«Արաքս» թռչնաֆաբրիկան շարունակում է իր աշխատանքը բնականոն հունով
Արխիվ 16-20«Արաքս» թռչնաֆաբրիկան շարունակում է իր աշխատանքը բնականոն հունով․
Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում և հարևան երկրներից շատերում հայտարարված արտակարգ դրությունը շարունակվում է: Սահմանված սահմանափակումները բազմաթիվ խնդիրների պատճառ են դարձել արտադրող ընկերությունների համար, որոնցից մեկը «Արաքս» թռչնաֆաբրիկան է:
Ընկերությունը, որն արտադրում է հավի միս և սեղանի ձու, խնդիրներ է ունեցել թռչնի մայրական հոտի ներկրման հետ կապված:Ստեղծված իրավիճակի և խնդրի լուծման տարբերակների մասին զրուցել ենք «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանի հետ։
-Օրեր առաջ Հունգարիայի Հանրապետությունից մեծ քանակի բրոյլեր թռչնի մայրական հոտ եք ներկրել։ Խմբաքանակը ներկրել եք Վրաստանի միջոցով
ու խնդիրներ են առաջացել ստեղծված կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Մասնավորապես՝ Թբիլիսիում արգելվել է տեղաշարժը, ինչը խանգարել է խմբաքանակի տեղափոխմանը։ Կներկայացնեք ինչպե՞ս եք իրավիճակից դուրս եկել։
-Հունգարիայից պետք է մայրական հոտի ճտեր բերեինք Հայաստան, բայց կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Հունգարիայից տեղափոխել էինք օդային ճանապարհով Վրաստան, իսկ այնտեղից Հայաստան բեռնատարներով պետք է տեղափոխվեր։ Վրաստանում պարետային ժամ կար՝ 21:00-ից մինչև առավոտյան 6: 00-ն և մենք չէինք կարողանում իրականացնել փոխադրումը։
Դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմին միջնորդելու համար, որպեսզի կարողանանք փոխադրել, և մեկ օրում ստացանք անհրաժեշտ աջակցությունը: Վարչապետի աշխատակազմը դիմել էր Վրաստանի վարչապետի աշխատակազմին և ստացել անհրաժեշտ թույլտվությունը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում վարչապետի աշխատակազմին արագ արձագանքման և աջակցության համար:
-Ի ՞նչ քանակի մայրական հոտի մասին է խոսքը և արտադրանքը որակական ի՞նչ հատկանիշներ ունի։
-Քանակի մասին չբարձրաձայնեմ , դա նաև կոմերցիոն գաղտնիքն է, սակայն կարող եմ ասել, որ բավականին ժամանակ սպառողին կապահովենք թարմ ու որակյալ հավի մսով: Ընկերությունը մշտապես աշխատում է ավելացնել արտադրությութան ծավալները՝ ընդլայնելով առաջարկվող արտադրանքի տեսականին։
-Ո՞րն է Ձեր թռչնաֆաբրիկայի հաջողության գրավականը:
- Ընկերության հաջողության գրավականը թռչնաբուծարանի ժամանակակից սարքավորումներն ու վերամշակող լավագույն տեխնոլոգիաներն են, ինչպես նաև, կեր արտադրող սեփական գործարանն ու լաբորատորիան:
-Էլ ի՞նչ աշխատանքներ կամ ծրագրեր կան, որոնք տուժել են Արտակարգ դրությունով պայմանավորված:
-Այս պահին ընթանում է նաև Հայաստանում առաջինն ու միակն իր տեսակի մեջ ինկուբատորային գերժամանակակից արտադրամասի կառուցումը, որը նախատեսված է ածան հավերի մեկ օրեկան ճուտ ստանալու համար: Իր հզորությամբ կարող է ապահովել ՀՀ-ում պահանջվող ճտերի պահանջարկն ամբողջույամբ:
Շինարարության ավարտը նախատեսվում է մայիս ամսվա վերջում կապված վիրուսների հետ : Մենք ամեն բան անում ենք, որ ստեղծված իրավիճակում ձգձգումներ չլինեն՝միաժամանակ պահպանելուվ սահմանված կարգ ու կանոնը:
-Քանի՞ աշխատատեղ կապահովի արտադրամասը:
-Ստեղծվելու է 50-60 աշխատատեղ:
-Կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապած շատ աշխատատեղեր փակվել են, որոշ գործատուներ էլ կրճատել են աշխատակիցների քանակը։ Ձեզ մոտ ինչպիսի՞ն է իրավիճակը։
- Աշխատակիցների հետ կապված մեզ մոտ փոփոխություն չի եղել։ Որոշ աշխատակիցների աշխատանքները կազմակերպվել է հեռահար,կատարել ենք որոշակի փոփոխություններ աշխատանքների կազմակերպման առումով: Հնարավորինս սահմանափակել ենք շփումները: Մենք աշխատում ենք նույն ռեժիմով և պատրաստ ենք Զատկի տոնին ընառաջ ապահովել ՀՀ բնակչությանը հավկիթով:
- Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել աշխատակիցների տեղափոխման և վիրուսով վարակումից զերծ պահելու համար։
- Մենք սննդի արտադրության ոլորտում ենք աշխատում, և անկախ նոր տեսակի վիրուսի տարածումից, մենք միշտ կատարել են ախտահանման աշխատանքներ: Աշխատակիցների տեխափոխումն իրականացնում ենք ավտոբուսներով, որոնք ամեն օր ախտահանվում են՝ օրը երկու անգամ, և պարտադիր մինչև տարածք մուտք գրծելը աշխատակիցները ջերմաչափվում են: Մեկ անգամ էլ օրվա ընթացքում ենք իրականացնում ջերմաչափում:Աշխատակիցներին տրամադրում ենք ձեռնոցներ ու դիմակներ, որոնք օրվա ընթացքում փոխվում են մի քանի անգամ ։