Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրեր, բայց բանտախցից. Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ այս կորոնավիրուսային խայտառակության համար ե՛ւ աշխարհի մասշտաբով, ե՛ւ երկրում իրավիճակի առումով պատասխանատու են միայն ու միայն Փաշինյանն անձամբ, իր առողջապահության նախարարն ու ամբողջ իշխանությունը: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք TV»-ի զրույցը նրա հետ:
- Պարոն Բաբուխանյան, արտակարգ դրությունը երկարաձգվեց եւս մեկ ամսով, իսկ կորոնավիրուսով վարակվածների ու մահերի թիվն օր օրի շարունակում է աճել: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ակնհայտ է, որ այս իշխանությունն առնվազն ոչ կոմպետենտ է: Ինչպես հիշում եք, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի, այս իշխանությունը զբաղված էր հանրաքվեի վերաբերյալ թռչկոտելով, միտինգներ կազմակերպելով, մետրոյում բուկլետներ բաժանելով եւ այլն: Այսօր էլ չկա որեւէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի կորոնավիրուսի դեմ պայքարին: Ուրիշ երկրներում կառուցում են նոր հիվանդանոցներ, բանակի միջոցով կառուցվում են հոսպիտալներ: Մինիմալն եմ ասում` փողոցում, կանգառներում, մուտքերում, խանութներում ընդհանրապես չի կազմակերպվում անգամ ախտահանում: Տրանսպորտի վիճակը խայտառակ է, այսպիսի տրանսպորտով չեղած տեղը կորոնավիրուս կառաջանա, երբ մարդիկ խցկված են երթեւեկում ու չկան նորմալ ավտոբուսներ, որտեղ հնարավոր կլիներ պահպանել միմյանցից հեռավորություն: Կորոնավիրուսը խնդիր է դարձել այս իշխանությունների խայտառակ անգործության, իսկ որոշ դեպքերում՝ կասկած կա, որ միտումնավոր գործողությունների հետեւանքով: Այն նախարարը, որն այսօր զբաղեցնում է առողջապահության նախարարի պաշտոնը, նախկինում Հայաստանում զբաղված էր հակապետական, հակազգային «Գարդասիլ» ծրագրով, որը միջազգային մաֆիայի միջոցով տարբեր երկրներում հանգեցրել է խայտառակ իրավիճակների ու մահերի:
- Ամեն դեպքում, այսօրվա իրավիճակի համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արդեն ներողություն է խնդրել` ընդունելով, որ, իսկապես, եղել են բացթողումներ…
– Նա պետք է ներողություն խնդրեր, բայց բանտախցից, որովհետեւ, որպես նախարար, սկզբից միտումնավոր կազմակերպել է անգործությունն իր համակարգի, ոչնչացրել է լավագույն կադրերին, հեռացրել է աշխատանքից լավագույն փորձված մեր բժիշներին, առողջապահության համակարգի ղեկավարներին, որոնք տասնյակ տարիների կազմակերպչական եւ պրոֆեսիոնալ փորձ ունեին: Իսկ նրանց տեղը բերել է չգիտեմ ում բարեկամ-ծանոթներին, անփորձների: Սկսել է փակել բուժհիմնարկները, ոչնչացնել բուժկառույցները՝ ՁԻԱՀ-ի հիվանդանոցը, ծննդատներ եւ այլն: Եվ ամենամեծ խայտառակությունն այն է, որ պարզվեց՝ այսքան ծանր վիճակում, երբ մարդիկ չեն կարողանում նույնիսկ ստանալ թեստավորում, էլ չեմ ասում` բուժօգնություն, բազմաթիվ կլինիկաներում, որտեղ կային մեծ հնարավորություններ, բայց իրենց ծանոթ-բարեկամների կլինիկաները չէին՝ թե՛ մասնավոր, թե՛ համալսարանական, այնտեղ հիվանդների բուժում չի իրականացվում: Այսինքն՝ այստեղ եւս կոռուպցիա կա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.