Պայթյուն` Երևանի Ռայնիսի փողոցում, 3 հոգու դուրս են բերել փլատակների տակից, մասնակի փլուզվել է 12 բնակարան. ՀՀ վարչապետը և ԱԻ նախարարը դեպքի վայրում են (լուսանկարներ, թարմացվում է)
Արխիվ 16-209:28
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։
09:13
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան, փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի:
«Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-գրել է վարչապետը։
08:52
Ժամը 7:18 պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։ Այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Նաիրի Սարգսյանը:
08:43
Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։