Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը
Արխիվ 16-20«Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինստագրամյան ուղիղ եթերում պատասխանելով Հայաստանի մարզերը ներկայացնող երիտասարդների տարաբնույթ հարցերին, անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինին և նրան, թե ինչպես է անցկացնում ժամանցն այդ հատվածում:
«Դժվար էր այս 2 ամսում, պետք է տանը փակված մնայինք ու դուրս չգայինք: Բոլորիս համար նոր փորձություն էր, շատ դժվար է տանը նստելը, երբ կարող ես դուրս գալ, գնալ մարզումների կամ տեսնել ընկերներին: Ինձ համար էլ դժվար էր, բայց փորձում էինք լավ տրամադրություն ունենալ, քանի որ, հասկանալով այս դժվարին իրավիճակը, պետք է հանգիստ մնայինք ու սպասեինք, մինչև ամեն ինչ կշտկվեր:
Շատ գրքեր կան, որ կարող եմ խորհուրդ տալ կարդալ: Բայց վերջին շրջանում այդքան էլ հաճախ չեմ կարդում: Վերջին ժամանակներս ավելի շատ Netflix-ով սերիալներ և ֆիլմեր եմ դիտում: Սովորելու շատ բան կա: Ներկա պահի դրությամբ դիտում եմ The Last Dance («Վերջին պարը»՝ խմբ․) սերիալը, որը «Չիկագո Բուլս» բասկետբոլային թիմի ու Մայքլ Ջորդանի մասին է: Խորհուրդ կտամ դա դիտել: Կարծում եմ՝ այն կմոտիվացնի բոլոր նրանց, ովքեր ունեն նպատակ: Նրանց այդ սերիալը կարող է շատ օգնել առաջադիմելու մասով:
Չկա այնպիսի մարզաձև, որ ինձ ավելի շատ հետաքրքրի, քան ֆուտբոլը: Կան մարզաձևեր, որոնք ցույց են տալիս հեռուստացույցով, և ես հետևում եմ, օրինակ՝ թենիս, բասկետբոլ և այլն: Դրանք դիտում եմ հետաքրքրության համար: Շատ հետաքրքիր բաներ կարող ես տեսնել և օգտագործել քեզ համար:
Ֆուտբոլից զատ, ընդամենը մեկ օր հաճախել եմ թենիսի, դա եղել է առաջին և վերջին անգամը: Նախապես մեծ ցանկություն չունեի այդ մարզաձևով զբաղվելու, բայց քույրս էր գնում թենիսի: Իսկ ես, հաճախելով մեկ օր, ասացի, որ դա իմը չէ»,- ասել է Մխիթարյանը: