Ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը. Արա Զոհրաբյան
Իրավական«Այս իշխանության ավերածությունների համեմատությամբ այն խնդիրը, որը կներկայացնեմ մանրուք է։ Մանրուք է, բայց ինչպես ասում են, չարը թաքնվում է մանրուքներում։ Խոսքը ոստիկանության որոշ (վստահ եմ, որ կան նաև արժանապատիվ ոստիկաններ) աշխատակիցների լկտիության և տգիտության մասին է։ Վերջերս ոստիկանները մեզ հաճախ են ներկայանում, որպես ասֆալտին փռող, ցուցարար ծեծող, հայհոյող պաշտոնյաներ։ Այսօր, ընտանիքիս անդամների հետ տուն էի վերադառնում, երբ ոստիկանն անհիմն կանգնեցրեց մեքենաս և տեղեկացրեց, որ պետք է ստուգի սթափությունս։ Հարցիս, թե ինչ հիմքով, նշեց, որ ուժեղացված ծառայություն է։ Սթափությունս ստուգելուց հետո, երբ նշեցի, որ անհիմն վարչարարություն է իրականացնում, գործընկերոջ հետ խորհրդակցեց ու ասեց, որ պետք է նաև իրավախախտման արձանագրություն կազմի։Կցվող տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանը չի տիրապետում օրենսդրությանը։ Այն օրենսդրությանը, որով ինքն ամեն օր գործում է։ Մեր վարորդներին տեղեկացնեմ, որ ոչ սթափ վիճակը ոստիկանը կարող է ստուգել միայն ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐԻ առկայության դեպքում և իրավունք չունի իր քմահաճույքով ում ուզի կանգնեցնի ու սթափություն ստուգի։ Երկրորդ, ոստիկանը սկզբից պետք է արձանագրություն կազմի, ձեր իրավունքները պարզաբանի, ու նոր հետո որոշում կայացնի։ Արձանագրության մեջ անպայման նշեք, որ ձեր իրավունքները չեն բացատրվել (եթե չեն բացատրվել)։
Ճանաչեք ձեր իրավունքները և պահանջատեր եղեք։ Միայն այդ կերպ կստիպենք տգիտությանը նահանջել», - գրել է «Զարթոնք» կուսակցության նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: