Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որ այսքան ցինիկաբար խոսի Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումի մասին. Կյուրեղյան
ՆերքաղաքականԱրդեն երկու ամիս Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը փակ է թշնամու կամ, ինչպես ներկայացվում է, ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: Շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ կանգնած են ցեղասպանվելու վտանգի առաջ, հումանիտար աղետն արդեն իսկ անխուսափելի է: Խանութներում հաց կամ բրինձ գնելու համար մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել, եւ դեռ հարց է` դրանից հետո մարդիկ կարո՞ղ են սնունդ ձեռք բերել, թե` ոչ:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, անդրադառնալով խնդրին, նշեց, որ երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որը հայտարարի, թե Արցախը Ադրբեջանի մաս է:
«Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որը հայտարարի, թե պետք է հանձնել 120 հազար մեր հայրենակիցներին, որպեսզի փրկենք 3 միլիոնին: Երբեք չենք ունեցել ՀՀ այնպիսի իշխանություն, որ այսքան ցինիկաբար խոսի Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումի մասին»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` Արցախում ստեղծված իրավիճակը հնարավոր է կարգավորել հենց բանակցային ճանապարհով եւ փրկել շուրջ 120 հազար մեր հայրենակիցներին:
«Հնարավոր է նաեւ բանակցությունների սեղան վերադարձնել Արցախի կարգավիճակի հարցը, բայց միայն ճիշտ բանակցողով, ռազմավարական ճիշտ գործընկերների հետ: Պետք է ամեն ինչ անել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը նորից դառնա Մինսկի համանախագահների քննարկման թեմա, պետք է հստակորեն բարձրաձայնել տարծաշրջանում հայկական գործոնի մասին, պետք է աշխարհին ապացուցել Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունման անհրաժեշտությունը»,-ընդգծեց պատգամավորը եւ հավելեց, որ պետք է ճիշտ բանակցություններ վարել առաջին հերթին Իրանի եւ Ռուսաստանի հետ:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում: