Արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հանապազօրյա հացի խնդիր ունեն՝ բժշական կենտրոնների ղեկավարները ազատվում են 65 եւ ավել տարիք ունեցող բուժաշխատողներից
Արխիվ 16-20Նախօրեին <<Իրավունք>> թերթի խմբագրություն են ահազանգել Կոտայքի մարզի տարբեր բուժաշխատողներ, ովքեր բարձրաձայնում էին, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հանապազօրյա հացի խնդիր լուծելու առաջ են կանգնած՝ մարզի բժշական կենտրոնների ղեկավարները ազատվում են 65 եւ ավել տարիք ունեցող բուժաշխատողներից՝ պատճառաբանելով, որ իրենց պետք է փոխարինեն նոր, երիտասարդ կադրերը: Ընդ որում մեզ դիմած քաղաքացիներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ այդ կերպ ազատում են աշխատանքից անգամ այն բուժաշխատողներին, որոնք ունեն պայմանագիր ընդհուպ մինչեւ 2020 թվականը ներառյալ:
Որքանո՞վ են նշված տեղեկությունները իրական նախ փորձեցինք հետաքրքրվել մարզի բժշկական կենտրոններից: Զանգահարեցինք Աբովյան քաղաքի ծննդատան գլխավոր տնօրեն Նորայր Միքաելյանին, ով փաստորեն հաստատեց մարզի բնակիչների բարձրաձայնած խնդիրը մասնավորապես ասելով.
-Գոյություն ունի ադեկվատ սերընդափոխություն հասկացությունը: Ընդհանրապես բոլոր բուժհիմնարկներում գնում է սերընդափոխություն, կադրերի թարմացում: Դա վերաբերում է թե բժշկական, թե միջին պերսոնալին, որպեսզի որակ կարողանանք ապահովվել:
-Ուզում եք ասել, որ երկար տարիներ ստաժ ունեցող բուժաշխատողներից ավելի լա՞վ որակ կարող են ապահովվել նոր, երիտասարդ կադրերը:
-Տեսե՛ք, ես նորից եմ ասում, մենք թարմացնում ենք ողջ անձնակազմը: Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են ազատվել, որոնց փոխարինել են նոր, ավելի մոտիվացված կադրեր: Դա ժամանակի պահանջն է, կոնկրետ անձանց հետ կապված խնդիր չունենք:
-Ուզում եմ հասկանալ՝ դա զուտ բկ-ի ղեկավարների՞ հայեցողությամբ է արվում, թե՞:
-Այ՛ո, տեսեք՝ հարցը հետեւյալն է: Մարզպետը բուժհիմնարկների առաջ դրել է պահանջ սերնդափոխության եւ որակ ապահովվելու համար: Թե հիմա տնօրենը ոնց է այդ որակը ապահովվում, դա արդեն տնօրենն է որոշում: Այսքանը կարող եմ ասել:
Մենք փորձեցինք նաեւ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունից պարզաբանում ստանալ, որտեղից մեզ փոխանցեցին գրեթե նույն բանը՝ ինչ ծննդատան տնօրենը. <<Կադրերի թարմացում է տեղի ունենում, նոր որակ ապահովվելու համար>>:
Ու սա այն դեպքում, երբ այսօր մարդիկ կանգնած են բազում խնդիրների առաջ, փոխարենը փորձառու բուժաշխատողներին՝ հատկապես այս շրջանում, երբ Կորոնավիրուսի դեմ իբր թե պայքար է ընթանում՝ փայփայեն՝ փաստորեն ազատվում են:
Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ