Ցավդ տանեմ. ֆանտաստիկ Գեւի ծննդյան օրը կայացավ Գերզմավայի ֆանտաստիկ համերգը
ՏեսանյութերՀույզեր, ծաղիկներ, չդադարող ծափեր ու բրավոներ… Հենց այսպես «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում կայացավ աշխարհահռչակ սոպրանո ՀԻԲԼԱ ԳԵՐԶՄԱՎԱՅԻ առաջին հայաստանյան ֆանտաստիկ մենահամերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրահայտ Բրայըն Քասլզ-Անիընի դիրիժորությամբ եւ նվագակցությաբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի:
Բեմ բարձրանալուց առաջ ռուսական եւ աբխազական ծագում ունեցող օպերային երգչուհին, ով արդեն յուրացրել էր նաեւ մի քանի հայկական բառ, իր զգացողությունների մասին անկեղծացավ մեզ հետ:
«Առաջին անգամ Երեւան այցելել եմ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի հետ, եւ մենք համերգ ունեցանք այս հրաշալի ակուստիկայով դահլիճում: Եվ այսօր սրտատրոփ սպասում եմ, որ մատուցեմ հայ հանդիսատեսին գեղեցիկ համերգ: Գիտեմ, որ դուք հիանալի հանդիսատես ունեք, որոնք գալիս են համերգի՝ հատուկ զգեստավորված ու գիտեն, ինչի համար են գալիս, ինչը շատ հաճելի է: Ու ես բաց սրտով ու հոգով դուրս եմ գալու բեմ: Վստահ եմ, որ Աստծո կամոք հրաշալի համերգ ենք ունենալու՝ հիանալի մաեստրոյի եւ նվագախմբի հետ», - ասաց Գերզմավան ու առանց փակագծեր բացելու համերգի մասին՝ անցում կատարեց հայերենի. «Ցավդ տանեմ, հայերի համար միշտ էլ անակնկալ ունեմ»:
Իսկ անակնկալը ստացվեց, աշխարհահռչակ սոպրանոն «նա բիս»՝ երեք անգամ վերադարձավ բեմ եւ եւս երեք կատարում նվիրեց հայ հանդիսատեսին, վերջում էլ օդային համբույր բաշխեց: Դատարկաձեռն չէր եկել նաեւ հանդիսատեսը՝ Գերզմավան հեռացավ բեմից շքեղ ծաղկեփնջերով:
Ի դեպ, մինչ կմեկնարկեր մենահամերգը՝ հաղորդավարուհի ԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշեց, որ այսօր 44 օրյա պատերազմում զոհված ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է:
«Գեւորգն այսօր կդառնար 26 տարեկան... Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Երեւանի պետական համալսարանում սովորել է միաժամանակ երեք՝ փիլիսոփայության, հոգեբանության եւ իրավագիտության ֆակուլտետներում, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Այսօր մայր բուհում եւ այլուր նրա անունով սահմանվել են կրթաթոշակներ եւ մրցանակներ, անվանակոչվել է դպրոց ու դասարաններ: Մենք մեծ խոնարհումով շարունակելու ենք հայ երիտասարդ հերոսների սկսած աշխատանքը, իրականացնելու ենք նրանց երազանքը», - ասաց Ավանեսյանը եւ ողջ դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց՝ Գեւորգ Արշակյանի եւ մեր հերոսացած յուրաքանչյուր հայորդու հիշտակը:
Պատերազմի հաջորդ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին, Գեւորգը, ով «ինչպե՞ս ես» հարցին մշտապես ուներ իր ուրույն պատասխանը եւ ասում էր՝ ֆանտաստիկ, համալսարանական իր ընկերների հետ ձեւավորել էր կամավորական դասակ ու մեկնել Արցախ՝ պաշտպանելու իր սիրելի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել եւ վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, նա առանց վարանելու մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս հերոսաբար զոհվել է՝ հետմահու արժանանալով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Այո՛, ֆանտաստիկ Գեւի ծննդյան օրը կայացավ Գերզմավայի ֆանտաստիկ համերգը, ով կրկին կվերադառնա երեւանյան բեմ՝ դեկտեմբերի 10-ին Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-յի դերերգով: Նա ելույթ կունենա Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի ակադեմիական երաժշտական թատրոնի մեներգիչ Արսեն Սողոմոնյանի եւ բելառուս օպերային երգիչ Վլադիսլավ Սուլիմսկու հետ, ինչի մասին Գերզմավան ընդգծեց. «Չեք փոշմանի, համեցեք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ