«Ոսկե ծիրանը» մեկնարկեց հակառուսական պրոպագանդայով
ՄշակութայինԿարմիր գորգ, տոնական տրամադրություն, հեղինակավոր կինոգործիչներ, դերասաններ եւ կինոյի տղու կերպարի մեջ մտած մանր ու միջին չինովնիկներ… Ահա այսպես՝ իր արդեն ավանդական դարձած ոճով, 19-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Եվ քիչ էր մնում արձանագրեինք, որ այս անգամ փառատոնն առանց ինտրիգների ու ԼԳԲՏ-ականների եւ ընդհանրապես այլասերվածության քողարկված քարոզի է, երբ կարմիր գորգում լայն ժպիտով հայտնվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Թերեւս սա արդեն հուշում էր, որ բացման արարողությանը ներկաներին ինչ-որ տհաճ անակնկալ է սպասվում:
Իսկ անակնկալն իրեն ուշացնել չտվեց: Փառատոնը մեկնարկեց ո՛չ ավել, ո՛չ պակաս հակառուսական պրոպագանդայով եւ «ցեխ շպրտելով» Սովետական Հայաստանի վրա: Բացումը փառատոնի վերապահվել էր ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆԻ «Ամերիկացի» ֆիլմին, որտեղ ներկայացվում է, թե ռուս սպաների ձեռամբ՝ ինչ դժոխքի միջով է անցել ամերիկահայ հայրենադարձը Սովետական Հայաստանում 1948 թվականին: Թերեւս սրանով էր պայմանավորված ԱՄՆ դեսպանի գոհ ներկայությունը փառատոնին:
Հատկանշական է այն, որ «Ոսկե ծիրանի» հակառուսական քարոզն իրականացվում է Երեւանի քաղաքապետ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ բարձր հովանու ներքո: Այո՛, փառատոնի պատմության ամբողջ ընթացքում առաջին անգամ է, որ «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորը հենց քաղաքապետարանն է: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում նման մասշտաբի հակառուսական քարոզչությունն իրականացվում է ուղիղ պետական մակարդակով: Իհարկե, այստեղ Հրաչյա Սարգսյանը «մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ», ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն աջակցության համար հատուկ շնորհակալություն հայտնեց ՔՊ-ի Երեւանի քաղաքապետի սրտի թեկնածու ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ, որը եւս ներկա էր:
Ի դեպ, թեպետ փառատոնի հիմնադիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վստահեցրեց, որ չեն հիվանդացել, չեն մահացել եւ առաջ են գնում ու զարգանում, բայց իրականությունը բոլորովին այլ է: Ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը այս տարի գլխավոր հովանորը չէր, այլեւ գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ներկա չէր, ում անգամ չհիշեցին էլ: Փաստորեն, այն, որ ամեն տարի պարոն Յիրիկյանն ասում էր, թե ամուր կանգնած են փառատոնի կողքին, այդքան էլ ամուր չէին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Լուսանկարում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է` «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի հետ: