«Եթե Բուբան հրաշքով կենդանանար, կապշեր…»
ՄշակութայինՆախորդ շաբաթ տեղի ունեցավ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ, Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, 84-ամյա ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵԻ հուղարկավորության արարողությունը:
Վրաց հանրահայտ դերասան, երգիչ, ռեժիսոր, կոմպոզիտոր Բուբան, ինչպես նրան անվանում էին շատերը, մտերիմ էր բազմաթիվ հայ անվանի արվեստագետների՝ Ալեքսեյ Հեքիմյանի, Առնո Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի եւ այլոց հետ: Հայերիս համար նրա ամենահիշվող եւ սիրելի դերերից մեկը եղել է ու կմնա Վալիկո Միզինդարի կերպարը՝ Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1978 թվականին եւ արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի:
Ուշագրավ է այն, որ խորհրդային տարիներին փառք ու պատիվ վայելած վրաց արվեստագետին վերջին հրաժեշտը տվեցին, ինչպես վերջին հակառուսի՝ դագաղն էլ ծածկելով ուկրաինական դրոշով: Սա թերեւս մեր աչքից հնարավոր է վրիպեր, եթե ուկրաինական դրոշի ֆոնին՝ Կիկաբիձեի դիակի կողքին գլխիկոր նկարված չլիներ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը (Անգլիայի թագուհու հոգեհանգստին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սելֆիից հետո՝ թաղումներին նկարվելը թերեւս դարձել է մերօրյա պաշտոնյաների պաշտոնական արարողակարգի մաս): Ուսումնասիրելով Կիկաբիձեի վերջին տարիների հրապարակային ելույթները, հարցազրույցերը, նկատեցինք, որ պատկառելի տարիքում նա Ուկրաինայի համար մոլեռանդ պայքարել է մղել, եւ նույնիսկ նրա ակտիվությանը նախանձել կարելի էր՝ հաշվի առնելով մեր ավագ սերնդի արվեստագետների քար լռությունը 40 եւ ավել օր շրջափակված Արցախի մասին:
Սա այն ամենն է, ինչ տեսնում ենք մենք համակարգչի դիմաց նստած, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել Կիկաբիձեի մտերիմներից, ովքեր չցանկացան հրապարակայնացնել իրենց անուն-ազգանունները: Ըստ մեզ հասած լուրերի, Բուբան բոլորովին էլ Ուկրաինային չի գովազդել եւ փնովել Ռուսաստանին, այլ պարզապես դարձել է քաղաքական խարդավանքների զոհը, ինչին ո՛չ ավել, ո՛չ պակաս որոշակի շահերից ելնելով՝ դեմ չէին նրա, այսպես կոչված, «հարազատները»: Արդյունքում վրաց արվեստագետի հուղարկավորությունը, պարզվում է՝ վերածվել է պրոուկրաինական միտինգի:
Ռեժիսոր Լանա Գոգոբերիձեն արարողության ժամանակ ոգեւորված նշել է, թե Բուբան հրաժարվել է գնալ Ռուսաստան, իսկ հետո երգել Կիեւի մետրոյում: Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն էլ կարդացել է իր նախագահ Վլադիմիր Զելենսկու նամակը՝ նշելով, որ Վախթանգ Կիկաբիձեն իր ներդրումն է ունեցել Ուկրաինայի անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության գործում: Այս «միտինգից» վրդովված վրաց մի շարք մտավորականներ, պարզապես, լքել են տարածքը: Մինչդեռ սա դեռ ամենը չէր, վրաց ընդդիմադիր հակառուսական ցուցարարները, որոնք խցկվել են թաղման թափորի մեջ, Ուկրաինայի դրոշն էլ գցել են դագաղի վրա՝ զուգահեռ Վրաստանի դրոշին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կիկաբիձեն վերջին գոնե 5 տարիներին այն ուժը չուներ, որ որեւէ քաղաքական դիտարկում աներ: 2-3 օրը մեկ դիալեզի էր գնում ու շատ հյուծված էր: Չի բացառվում, որ ցավազրկիչների ազդեցության տակ՝ նրան այս կամ այն կերպ «համոզել են» կրկնել այն, ինչը նա չի ցանկացել: Դրա համար էլ համացանցը ողողված է նրա՝ ի աջակցություն Ուկրաինայի խոսքերով: Բայց նրան շատ լավ ճանաչողները պնդում են. «Եթե Բուբան հրաշքով կենդանանար, կապշեր, որ անգամ իր հուղարկավորությունը դարձրին ուկրաինական «պարապ վախտի խաղալիք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ