գալու Արցախից, որովհետւ ոչ մեկը չի պատրաստվում ապրել Ադրբեջանի կազմում: Իհարկե, կարող է մի քանի հոգի մնան, ովքեր այսօր ծառայում են Նիկոլին, արեւմտա-սորոսական ծրագրերին, եւ իրենց շատ էլ լավ զգան: Բայց զանգվածաբար հայությունը դուրս է գալու Արցախից: Մենք կորցնելու ենք այդ տարածքը, իսկ դրանից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի կամակատարը կամ Թուրքիայի կողմից վերահսկվող մի տարածք` կորցնելով ինքնիշխանությունը: Այնուհետեւ, հաջորդ քայլն ուղղված է լինելու ընդդեմ Սյունիքի, որովհետեւ բոլոր դեպքերում մինչեւ թուրքերը Սյունիքը չստանան, չեն հանգստանալու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.