ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ Է
Արխիվ 16-20Դեռեւս մայիսի 29-ին վարչական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի` մինչեւ համաճարակի ավարտը նախագահ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Հունիսի 18-ին էլ դատավոր Արսեն Նիկողոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց` կիրառելով 2 միլիարդ դրամ: «Իրավունքը» փորձեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՑ պարզել, թե ինչպե՞ս է շարունակվելու պարոն Քոչարյանի վերականգնողական բուժման գործընթացը.
- Ինչպես գիտեք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 18-ից մինչեւ հունիսի 19-ը գտնվում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Իսկ դատարանի որոշմամբ խափանման միջոցը փոխվելուց հետո պարոն Քոչարյանը դուրս գրվեց հիվանդանոցից եւ տեղափոխվեց տուն: Նշեմ, որ երկրորդ նախագահը կրկնակի վիրահատության էր ենթարկվել: Առաջին վիրահատությունը իրականացվել էր մեկ տարի առաջ, սակայն ոչ պատշաճ վերականգնողական բուժում անցկացնելու արդյունքում նախագահի մոտ առաջացել էր փոքրիկ բարդություն: Ինչի հետեւանքով նախագահ Քոչարյանը վիրահատվեց երկրորդ անգամ, եւ որպեսզի չկրկնվի նույն պատմությունը, մենք ստիպված էինք նրա վերականգնողական բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում: Առավել եւս, որ կար նաեւ վարչական դատարանի որոշումը, որ մինչ համաճարակի ավարտը պարոն Քոչարյանը պետք է մնա հիվանդանոցում: Ուստի կենտրոնը պարտավոր էր կատարել նաեւ վարչական դատարանի որոշումը: Այժմ, պարոն Քոչարյանի կարգավիճակը հիվանդանոցում փոխեցինք ցերեկային ստացիոնարով, որովհետեւ ինքը դեռ վերականգնողական բուժման մեջ է: Ընդհանուր առմամբ, պարոն Քոչարյանի առողջական վիճակի մեջ զգալի դրական փոփոխություն կա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ