ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼՈՒ ԵՐԿՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Արխիվ 16-20Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի հավաքականները տարին սկսել են ակտիվ ուսումնամարզական հավաքներով, ինչպես Հայաստանում, այդպես էլ արտերկրում: Հայ բռնցքամարտիկները Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտներ են անցկանցրել Լեհաստանի ընտրանու հետ: Ստուգողական մրցելույթում, ըստ Հայաստանի հավաքականի մարզչական կազմի, մեր բռնցքամարտիկները առավելություն են ունեցել: Հավաքականի մի քանի ներկայացուցիչներ էլ Ուկրաինայի Կրիվոյ Ռոգում մասնակցել են ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալեքսանդր Ասաուլենկայի անվան միջազգային մրցաշարին:
Այսպիսով, հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են օլիմպիական վարկանիշային անչափ կարեւոր մրցաշարերի, որից մեկը կկայանա Լոնդոնում՝ մարտի 14-24-ը: Մրցաշարը համարվում է Եվրոպա աշխարհամասի որակավորում: Իսկ երկրորդը մրցաշարը կկայանա Փարիզում՝ մայիսի 13-24-ը: Ըստ մարզիչների` Հայաստանը օմիպիական խաղերում պետք է ունենա առնվազն երեք ներկայացուցիչ, իսկ արդյոք կհաջողվի՞ նվաճել բաղձալի ուղեգրերը, ցույց կտա ռինգը: Իսկ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեր մարզիկները շարունակում են նոր ձեռքբերումների հասնել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան Salita Promotions պրոմոութերական ընկերության հետ, ինչը մեր մարզիկի համար անչափ կարեւոր առաջքայլ է: «Այն գլխավորում է հենց Դմիտրի Սալիտան: Նա նախկինում բռնցքամարտիկ է եղել՝ աշխարհի գոտու համար մենամարտած: Լավ, հարուստ պատկերացում ունի բռնցքամարտի մասին: Ունի բռնցքամարտիկներ, որոնք ներկայումս աշխարհի չեմպիոն են, ունի նաեւ բռնցքամարտիկներ, որոնք այդ ճանապարհին են»,- ասում է Արամը: Salita Promotions-ն արդեն մենամարտ է կազմակերպել Արամ Ավագյանի համար: Նրա մրցակիցը լինելու է դոմինիկացի Դագուվերտո Ագուերոն, ով 15 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ նույնքան հաղթանակ է տարել: Ավագյանը, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում 9 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի ունի, ուսումնասիրել է մրցակցին. «Տեխնիկապես բավականին զարգացած բռնցքամարտիկ է: Ունի նաեւ սիրողական բռնցքամարտի հարուստ պատմություն: Ինչեւէ, ռինգը ցույց կտա»:
Մենամարտը կայանալու է ԱՄՆ-ում՝ Դետրոյթում: Մինչեւ այդ Ավագյանը մարզվելու է այնտեղ: Պատրաստվելու է տեղի մարզիչներից մեկի գլխավորությամբ, որը բրիտանացի հայտնի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիի մարզիչն է: Արամ Ավագյանն իր նախկին պրոմոութերական ընկերության Punch Boxing Promotions-ի հետ համագործակցության ընթացքում գոտի էր նվաճել՝ WBC International Silver: Այս գոտուց հրաժարվել է, քանի որ գոտու մենամարտեր կազմակերպելը մեծ ծախսեր է պահանջում, որն իրեն չէր կարող թույլ տալ: Հույս ունի, որ նոր ընկերության հետ մի քանի հաջող մենամարտերից հետո կրկին գոտու մենամարտ կանցկացնի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ