«Պուտինը գոհ է իր կառուցած համակարգից, այն ապացուցել է իր սթրեսակայունությունն իշխանափոխության պայմաններում». Պեսկովը հայտնել է ՌԴ-ում իշխանափոխության մշտական գործընթացի մասին
Արխիվ 16-20Ռուսաստանում տեղի է ունենում իշխանությունում ռոտացիայի մշտական գործընթաց, և «դա չնկատելն արդարացի չէ», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է vedomosti.ru-ն։
Նրա խոսքով՝ «Վլադիմիր Պուտինը գոհ է իր կառուցած համակարգից, այն ապացուցել է իր սթրեսակայունությունն իշխանափոխության պայմաններում»:
Մեկնաբանելով Պուտինի՝ ՌԴ գործող նախագահի հնարավոր հետնորդներ որոնելու հայտարարությունը, Պեսկովը նշել է, որ «սահմանադրական բարեփոխումների հիմնական մոտիվացիան բոլորովին կապ չունի նախագահի փոփոխականության կամ անփոփոխելիության հետ»։ Պեսկովի խոսքով՝ մարդիկ, որոնք գալիս են պետական ծառայության, «առաջնորդվում են շատ ավելի բարձր նկատառումներով», օրինակ՝ ծառայել հայրենիքին և աշխատել պետության համար։
Ավելի վաղ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Պուտինը հայտարարել էր Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման կարևորության մասին, որը զրոյացնում է նրա նախագահական ժամկետները և թույլ է տալիս առաջադրվել նոր ժամկետով: Նա չի բացառել, որ այդ փոփոխությունների ընդունման դեպքում կօգտվի իրեն ընձեռված իրավունքից։ Պուտինը հայտնել է, որ եթե փոփոխությունը չընդունվի, ապա երկու տարի անց «նորմալ, ռիթմիկ աշխատանքի փոխարեն» իշխանության մեջ կսկսվի հետնորդների որոնումը:
Երկրի գործող սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահի պաշտոնավարման երկու անընդմեջ ժամկետից ավելի ժամկետ, սակայն համապատասխան սահմանադրական ուղղում անելուց հետո, գործող ղեկավարը կկարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: