«ԶԱՆԳԱՀԱՐՈՒՄ ԵՆ, ԱՄՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՉԵՂԱՐԿՈՒՄ»
Արխիվ 16-20Ինչպես եւ ակնկալվում էր, կորոնավիրուսով պայմանավորված, Ծաղկաձորում իրենց հանգիստը անցկացնել ցանկացող զբոսաշրջիկները եւ տեղացիները չեղարկել են ամրագրումները: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին Ծաղկաձորում գործող խոշորագույն հյուրանոցներից: Մասնավորապես` «Ռոսիա» հյուրանոցի աշխատակիցը ասաց. «Սեզոնային պասիվ վիճակ կա, ընդհանուր առմամբ, բայց կորոնավիրուսով պայմանավորված, ավելի է նվազել այցելուների թիվը: Օրինակ, ունեինք մի քանի նախապես ամրագրված համարներ՝ տոնական Մարտի 8-ի օրվա համար, սակայն նախօրեին զանգահարել են եւ չեղարկել պատվերները: Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, որ զանգահարում են, ամրագրված համարները չեղարկում»: «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցի աշխատակիցն էլ փաստեց. «Վերջին երկու օրվա ընթացքում, կորոնավիրուսով պայմանավորված, ունենք այցելուների թվի նվազում: Շուրջ երեսուն տոկոսով այցելուների նվազում է նկատվում` դա այս պահի տվյալներով»:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իրավիճակը, ըստ երեւույթին, ավելի տխուր է, քանի որ այնտեղից մեզ պատասխանած աշխատակցուհին ասաց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել, որ նրանք դրա իրավունքը չունեն: Պատկերը նույնն էր նաեւ փոքր հյուրանոցներում եւ հյուրատներում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ