Հրազդանոմ ուսուցիչն արգելել է աշակերտին մասնակցել հեռահար դասապրոցեսին. Ի՞նչն է պատճառը
Արխիվ 16-20Ինչպես գիտենք աշխարհում նոր ի հայտ եկած կորոնավիրուսը խաթարել է մարդկային կյանքի բնականոն ընթացքը և ստեղծել մի շարք անլուծելի թվացող խնդիրներ: Երկրում հաստատված կարանտինային պայմաններում առաջնահերթ փակվեցին կրթական հաստատությունները՝ բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ: Ինչպես հայտնի է ստեղծված իրավիճակի հետևանքով կրթական հաստատություններն անցել են հեռահար ուսուցման, սակայն հեռահար ուսուցումը ոչ միայն որոշ դպրոցականների և ուսանողների դժգոհության ալիքը բարձրացրեց, այլև ստեղծեց որոշակի սոցիալական խնդիրներ, անհարմարություններ: Մեր տեղեկություններով, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը, աշակերտներից մեկին արգելել է մասնակցել հեռահար դասապրոցեսին համակարգչին կից տեսախցիկ չունենալու պատճառով: Մեր աղբյուրը հայտնում է, որ տվյալ աշակերտը չունի սմարթֆոն և օգտվում է սովորական համակարգչից, սակայն համակարգիչն էլ չունի հավելյալ տեսախցիկ: Ուսուցչուհին պատճառաբանել է, թե պետք է անպայման տեսնի երեխայի դեմքը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանն ենք հրավիրում վերոնշյալ խնդիրը և հորդորում նմանատիպ խնդիրներին շուտափույթ լուծում տալ:
Հայկ Գևորգյան