Մեկ գիշերում 5-10 անգամ թանկացնել է Հայփոստի առաքումը դեպի Արցախ եւ ՀՀ սահմանամերձ գյուղեր
Արխիվ 16-20Բիզնես ոլորտի ներկայացուցիչ ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ հրապարակային դիմել է Հայփոստին եւ շեշտել, որ նրանց սխալի պատճառով տուժում են մարզերում ապրողները:
«Հարգելի´ Հայփոստ, դեպի Արցախ , մարզեր, գյուղեր, սահմանամերձ տարածքներ 5-10 անգամ թանկացնել Հայփոստի առաքումը մեկ գիշերում, նորմալ չէ... Այս, դժվար եւ ճգնաժամային օրերին, այն մարդիկ, ովքեր ձեռքի աշխատանքները, փոքրիկ իրերը, զարդերը օնլայն հարթակում վաճառելով ուղարկում էին մարզեր՝ վճարելով 190 դրամից մինչեւ 500 դրամ: Ու հանկարծ Հայփոստը հիշում է, որ դրա անունը ոչ թե փաթեթ է, այլ ծանրոց, որի մինիմալ արժեքը 1290 դրամ է: Ու ի՞նչ: Օնլայն հարթակում զբաղվող փոքրիկ բիզնեսները միանգամից զրկվում են առաքման հնարավորությունից, որովհետեւ առաքումը ավելի թանկ է, քան վաճառված իրը: Հարգելի´ Հայփոստ, խնդրում ենք վերանայել այս անտրամաբանական որոշումը, որովհետեւ, այդ դեպքում, բնականաբար մարդիկ կփնտրեն այլընտրանքներ: Եթե իրը A կետից B կետ հասնում է 4-5, երբեմն էլ 10 օրվա ընթացքում, ապա սովորական տաքսին դեպի այդ ուղղությամբ գնացող, կհասցնի հենց նույն օրը: Աբսուրդ է, այս դժվար օրերին նման թանկացումը, երբ շատերի համար միակ աշխատանքը օնլայն փոքրիկ շոփ ունենալն է», - ընդգծել է Ռ. Մուրադյանն ու հավելել՝ դեմ ենք Հայփոստի սակագների թակացմանը: